Հայաստանի ֆեդերացիայից որևէ առաջարկ մինչ այս պահը չեմ ստացել. Մարգար Աղաջանյան

Հայաստանի ֆեդերացիայից որևէ առաջարկ մինչ այս պահը չեմ ստացել. Մարգար Աղաջանյան

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը երեկ լրատվականներից մեկին տված հարցազրույցում խոսել էր նաև այն մասին, որ Մարգար Աղաջանյանը հետ քննարկել են նրա` հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին նշանակելու հարցը։ Հիշեցնենք` Մարգար Աղաջանյանն Իրանի ազգային հավաքականի նախկին մարզիչն է։ «Հրապարակը» զրուցեց Աղաջանյանի հետ այս թեմայով։ 

-Պարոն Աղաջանյան, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կրկին մնացել է առանց գլխավոր մարզիչի և ի թիվս այլոց` որպես հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու շրջանառվում է նաև Ձեր անունը։ 

- Անկեղծ ասած` ես համացանցից եմ իմացել, որ որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու շրջանառվում է նաև իմ անունը։ Կարծում եմ ցանկացած հայ մասնագետի երազանքն է դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

-Դուք որպես Իրանի հավաքականի գլխավոր մարզիչի օգնական մասնակցել եք 2014, 2018, 2022 թթ Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին, հիմա ինչո՞վ եք զբաղվում։ 

- Այո, ինձ համար մեծ պատիվ է եղել շուրջ 10 տարի լինել համաշխարհային ֆուտբոլի մեծ մասնագետներից մեկի՝ Կառլուշ Կեյրուշի օգնականը։ Հիմա դեռևս ազատ եմ, բայց ակտիվ բանակցությունների մեջ եմ աֆրիկյան հավաքականներից մեկի հետ։ Առաջարկ ունեմ նաև Իրանի ֆեդերացիայից՝ գլխավորելու Իրալի օլիմպիական հավաքականը։ Այս պահին իմ ծառայություններով հետաքրքրված են նաև արաբական երկրներից մեկի թոփ լիգայի ակումբներ։

-Դուք նշեցիք ձեր ծառայություններով հետաքրքրվածների մոտավոր ցանկը, բայց չնշեցիք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, ՀՖՖ -ից Ձեզ հետ չե՞ն կապվել, չե՞ն հանդիպել, զրուցել։ 

-Ցավոք` Հայաստանի ֆեդերացիայից որևէ առաջարկ մինչ այս պահը չեմ ստացել, ֆեդերացիայի որևէ պաշտոնյա ինձ հետ չի կապվել։ Միայն մի անգամ մի անձ, որի անունը չեմ կարող նշել, ինձ հարցրեց` պատրա՞ստ եմ արդյոք մոտակա խաղերին անվարձահատույց գլխավորել հավաքականը, հետո բանակցելու պայմանով, ինքը կարող է նման առաջարկ անել ֆեդերացիայի ղեկավարությանը։ Ես պատասխանեցի, որ փողը չէ կարևորը, ես միշտ պատրաստ եմ եղել ու պատրաստ եմ ծառայել հայրենիքիս։ Բայց, մինչև օրս որևէ շարունակություն այդ խոսակցությունը չի ունեցել, ֆեդերացիայի ղեկավարությունից որևէ մեկի հետ որևէ զրույց չի եղել։ 
Ես եմ շնորհակալ, որ դուք մտահոգ եք հայկական ֆուտբոլով։ Ձեր լրատվամիջոցի հետևորդներից եմ և մաղթում եմ Ձեզ անխափան աշխատանք և հայկական ֆուտբոլին փայլուն ապագա: