Հայաստանն այսպես երկար չի կարող ձգել` մի օր փլուզում է լինելու, այն էլ՝ շատ դաժան

Հայաստանն այսպես երկար չի կարող ձգել` մի օր փլուզում է լինելու, այն էլ՝ շատ դաժան

Եկեք մի փոքր ավելի հանգամանորեն քննարկենք, թե ինչու ԱՄՆ ամենահայտնի եւ աշխարհի ամենահարուստ մարդը համաձայնեց նշանակվել ԱՄՆ Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի ղեկավար: Ինչ է` Մասկն ուրիշ անելիք չունե՞ր, թե՞ նրան պաշտոն էր պետք ինքնաիրացման, ինքնադրսեւորման համար, ասենք` երազում էր սեփական աշխատասենյակ ունենալ, ծառայողական մեքենա ու սուրճ դնող քարտուղարուհի, իսկ որ ամենակարեւորն է՝ պետական միջոցներից գողանալու եւ հարստանալու հնարավորություն: Մասկը՝ որպես ԱՄՆ ամենահարուստ եւ ամենախոշոր գործարար, ուզում է փրկել ԱՄՆ-ն, ամերիկյան տնտեսությունը, որը վերջին 20-25 տարիներին անընդհատ գահավիժում է, եւ անկման տեմպերը տարեցտարի ահագնանում են: ԱՄՆ բյուրոկրատիան եւ բյուրոկրատական մեքենան, որն անընդհատ ուռճացել է, ինքնապահպանման բնազդից ելնելով` ընդդիմանում է, բայց միայն այն փաստը, որ ԱՄՆ վերնախավը հասկացավ, որ երկիրը չի կարելի թողնել Ջո Բայդենի կամ Քամալա Հարիսի նման քաղաքական գործիչների հույսին, ովքեր ամերիկյան բյուրոկրատիայի տիպիկ ներկայացուցիչներ են, այլ պետք է գործի գլուխ կանգնեցնել մարդկանց, ովքեր տնտեսության իրական հատվածի` արդյունաբերության, արտադրության, շինարարության գիտակներ են, խոսում է այն մասին, որ այլեւս ձգելու տեղ չկար: Այլեւս հնարավոր չէր ապրել հին ձեւով` ձեւ անել, թե ԱՄՆ-ն աշխարհի ամենաուժեղ եւ հզոր երկիրն է, որ նրա առաջնորդությանը ոչինչ չի սպառնում, կարող է անհաշիվ դոլար տպել ու դրանք շաղ տալ աշխարհով մեկ՝ դրանով կերակրելով տեղական տնաբույծ ամերիկասերներին: ԱՄՆ տնտեսությունն այլեւս նախկինը չէ` այն չէր կարողանում դիմանալ այդ ծանր բեռին: 

1945 թվականին ԱՄՆ տնտեսությունը կազմում էր համաշխարհային տնտեսության 52 տոկոսը, այսինքն՝ ԱՄՆ-ն ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ էր ստեղծում, քան աշխարհի մյուս երկրները միասին: 80 տարի հետո այդ ցուցանիշը հասել է 14 տոկոսի, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի: Բայց դրա փոխարեն ԱՄՆ-ն հանդիսանում է աշխարհում ստեղծվող ապրանքների եւ ծառայությունների 30 տոկոսի սպառողը: Սա նույնն է, որ մարդ ստանա հազար դրամ աշխատավարձ, բայց ծախսի 2 հազար, եւ դա՝ տարիներ շարունակ: Սովորական մարդու դեպքում դա անհնար է, որովհետեւ ոչ մեկը չի կարող տասնամյակներ շարունակ պարտք վերցնել, իսկ ԱՄՆ-ն առայժմ կարողանում է` դոլար է տպում, դա գրանցում որպես պետական պարտք, այդ թղթով ամբողջ աշխարհում գնում ապրանքներ եւ ծառայություններ: Թրամփը եւ Մասկը հասկանում են, որ սա հավերժ չի կարող շարունակվել, չի կարող ԱՄՆ-ն անվերջ դոլար տպել եւ դրանով ապրանքներ գնել: Մի պահ կարող է այնպես ստացվել, որ ԱՄՆ-ն ոչինչ չստեղծի, ոչինչ չարտադրի, բացի դոլարից, դոլար տպի եւ դրանով ապրանքներ եւ ծառայություններ գնի, մի բան, որն անհնար է: Բյուրոկրատիան դա չի հասկանում, ըստ բյուրոկրատների, քանի դեռ գործող համակարգն աշխատում է, պետք է օգտվել դրանից: Գործարարները չեն կարող չհասկանալ եւ չտեսնել, որ այս փուչիկը մի օր պայթելու է, եւ դա կարող է ոչնչացնել երկիրը, իրենց ու իրենց ունեցվածքը: Մանավանդ որ աշխարհի բազմաթիվ երկրներ միավորվում են՝ դոլարի գերությունից ազատվելու համար: ԲՐԻԿՍ-ի ստեղծման եւ գոյության միակ իմաստը դոլարին այլընտրանք ստեղծելն է. դրա շուրջ հավաքված երկրներին այլ բան չի միավորում, քան դոլարի գերությունից ազատվելը, թույլ չտալ, որ ԱՄՆ-ն ապրի ուրիշների աշխատանքի եւ ունեցվածքի հաշվին:

«Իլոնը հիանալի աշխատանք է կատարում, նա գտնում է սարսափելի վատնում, խարդախություն եւ կոռուպցիա: Դուք դա տեսնում եք USAID-ի օրինակով, բայց դա ավելի շատ կտեսնեք այլ գործակալություններում, կառավարության այլ հատվածներում»,- օրերս Սպիտակ տանն ասել էր Թրամփը՝ ակնարկելով, որ առաջիկայում կարող են դադարեցվել այլ ծրագրերի ֆինանսավորումը, որոնց արդյունավետությունը խիստ կասկածելի է: Դրան հետեւեց Մասկի հայտարարությունը՝ «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որոնք տարեկան ԱՄՆ բյուջեի վրա նստում են մեկ միլիարդ դոլարի ծախս: Բայց սա դեռ միայն սկիզբն է:
Հիմա` ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ: Պարզ է, որ սա նշանակում է, որ Հայաստանը պետք է հասկանա` այն օգնությունը, որ տարիներ շարունակ երկիրը ստանում էր ԱՄՆ-ից, վերջանում է, ԱՄՆ-ից ֆինանսական կամ նյութական այլ օգնություն ակնկալելն այլեւս անիմաստ է, եթե, իհարկե, որեւէ արտառոց աղետ կամ նման մի այլ բան չլինի: Բայց հիմա հարցն այլ բանի մասին է: Հայաստանում եւս իշխանությունը գտնվում է ֆինանսական բյուրոկրատիայի ձեռքին, որոնք սիրում են ոչնչից փող շինել: Ասվածի մեջ համոզվելու համար բավարար է նայել կառավարության կազմին` երկու փոխվարչապետերը ֆինանսական բլոկի ներկայացուցիչներ են, ոչ մի կապ չունեն տնտեսության իրական հատվածի հետ եւ սպասարկում են ֆինանսաբանկային կապիտալի շահերը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եւս բանկերի սիրահար է, նա տնտեսությունից ոչինչ չի հասկանում, բայց փող շատ է սիրում, իսկ նրան բացատրել են, որ փողը բանկերում է: Դրա համար հաճույքով երկրի բյուջեի գումարները նվիրում է բանկերին: Կասկած չկա, որ գործարքը փոխադարձ շահավետ է. բանկերն իրենց բաժինն են տանում, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը` իր բաժինը: Տուժում է Հայաստանը, բայց Հայաստանը ե՞րբ չի տուժել որ: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում է մեկը, որը ոչ թե նախարարի, այլ ուլի կարգավիճակ ունի, այսինքն՝ երկրի տնտեսական քաղաքականության որոշումների հետ որեւէ առնչություն չունի, Նիկոլ Փաշինյանը նրան գործի է դրել, ինքն էլ ամեն առավոտ գնում է գործի` հետ գնում տուն: 

Բոլորը հասկանում են, որ Հայաստանն այսպես երկար չի կարող ձգել, որ մի օր փլուզում է լինելու, այն էլ՝ շատ դաժան: Բայց քայլ անող չկա: Հայաստանում ո՛չ Թրամփ կա, ո՛չ էլ Իլոն Մասկ, որոնք իրենց վրա կվերցնեն երկրի կառավարման արդյունավետության բարձրացման հարցը եւ լուծումներ գտնեն: Հայաստանի գործարար համայնքի մոտ մի մտայնություն է, որ կոլեկտիվ փրկություն չկա, այսինքն՝ իմաստ չունի մտածել Հայաստանի փրկության մասին, յուրաքանչյուրը մտածում է իր ունեցվածքը, իր կապիտալը փրկելու մասին, մեկը ունեցվածքն Արաբական Էմիրություններ է տեղափոխում, մյուսը` Վրաստան կամ հենց նույն ԱՄՆ: Գտնում են երկրներ, որոնց ղեկին տիրոջ պատասխանատվություն, հոգատարություն ունեցող մարդիկ են, ոչ թե օրվա կուրսով ապրող թալանչիներ կամ կիսախելագարներ: