Ալավերդցուն բռնության ենթարկելու թեման բերդում և բերդից դուրս

Ալավերդցուն բռնության ենթարկելու թեման բերդում և բերդից դուրս

«Նուբարաշենի» կալանավոր, Ալավերդու հեղինակություն Վահագն Աբգարյանին փետրվարի 25-ին խցում բռնության ենթարկելուց հետո արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, եւ իր մոտ այդ թեմային նվիրված խորհրդակցություն անցկացրեց։ Նաեւ կադրային որոշ փոփոխություններ կատարվեցին կալանավայրերում։ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանին այս դեպքից 7 օր անց տեղափոխեցին «Գորիս», «Գորիսի»  պետը տեղափոխվեց Երեւան, նշանակվելով «Նուբարաշեն» ՔԿՀ պետ։

Ինչպես հայտնի է, Վահագն Աբգարյանը ծեծի է ենթարկվել գողականների կողմից, ըստ որոշ տվյալների, նաեւ դանակահարվել է, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է խստացված հսկողության պայմաններում։

Միջադեպի առնչությամբ երեկ հաղորդեցին, որ քրեական գործ է հարուցվել․ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ ձեռք բերված տվյալների, 2020 թվականի փետրվարի 24-ի երեկոյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ապօրինի դուրս է բերել իր խցից եւ ուղեկցել մեկ այլ հարկաբաժնի խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ եւ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»։

«Հրապարակի» հարցերին, թե արդյոք արդարադատության նախարարը զբաղվե՞լ է միջադեպով, եւ ինչո՞ւ են «Նուբարաշենի» պետին ազատելու փոխարեն տեղափոխել այլ, ավելի հեռու հիմնարկ, նախարարության մամուլի պատասխանատու Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց․ «Նախարար Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ, այդ թվում՝ նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի հետ եւ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գրանցված միջադեպին: Նախարարը որոշումները կայացնում է՝ խորհրդակցելով ՔԿԾ պետի հետ՝ ելնելով կոնկրետ իրավիճակների առանձնահատկություններից»։

Դեպքի մասին երեկ ասուլիսի ժամանակ խոսել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը, շեշտելով այն, որ դրանից 7 օր անց Քրեակատարողական ծառայությունը հաղորդեց, որ ծեծն ուղղորդված ու կազմակերպված է եղել արտերկրում բնակվող բարձրաստիճան աստիճանավորի կողմից։ Խոսքն Ալավերդցի Վահագի հետ խնդիրներ ունեցող Արման Կալուժսկու մասին է։ «Պարզել են, որ օրենքով գողն արտերկրում է, եւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչպես է նա արտերկրից ուղղորդում, կազմակերպում սպանության փորձ կամ հարձակում անձի նկատմամբ, որը գտնվում է պետության հսկողության ներքո»,- հայտարարել է Սաքունցը։

Նա կարծում է, որ կալանավայրի պետը տեղյակ է եղել գողականների կողմից ծրագրված եւ իրականացվող հաշվեհարդարից, ունի հիմքեր կարծելու, որ «Նուբարաշենի» պետը գիշերով տեղափոխել է Աբգարյանին առանձին խուց, ապա այնտեղ են բերվել «գողականները» եւ ծեծի ենթարկել ու դանակահարել Աբգարյանին։

Սաքունցը նաեւ հիշեցրել է Աբգարյանի գործը՝ նրա հիմնական մեղադրանքն իր համաքաղաքացի Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելն է, որը քննել է Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Աբգարյանի նախկին փաստաբան Հակոբ Ճարոյանը բազմիցս միջնորդել է, որ իր պաշտպանյալին տեղափոխեն այլ կալանավայր, քանի որ վերջինս վտանգ է զգացել հայտնի հեղինակությունից, սակայն միջնորդությունը չի բավարարվել։ Դատախազության պահվածքը հեղափոխությունից հետո էլ չի փոխվում՝ եզրակացրել է Սաքունցը, ինչին արդարադատության նախարարությունը հակադարձել է, թե այս պնդումները որեւէ աղերս չունեն օբյեկտիվ իրականության եւ դեպքի փաստական հանգամանքների հետ։

«Բանախոսը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը մեղադրել է տեւական ժամանակ կալանավորված անձ Վ. Ա․-ի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու, այն է` նրա անվտանգության ապահովման հարցում անգործություն դրսեւորելու մեջ, մինչդեռ Վ. Ա․-ն, 2018 թ․ հունվարի 20-ից հանդիսանալով «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, 2019-2020 թթ․ ընթացքում թե՛ անձամբ եւ թե՛ իր պաշտպանների, հարազատների կամ այլ անձանց միջոցով երբեք չի բարձրաձայնել քրեակատարողական հիմնարկում իրեն սպառնացող որեւէ վտանգի մասին։ 2020 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Վ. Ա․-ն հայտարարել եւ պնդել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է սայթաքելու եւ վայր ընկնելու պատճառով։ Հատկանշական է, որ մինչ այս պահն էլ Վ. Ա.-ի կողմից հակառակի մասին վկայակող տեղեկություններ չեն բարձրաձայնվում, անգամ նրա պաշտպաններն են հերքում, որ Վ. Ա․-ն տվյալներ է հայտնել իրեն ծեծի ենթարկելու մասին»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում։

Ալավերդցուն բռնության ենթարկելու վերաբերյալ տարբեր վարկածներ են պտտվում։ Դրանցից մեկով, օրինակ, նրան ծեծել եւ դանակահարել են՝ պատժելով «գողական պռագոնը» խախտելու համար։ «Պռագոնը» քրեական ժարգոնով նշանակում է ընդունված կանոններ։

Մեր տվյալներով, «Նուբարաշենի» նախկին պետ Սամվել Մկրտչյանն անձամբ է բացատրել Աբգարյանին, թե ինչու են իրեն պատժում։ «Գիշերն են տեղափոխել ադինոչնիից գողերի կամեր, պետն էլ կամերի դռան մոտ կանգնած ա եղել, սրան որ սկսել են խփել, պետին ասել ա՝ բ-ի տղա, բերել ես ստեղ, որ ինձ սպանե՞ն, պետն էլ ասել ա՝ գողերը պռագոն ունեն հետդ, քֆուր ա տված եղել գողերին»,- պատմեց մեր աղբյուրը։ Ըստ մյուս տեղեկացվածի, Ալավերդցի Վահագը ոչ թե քֆուր է տվել, այլ այլ կոնկրետ կանոն է խախտել՝ խցում մարդ է ծեծել։ «Խցում մարդ ծեծել չի կարելի, բարձր խոսալ չի կարելի, մարդուն ստիպողական ղումար խաղացնել չի կարելի»,- «պռագոնի» կանոնները բացատրեց այս աղբյուրը։

Ամեն դեպքում փաստ է, որ Վահագն Աբգարյանի դեմ փետրվարի 25-ին կազմակերպված բռնությունը հինգերորդ մահափորձն է նրա դեմ, եւ նրա անվտանգությունը կալանավայրում ապահովված չէ։