Նախարարն ասում է՝ պահպանում ենք, մյուսներն ասում են՝ կորցնում ենք

Նախարարն ասում է՝ պահպանում ենք, մյուսներն ասում են՝ կորցնում ենք

«Խնդիրն այստեղ այն է, որ պետք է նայենք, թե ինչքանով էր որակյալ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, ինչ էր տալիս այն աշակերտին։ Եվ եթե անկեղծ լինենք, ապա առարկան կարծես թե երկրորդական պլանում էր, եւ միգուցե սրանով մենք ավելի կարեւորենք «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի դերը՝ պատմության եւ գրականության հետ ինտեգրելով»,- ասում է թիվ 198 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ, պատմաբան Սարգիս Խաչատրյանը, ով դրական է համարում, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան միացվել է հայոց պատմությանը։ «Կարելի է բովանդակային մասի կարեւորագույն բաները պահպանելով՝ նորից դասավանդել, քանի որ, որպես առանձին առարկա, այն անդրադարձը չուներ աշակերտի մոտ, ինչը կլինի պատմության, գրականության հետ համեմված»։  

Ս․ Խաչատրյանը կարծում է, որ այս փոփոխությունից հետո կոմպետենտության հարց չի առաջանա, քանի որ 2021-22թթ․ կլինեն վերապատրաստումներ․ «Այո, կարող են լինել մասնագիտական հարցեր, որ հայոց պատմության ուսուցիչը չի տիրապետում, բայց դրա համար կան վերապատրաստումներ, որը կլուծի այդ հարցը։ Ի վերջո, դրանք նույն պատմության ուսուցիչներն էին, ովքեր դասավանդում էին եկեղեցու պատմություն»։   

Մասնագետներից շատերի կարծիքով, առարկայի վերջնարդյունքները պատմությունից շատ հեռու են տանում աշակերտին, ինչի հետ համաձայն է Խաչատրյանը․ «Ներկայացված նախագծի վերջնարդյունքը մի փոքր բարդ է, օրինակ՝ շատ բաներ կան, որ առաջին կուրսում ուսանողը դա կիմանա, ավագ դպրոցում ծանրաբեռնելու իմաստը ո՞րն է, բայց համամիտ եմ նաեւ նրա հետ, որ կենտրոնական բաներ կան, որ պետք է ավագ դպրոցի աշակերտը ծանոթանա, վարժվի, թե ինչպես են նախագծային աշխատանքներ արվում, ինչպես կարելի է վերլուծություն անել, ինչպես կարելի է մեդիագրագիտություն ունենալով՝ տարբերակել լուրերը, անել եզրահանգումներ։ Վերջնարդյունքի մասով կարծում եմ՝ կարելի է մի քիչ պարզեցնել եւ այդ նշաձողն իջեցնել։ Դա ուսուցչի, աշակերտի համար էլ ինչ-որ մասով բեռ է լինելու, եւ հարցը ոչ թե ձեւակերպումների մեջ է, այլ խնդիրը գիտելիքի, կարողությունների, հմտությունների այն ծավալն է, որ ուսուցիչը պետք է կարողանա մատուցել։ Մեկ ուրիշ խնդիր էլ կա․ մենք 2022-23թթ․ միանգամից անցում ենք կատարելու նոր չափորոշիչների, երբ 5-9-րդ դասարանի աշակերտը չի անցել այդ չափորոշիչներով։ Պատկերացրեք՝ 9-րդ դասարանի աշակերտը, որն անցել է նախորդ ծրագրով եւ հիմա փորձում է անցնել ավագ դպրոցի նոր չափորոշիչների ծրագրով, այստեղ մենք միանշանակ խնդիր ենք ունենալու, եւ ամբողջ այդ ծանրությունն ընկնելու է ուսուցիչների վրա»։

Ընդհանուր առմամբ, ըստ պատմաբանի, չափորոշիչները բավականին լավն են, հետաքրքիր, մանավորապես՝ թե ինչ քաղաքացի ենք ուզում ունենալ, բայց պետք է մի քիչ հաշվի առնել նաեւ մեր դպրոցների վիճակը․ «Եթե Երեւան քաղաքն ինչ-որ կերպ կկարողանա իր ռեսուրսներով դա իրականացնել, մարզերում, ինձ թվում է, դա դժվար կլինի»։

Ի դեպ, «Հայոց պատմություն» առարկան, որ նախկինում 6-րդ դասարանից էին ուսումնասիրում, հիմա կանցնեն արդեն 7-րդից․ «5-6-րդ դասարան նոր առարկա է մտնելու, որն ինտեգրված է լինելու այդ ամեն ինչին, իսկ բուն պատմությունը, այո՝ անցնելու են 7-րդից»։ Թե որքանով է դա ճիշտ, եւ ծրագրային մասով առարկան արդյոք չի՞ տուժի, ապա Խաչատրյանը վերջնական պատկերին դեռ չի տիրապետում, որպեսզի կարծիք հայտնի։ «Ինքնին չափորոշիչները լավն են, գլոբալ առումով 21-րդ դարի չափորոշիչներ են, լավ նպատակներ են դրված, ուղղակի պետք է կարողանանք տեխնիկական հագեցվածությունը, միջի բովանդակությունը, գործիքներն այնպիսին անել, որպեսզի իրականանա։ Ցանկացած լավ ծրագիր իրականացնելու համար դու պետք է ունենաս գործիքներ»,-ասում է նա ու հույս հայտնում, որ հաջորդ փուլերում այդ հարցերին լուծումներ կտրվեն։

Ս․ Խաչատրյանի կարծիքով, նոր չափորոշիչներում «գիտելիք» եւ «կարողություն» հասկացությունները որեւէ կերպ չեն հակադրվում իրար, հակառակը՝ փոխլրացնում են․ «Մի բան է գիտելիք ունենալը, մեկ այլ բան՝ այդ գիտելիքը կիրառել կարողանալը։ Քո ՕԳԳ-ն կլինի շատ ցածր, եթե քո իմացած գիտելիքը չես կարողանում կիրառել։ Սա է կարեւոր, այսօր ողջ աշխարհը գնում է այդ կարողությունների զարգացմանը»։         

Պատմաբան Սամվել Հակոբյանի կարծիքով, ամեն ինչ այնքան մոտավոր է ու անորոշ, որ դժվար է կարծիք հայտնել թե՛ չափորոշիչների, թե՛ առարկայացանկի մասին։ «Նախարարն ասում է՝ ամեն ինչ պահպանում ենք, ոչ մի բան չենք կորցնում, մյուսներն ասում են՝ կորցնում ենք, չի պահպանվում․․․ ու քանի որ ամեն ինչ դեռ չի իրականացվել, ոչինչ հստակ չէ։ Ես, օրինակ, չգիտեմ, թե «Հայոց եկեղեցու պատմությունը» ոնց է անցկացվելու, միգուցե ավելի լավ լինի կամ ավելի վատ՝ անհասկանալի է։ Ես կասեմ, թե որն է ճիշտ․ սովետական շրջանում դասագրքերը բազմափորձ, բազմաուսումնասիրված ձեւով էին կազմվում, ճիշտ է՝ կային բաներ, որ չէին դնում, որովհետեւ հակասովետական էին, բայց գրքի կառուցվածքն ընդգրկում էր ամեն ինչ։ Այսօր մարդը որ սովորել է սովետական պատմությունով, համարյա որեւէ բան բաց չի թողել, բացի ֆիդայական շրջանի պատմությունից, որը եթե ընդգրկվեր դասագրքի մեջ, շատ լավ կլիներ։ Հետո մի հարց էլ կա՝ եկեղեցու պատմություն ասելով՝ ի՞նչ ենք հասկանում, եթե եկեղեցու պատմությունը հայոց պատմության մի մասը չէ, ապա ի՞նչ է»,- ասում է Հակոբյանն ու խորհուրդ տալիս շատ զգույշ մոտենալ այս փոփոխությունների հետեւանքով սպասվող սոցիալական խնդիրներին․ «Մենք չպետք է նայենք, թե քանի հաստիք է կրճատվում, այլ պետք է նայենք՝ հնարավո՞ր է այդ առարկան հայոց պատմության հետ դասավանդել, թե՞ ոչ»։    

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանն էլ նշել էր, որ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն իր անվարձահատույց ծառայությունն է առաջարկում այդ աշխատանքներին, քանի որ ներկայացված նախագծում Հայոց պատմությունը ներկայացվում է ժամանակագրական բացթողումներով եւ բովանդակային աղճատումներով։ «Նման ծրագրով «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի ստեղծումը ոչ միայն չի նպաստի հայրենասեր սերունդ դաստիարակելու գործին, այլեւ աշակերտների մոտ կարող է հակակրանք առաջացնել առարկայի նկատմամբ։ Ամբիոնը գտնում է, որ ներկայացված ծրագիրը ենթակա չէ կոսմետիկ շտկումների ու խմբագրման։ Այն պետք է լիովին մերժել եւ ստեղծել նորը՝ Հայոց պատմությամբ զբաղվող գիտաուսումնական հաստատությունների երաշխավորած մասնագետների մասնակցությամբ»։