Լիլիթին գիշերազգեստով ու հողաթափերով առևանգել, ապա տեռորի են ենթարկել

Երեկ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում, որտեղ դատաիրավական համակարգն ու ուժային կառույցները առաջնորդվում են բացառապես երկակի ստանդարտներով, հերթական ապօրինությանն ականատես եղանք:
Օրինակ ուղիղ եթերում քաղաքացուն խոշտանգող թաղապետին չեն ձերբակալում, ոչ էլ,բնականաբար, կալանավորում, փոխարենը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մեկամսյա կալանքի ենթարկել գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Զարուհի Փոստանջյանը, որը նրա շահերն է ներկայացնում, սակայն երեկվանից նրան չեն թույլատրում ներգրավվել որպես փաստաբան՝ պատճառաբանելով, թե վկա է եղել այն գործով, որով մեղադրանք է առաջադրվել Լիլիթ Աղեկյանին, նշում է․
«Փաստաբանը, որին կանչել էր քննիչը և որը ապօրինի էր մասնակցում դատավարությանը, նոր ինձ զանգահարեց և շատ մեծ ուրախությամբ տեղեկացրեց, որ Լիլիթ Աղեկյանին մեկ ամսով կալանք են տվել։ Պատկերացնո՞ւմ եք, և այն անձը, որը ներգրավվել է որպես հանրային պաշտպան, այս անձը մասնակցել և օրինականացրել է այս ապօրինությունը։ Հանրային պաշտպանի գրասենյակին եմ ես կոչ անում՝ հետաքննել այս անձի գործունեությունը, ի՞նչ հիմունքներով է նա ներգրավվել այս գործընթացի մեջ, որի իրավունքը չուներ, որովհետև Լիլիթ Աղեկյանը նրանից հրաժարվել է, դատարանի առջև է նրանից հրաժարվել, բայց այս մարդը եկել, մասնակցել է, որպեսզի օրինականացնի դատախազ Չիչոյանի և քննիչի այս ապօրինությունները»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նա նաև նշեց, որ Լիլիթ Աղեկյանին փաստացի զրկեցին պաշտպանվելու իրավունքից, խոշտանգումներից զերծ մնալուց։ Այսօր էլ Փոստանջյանը «Հրապարակի» հետ զրույցում դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց, պնդելով, որ Աղեկյանին սարսափելի ձևով խոշտանգել են, նրա նկատմամբ տեռորիստական ակտ են իրականացրել:
Ըստ Փոստանջյանի՝ Աղեկյանն իր խնամքին ունի տարեց մայր: Չնայած այն բանին, որ մենք արդեն հասցրել ենք բազմաթիվ օրինակների ականատես լինել, օրինակ Սամվել Վարդանյանի դեպքից հետո (երբ ոստիկանների հսկողության տակ վերջինիս դաժանաբար իբրև անհայտ անձինք խոշտանգեցին), թվում է, թե հանրությունն այլևս չպետք է զարմանա ժողովրդավար հանդես եկող այս ավտորիտար ռեժիմի գործողություններից, սակայն ամեն անգամ այնուամենայնիվ օրվա իշխանություները կարողանում են մարդկանց զարմանքը հարուցել, իրենց անտրամաբանական և անօրինական գործողություններով: Ինչո՞ւմ են մեղադրում գյումրեցի լրագրողին, ի՞նչ պայմաններում են նրան ձերբակալել, ապա կալանավորել մեկ ամսով, հարցրինք Զարուհի Փոստանջյանին, նա մեզ հետ զրույցում նշեց.
«Ձերբակալել բառն անգամ այս պարագայում տեղին չէ, քանի որ տարեց մորը խնամող կին լրագրողին՝ գիշերազգեստով, հողաթափերով ոստիկանություն տանելն առևանգում է, ոչ թե ձերբակալություն: Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա ինձ թույլ չեն տալիս հստակ ծանոթանամ դրանց, սակայն մեղադրանք առաջադրվել է երկու հոդվածներով՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք և խուլիգանություն: Իսկ թե կոնկրետ ո՞րն է խուլիգանական արարքը, անհայտ է, չի կարող լրագրողական գործունեությունը համարվել խուլիգանություն: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն էլ այն է, որ մոտ մեկ ամիս առաջ դատական նիստ է տեղի ունեցել, որտեղ Լիլիթ Աղեկյանը պատասխանող կողմն է եղել: Ես դատարանում նրա ներկայացուցիչն եմ, հայցվորը՝ Արմինե Սուքիասյանը, դպրոցի նախկին տնօրեն, որը բազմաթիվ չարաշահումներ է կատարել , խոշոր չափերի յուրացում, նրա վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել, հետո վաղեմության ժամկետի պատճառով գործը կարճվել է և այլն: Այժմ այդ տիկնոջ վերաբերյալ Լիլիթը բացահայտումներ է արել, հրապարակումներով է հանդես եկել, այդ տիկինը որոշել է, որ Լիլիթն իրեն զրպարտում է, դիմել է դատարան, յոթ հայց է ներկայացրել, որից հինգը պարտվել է՝ հիմքերի բացակայության պատճառով, սակայն վեցերորդ հայցի շրջանակներում դատարանը Լիլիթից դիրքորոշում է հարցրել, նա էլ ասել է, որ դպրոցի նախկին տնօրենը կոռումպացված գող է, չարաշահումներ է արել, վերջում էլ՝ դատարանին է անվանել կոռումպացված, նշելով, որ դատարանն անցել է հայցվորի շահերը սպասարկելու գործին…. Պնդել է, որ հայցվոր կողմի համար դատարանը նպաստավոր պայմաններ է ստեղծել, անորոշ ժամանակով նիստեր է հետաձգում և այլն: Դեպքից անցել է տևական ժամանակ՝ մեկուկես ամիս, որոշել են ձերբակալել կին լրագրողին, սա բացառիկ երևույթ է, երբ Հայաստանում կին լրագրող է կալանավորվում», - ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև նշեց, որ դեռևս չեն հասկանում, թե ում կողմից է եղել Աղեկյանին կալանքի տանելու պատվերը, սակայն դրանում ներդրում ունի Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը. «Պատվերը չենք հասկանում, թե որտեղից է: Այս ընթացքում տարբեր բացահայտումեր է արել Լիլիթ Աղեկյանը: Շիրակի մարզի կրթության վարչության պետին՝ Հրայր Կարապետյանին դատապարտեցին հինգ տարի ազատազրկման, այդ գործի շրջանակներում էլ Լիլիթը տարբեր դրվագներ էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, գուցե պատվերը դրանք են տվել, բայց որ Չիչոյանի մատը խառն է, դա փաստ է, առանց իր թույլտվության, նման բաներ չէին կարող անել», - եզրափակեց Փոստանջյանը:
Կարծիքներ