Ոստիկանը, որը կարմիր բերետավոր չէր, մեղա էր գալիս, թե` մենք ևս չենք ուզում նման գործողություններ անել
Այսօր վաղ առավոտից մարդիկ Երևանի փողոցներն էին փակում, կարմիր բերետավորները եւ ոստիկանները նրանց բերման էին ենթարկում ոստիկանության բաժիններ։ «Հրապարակը» զրուցել է այսօր առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված Արթուր Ավագյանի հետ։
Մեր զրուցակիցը նշում է, որ ոստիկանության գործողությունները հակաօրինական են։ Նախ այն պատճառով, որ ինքը, որպես ՀՀ քաղաքացի չի կարողացել իրացնել իր` սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու ազատ խոսքի իրացման իրավունքը։
-Ակցիայի մասնակիցներից բոլորի՞ն են բերման ենթարկել, և ինչպիսի գործողություններ են իրականացվել կարմիր բերետավորների կողմից։
-Մենք մեր ակցիան ճանապարհ փակելով էինք իրականացնում, կլինեինք 25-ից 30 մարդ, մեզ մոտեցան 60-ից ավել բերետավորներ և սկսեցին քաշքշելով` բերման ենթարկել։ Մի տարեց մարդու էլ ծեծելով նստացրեցին ոստիկանության մեքենան։ Պատճառն այն էր, որ տեսնելով ակցիայի մասնակիցների մեջ կան նաև անչափահաս երեխաներ և բերետավորները նրանց էլ են բերման ենթարկում, տարեց մարդը սկսեց բարձրաձայն դիտողություն անել, որ չի կարելի նման ձևով վարվել այդ երեխայի հետ։ Ինձ և ևս 15 հոգու տեղափոխեցին Արաբկիրի ոստիկանության բաժին։
-Ինչպե՞ս էին վերաբերվում բաժնում բերման ենթարկված քաղաքացիների հետ։
-Պետք է նշեմ մի փաստ․ երբ մեզ նստացրեցին մեքենա, ոստիկանության աշխատակիցը սկսել էր մեղա գալ, որ իրենք ևս չեն ուզում, որ նման գործողություններ անեն, ոստիկանը կարմիր բերտավոր չէր։ Երբ հասել ենք բաժին, մեզ ուղեկցել են տարբեր սենյակներ, ամեն սենյակում 2-ից 3 քաղաքացի և սկսեցին մեզ գրանցել։ Այս պրոցեսը տևեց շատ երկար, կարծում եմ պատճառը բերման ենթարկված քաղաքացիների թիվն էր, որ չէին հասցնում գրանցել արագ։ Մեզ ներկայացվել է թուղթ, որտեղ նշված էր վարչական իրավունքի 182-րդ կետը՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մասին։ Ես ստորագրել եմ, քանի որ այն մարդիկ, ովքեր ընդդիմանում էին, ասում էին ստիպված են լինելու ավելի երկար մնալ բաժնում, մինչև իրենց տվյալները չճշտեն։
-Ձեզ մոտեցե՞լ է փաստաբան, ԱԺ պատգամավոր կամ ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակից։
-Եկել են ՄԻՊ-ից, հարցեր տվել, բայց ես չեմ ցանկացել իրենց հարցերին պատասխանել, այն պատճառով, որ այդ կառույցի իրավաչափ գործունեությանը Թաթոյանից հետո չեմ վստահում։ Իմ կարծիքով զուտ ձևական այց էր։
-Ոստիկանության այս գործողությունները ձեզ կստիպե՞ն այլևս ակցիաներին չմասնակցել։
-Ձեր այս հարցը իմ մոտ քմծիծաղ է առաջացնում։ Նման գործողությունները ինձ և իմ ընկերներին չեն կարող հետ պահել փողոցային պայքարից։ Կորցնում ենք հայրենիք, հազարավոր մեր հայրենակիցներ Արցախում ամիսներով սովամահ են լինում և ենթարկվում կոտորածի և ես Երևանում ապրելով` չեմ կարող հանգիստ նստել և լուռ հետևել այս իշխանությունների ազգակործան քաղաքականությանը։
Կարեն Քերիմյան
Կարծիքներ