Վրդովված է ոչ միայն քրիստոնյա, այլեւ՝ մահմեդական աշխարհը. Հրայր Ջեբեջյան
Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ բեմում ցուցադրված տեսարաններից մեկը, որը շատ նման էր Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիք» կտավին, շարունակում է մնալ աշխարհի հասարակության ուշադրության ու քննադատութան կենտրոնում։
Ավետարանի պատմության համաձայն, դա Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքն էր, որը նա կիսել էր իր աշակերտների հետ: Սակայն, բեմադրված այդ տեսարանում կերպարները ներկայանում են կերպարանափոխված, հակաքրիստոնեական դրսեւորումներով. ոչ Հիսուսն էր Հիսուս, ոչ էլ նրա սեղանակիցներն էին առաքյալներ: Նրանք գլոբալիստական արժեհամակարգի, սատանիստական, ԼԳԲՏ համայնքի կերպարներ էին: Ներկայացման ընթացքում մոտ երկու տասնյակ դերասաններ նստել են երկար սեղանի շուրջ, իսկ կենտրոնում կանգնած էր մի գեր, խոշորամարմին կին՝ մեծ արծաթե գլխազարդով, որը նման էր լուսապսակին, ինչպես Հիսուս Քրիստոսի սրբապատկերների վրա է: Նա ԼԳԲՏ համայքից դիջեյ և պրոդյուսեր Բարբարա Բուտչն է։ Այս կերպարը տարբեր մայրցամաքների քրիստոնյաների վրդովմունքն է առաջացրել: Հավանաբար, այս վրդովմունքը փարատելու համար խաղերի կազմակերպիչները այս տեսարանի համար ներողություն են խնդրել քրիստոնյաներից:
Ըստ բեմադրողի, բեմադրությունը ցույց է տվել ոչ թե Վերջին ընթրիքը, այլ «հեթանոսական խնջույքը» Օլիմպոսում: Խաղերի խոսնակ Էնն Դեսկամսը պնդել է, որ «որևէ կրոնական խմբի անարգելու մտադրություն չի եղել»։ Այնուամենայնիվ, քննարկումներն ու քննադատությունները շարունակվում են, իսկ մտահոգությունները՝ աշխարհի ապագայի հետ կապված, խորանում:
Այս թեմայով «Հրապարակի» զրուցակիցն է Աստվածաբանության դոկտոր Հրայր Ջեբեջյանը:
-Որպես աստվածաբան Դուք ի՞նչ կարծիքի եք, դա իսկապե՞ս աստվածաշնչյան թեմայով էր բեմադրվել, թե պարզապես նման տեսարան էր:
- Տեսարանի շուրջ տարբեր կարծիքներ կան, ոմանք համարում են, որ դա «Վերջին ընթրիքն» է: Ոմանք կարծում են, որ՝ ոչ: Ես չեմ ցանկանում շատ խորամուխ լինել վերնագրի մեջ: Սակայն այն, ինչը ներկայացվեց մեզ, աշխարհին, շատ մտահոգիչ է: Քրիստոյա ախարհը շատ վրդովված է այդ ներկայացումից: Ֆրանսիան ապակրոն երկիր է, դա հստակ է եւ եվրոպական երկրներում այսպիսիք շատ են: Բայց այն, ինչ ներկայացվեց մտահոգիչ է: Վերջին ընթրիքը քրիստոնեական աստվածաբանության մեջ խոշորագույն իրադարձություններից մեկն է, որովհետեւ վերջին ընթրիքով է, որ սկսվեց Քրիստոսի ամբողջ առաքելության իրականություն դառնալը: Վերջին ընթրիքից հետո ինքը ձերբակալվեց, խաչվեց, մահացավ եւ հարություն առավ: Այնպես որ, կարող ենք պատկերացնել, թե վերջին ընթրիքի նշանակությունը ինչ կնշանակի քրիստոնյա աստվածաբանության մեջ: Եւ այն այդ ձեւով ներկայացնելը, այլ երեույթներով, շատ մտահոգիչ է: Այն, ինչ փորձեցին իրենք անել, ես տեսա, որ փորձեցին ներկայացնել ներկա աշխարհը՝ իր այլազանություններով, տարբերություններով, իր այլասերվածություններով: Այդ աշխարհը փորձեցին կողք-կողքի դնել, որը ներկա աշխարհի ստեղծած Քրիստոսն է, որ լույս կսփռի ներկա այս մթնոլորտի մեջ: Սա իր ձեով պատգամ էր, որ փորձ արվեց տալ, օգտագործելով ներկա խաղերի հարթակը, որպեսզի նոր արժեհամակարգ ներկայացնեն համաշխարհային շրջանակներում: Ես այդպես ընկալեցի: Այդ կերպարանափոխված կերպարները ու արժեքները փոխանցվեցին՝ ամբողջովին անտեսելով ու արժեզրկելով քրիստոնեական աաստվածաբանությունը: Հիմա այստեղ է գլխավոր մտահոգությունը: Եթե ներկա օրերի աշխարհը ուզում է նոր արժեհամակարգ առաջ բերել, եւ մեզ սովորեցնել, լավ, մինչեւ այսօր այդ արժեքների համակարգը ինչ արեց համաշխարհային մակարդակի վրա. Եղբայրասիրությու՞ն բերեց, խաղաղությու՞ն բերեց, հավասարությու՞ն, ճշմարտությու՞ն կարողացավ բերել: Ո՛չ հակառակը, աշխարհը հիմա շատ ավելի խառն է, հակամարտությունների մեջ, անարդարությունների մեջ: Եթե այս նոր համակարգերը չբերեցին այս ամենը, նշանակում է, որ այն ինչ կա քրիստոնեական արժեհամակարգի մեջ, դա պետք է մեզ արդյունք տա, դա է, որ մարդկությանը կարող է եղբայրասիրության հասցնել, համակեցության հասցնել, ճշմարտության եւ արդարության հասցնել: Մարդիկ, երբ տեսան այս տեսարանները, սթափվեցին, հատկապես՝ օլիմպիական խաղերի մեջ: Օլիմպիական խաղերը շատ գեղեցին միջոցառում է եղել, այստեղ հոգին կարեւոր է: Այստեղ մեկը հաղթում է, մյուսը պարտվում: Բայց սա էական չէ, մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր ազգություններից, կենցաղներից, գալիս էին կողք-կողքի, իրար հասկանում էին: Երբ որ դու այս հարթակը օգտագործում ես այլ արժեքներ ներկայացնելու ու քարոզելու, սա խաթարում է ամբողջ մթնոլորտը: Ես կարծում եմ, որ երբ հանրությունը զայրացավ, սրա համար նրանք ներողություն խնդրեցին: Ես հանդիպեցի նաեւ ոչ քրիստոնյա անհատների, հասկացա, որ մահմեդական համայնքը նույնպես բարկացած ու մտահոգ է այս արժեհամակարգի քարոզի համար: Մահմեդական կրոնի մեջ էլ Քրիստոսն ընդունվում է որպես մարգարե, իսկ մարգարեն սուրբ է, իրենք էլ իրենց մտահոգություններն ունեն:
- Կարո՛ղ ենք ասել, որ խաղերի կազմակերպման հանձնաժողովը ձեռնոց նետեց համաշխարհային ավանդական արժեհամակարգին եւ գուժեց նոր արժեհամակարգի հաստատումն աշխարհի վրա:
- Միանգամայն ճիշտ է այդպես, ձեռնոց նետեց: Սա պարզ երեւույթյ չէր: Սա իրենք մտածել էին, եւ գիտեին: Հստակ կերպով պատգամ էր, որ փոխանցվում էր: Ամերիկայում եւ Եվրոպայում դպրոցներում քարոզ է գնում , որ երեխան մինչեւ 14 տարեկանը չպետք է իմանա իր սեռը: Սրանք մտահոգիչ երեույթներ են: Ֆրանսիան ապակրոն է եւ ներգրավված է այս ամենի մեջ:
- Կարծու՞մ եք, որ ֆրանսիական կառավարությունը տեղյակ էր այս տեսարանի մասին:
- Չեմ կարող ասել, քանի որ փաստ չունեմ: Բայց չպետք է մոռանանք, որ Ֆրանսիայի քաղաքական բեմում տարբեր կողմնորոշման մարդիկ կան: Բայց այս համաշխարհային մասշտաբի մեծության միջոցառումը 3-4 հոգի չեն կազմակերպում, դա մեծ թիմային աշխատանք է: Կառավարությունը չէր կարող տեղյակ չլինել:
- Քրիստոնյա աշխարհի արձագանքը համարժե՞ք էր կատարվածին:
- Քրիստոտնյա աշխարհը ընդվզեց, բայց քրիստոնյա եկեղեցին իր հստակ պատգամը պետք է հնչեցնի, Քրիստոնյա Եվրոպան պետք է հարցերի պատասխաններ պահանջի: Սակայն ցավոք, քրիստոնյա Եվրոպան թույլ է, քան քրիստոնյա Աֆրիկան եւ ասիական եւ այլ քրիստոնյա երկրները:
Կարծիքներ