Վարպետության դասեր՝ «ՌեԱնիմանիայի» շրջանակներում

Վարպետության դասեր՝ «ՌեԱնիմանիայի» շրջանակներում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը: 

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Բացման արարողությանը կցուցադրվի Սալվադոր Սիմոյի «Բունյուելը՝ կրիաների լաբիրինթոսում» ֆիլմը: Արարողությանը կմասնակցեն նաեւ փառատոնի հատուկ հյուրերը: Ֆիլմեր կցուցադրվեն նաեւ այլ տարածքներում: 
Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ եւ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք եւ փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում: 

Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ եւ հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին: Փառատոնի շրջանակներում, ինչպեսեւ նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ: 

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան է ժամանելու «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), ով վարպետության դաս կանցկացնի հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00-ին՝ BURO-ում: Ի դեպ, ֆիլմը եւս մեկ անգամ կցուցադրվի մեր երկրում: Հայաստան կժամանեն նաեւ պատկերապատման գրքի հեղինակ, նկարիչ եւ անիմատոր Դեշ Շոուն՝ կնոջ՝ անիմատոր Ջեյն Սամբորսկու հետ, եւ գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր-ղեկավար Գեւորգ Մուրադը (ԱՄՆ): 

Հայաստան է ժամանելու նաեւ European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա): Ոլորտի մասնագետներ՝ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա) նույնպես վարպետության դասընթացներ կանցկացնեն ՀԲԸՄ-ում: