Դու անմեղ ես, քո շրջապատն է մեղավոր

Դու անմեղ ես, քո շրջապատն է մեղավոր

Էսօր Սերժ Սարգսյանը Եռաբլուրում լրագրողների հետ շփման ժամանակ դարձյալ փայլեց իր «կիրթ» պահվածքով` մուննաթ գալով, թե « դու քեզ իրավունք ես վերապահում ինձ հարց տաս ու ընդհատե՞ս»: Լրագրողը, ի դեպ, չէր ընդհատել: Նախ մի հարց պարոն մերժելիին` ինչի դու ո՞վ ես, որ քեզ չի կարելի հարց տալ, թեկուզ մի թեթև էլ ընդհատել: Պատասխանեմ` դու մարդ ես, որը տասի տարի շարունակ ղեկավարելով մեր երկիրը` ինչքան ուժ ուներ հեռացավ սեփական ժողովրդից, այդ երկրի լրագրողներից, մարդուց ու մարդկությունից, առհասարակ: Դրա համար էլ հիմա դու նմանվել ես անտառից փախած գազանի, որը հայտնվել է մարդկանց մեջ և չի իմանում` ինչպես վարվի նրանց հետ, կամ փախչում է նրանցից, կամ հարձակվում վրաներն ու խայթում: Ու քո` այդպիսին լինելու մեջ դու շատ մեղք չունես: Քեզ այդպիսին դարձնողներն են մեղավոր` քո շրջապատը`Աշոտյանը, Շարմազամովը, Ֆարմանյանը, որը նախագահականում կուրացիա էր անում մամուլի հետ աշխատանքը, քո մամուլի խոսնակներն ու քո PR թիմը ամբողջությամբ, նաև այն թաքնված ու բացահայտ սև կարդինալները, որոնք տասը տարի շարունակ մեկուսացրին քեզ լրագրողներից, հասարակությունից, ժողովրդից` փակելով քո բոլորը դռները մեր առջև... Այո, Աշոտյանը, որը գուցե նեղանա հիմա իմ այս գրառումից, այսօր քո հետևում կանգնած էր այն նույն Աշոտյանի դեմքով, ինչ դեմքով որ երկու տարի առաջ համոզում էր մեզ, որ դու իսկապես անփոխարինելի ես, որ դու ինչ անում ես, ճիշտ ես անում...

Նրանք հիմա էլ քեզ հետ նույն կերպ են վարվում` կտրելով քեզ իրականությունից ու մարդկությունից: Այսինքն` նրանք շարունակում են վատություն անել քեզ: Դրա համար ճիշտ են ասում, որ դուք դասեր չեք քաղել երկու տարի առաջ կատարվածից ու չեք էլ քաղի` որքան էլ ձեզ մերժեն... ձեր կյանքում արժեքային առումով բան չի փոխվել, ընդամենը իշխանություն չունեք, նույն հանրապետականն եք` բառի մի քիչ դրական ու բազմաթիվ բացասական իմաստներով: Դուք այդպես էլ չիմացաք` ժողովուրդը ինչու ձեզ մերժեց, եթե հասկանայիք դա, այսօր Սերժ Սարգսյանը լրագրողների հետ այդ տոնով չէր խոսի: Ու գիտե՞ք, ավելի լավ է` ինքը ոչինչ չխոսի... դա ձեր շահերից է բխում ու մեր նյարդերից: