Բան չի փոխվել

Բան չի փոխվել

Ես դեժավյուի զգացում ունեմ՝ այս ամենը մենք տեսել ենք, արձանագրել ենք։ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների հաջորդ օրը թերթի խմբագրականում գրել էի․

«Աշխարհը հետընթաց է ապրում ամենուրեք, իշխանության են գալիս հետադիմական ուժերը, եւ դրանց շարքում մեր ՀՀԿ-ի հաղթարշավը չնչին մի իրողություն է, որի համար տխրել, ափսոսալ կամ դեպրեսիայի մեջ ընկնել չարժի։ Ի վերջո, ստիպված եմ հիշեցնել, որ ընտրությունը մեծամասնության կամքի արձանագրումն է՝ մեծամասնության հաղթանակը փոքրամասնության նկատմամբ։ Մեր «մեծամասնությունը» սիրում է, համակրում է, ընտրում է Հանրապետականին՝ Սերժ Սարգսյանով, Գալուստ Սահակյանով, Կարեն Կարապետյանով, լֆիկներով ու լիսկաներով, նովոներով ու ՍԱՍ-ի արտակներով հանդերձ։ Սրա դեմ մեր՝ փոքրամասնության ընդվզումն անիմաստ է, դեմոկրատիայի կանոնների դեմ ընդվզելուն հավասարազոր անիմաստ ջանք։ Այնպես որ, պետք է մխիթարվել նրանով, որ եթե անգամ 771 հազար մարդ կողմ է քվեարկել իշխող Հանրապետականին, առնվազն 750 հազար մարդ էլ դեմ է նրան։ Եվ ամենից լավ դա գիտի հենց Հանրապետականը՝ իր ղեկավարության հետ միասին։ Ի դեպ, հասարակությանը դեմ գնալն ու ճնշելը երբեք անպատիժ չեն մնում։ Դեռ չի մոռացվել «Սասնա ծռերի» միջադեպը, դեռ չի ավարտվել Նորքի զինված խմբավորման դատավարությունը, օրեր առաջ բացահայտվեց «Իգլայի» գործը, որոնք հենց այդ ճնշման հակազդեցությունից ծնված իրողություններ են։ Իշխանությունը բռնությունների, կաշառքի միջոցով պահել դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Իսկ վատ կառավարման, երկիրն անդունդ տանելու համար հատուցման ժամը մի օր անպայման գալիս է»։

Շարունակեմ՝ երկրի կառավարումը ձախողելու, պատերազմում պարտվելու, հազարավոր զոհերի ու Արցախի կորստի համար հատուցման ժամը մի օր անպայման գալու է։