Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ ցուցմունք տված Վահեն մտահոգ է իր անվտանգությամբ․ ոստիկանությունը չի կատարում ՔԿ-ի պահանջը

Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ ցուցմունք տված Վահեն մտահոգ է իր անվտանգությամբ․ ոստիկանությունը չի կատարում ՔԿ-ի պահանջը

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանին եւ ընկերոջը՝ Տիգրան Ասլանյանին, մեղադրանք է առաջադրվել գործարար Վահե Պարազյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Մենք տեղեկացանք, որ նրա եւ Վահե Պարազյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել։ Այս մասին  մեզ հետ զրույցում ասաց Կարապետյանի շարերի պաշտպան Արմեն Ֆերոյանը։

Պաշտպանի խոսքով՝ քննչական մարմինը ինտեսիվ քննություն է իրականացնում․ «Ավել բան չեմ կարող ասեմ Ձեզ։ Առերեսում եղել է մեկ անգամ Վահե Պարազյանի հետ։ Ես ցուցմունքների մասին չեմ կարող Ձեզ տեղեկացնել, երբ նախաքննությունը ավարտվի, կտեղեկացնենք։ Իրար նկատմամբ լարվածություն չկար, բայց այդ մասին եւս չեմ կարող բարձրաձայնել»։ 

Պարազյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալը ցուցմունքներ է տվել մի քանի անգամ, ցուցմունք է տվել նույն բաների վերաբերյալ․ «Ըստ էության դիրքորոշումային փոփոխություններ չկան։ Վահե Պարազյանի դիրքորոշումը պնդվել է բոլոր հարցաքննությունների ժամանակ եւ որեւէ կերպ մինչեւ այս պահը դիրքորոշման փոփոխություն չկա»։ Հայտնի է, որ Պարազյանն իր անվտանգությունն ապահովելու հարցով դիմել է նախաքննական մարմնին, Հովսեփ Սարգսյանը պատասխանեց․ «Եկեք բուն հարցին չպատասխանեմ․․․ համենայնդեպս, էդպիսի դիմում ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»։ Նա չցանկացավ պատասխանել, թե արդյոք դիմումը բավարարվել է։

Ավելի ուշ, Վահե Պարազյանը անվտանգության հարցի վերաբերյալ մեզ պարզաբանեց, որ իրենց դիմումը բավարարվել է, սակայն ոստիկանությունը չի կատարել իր պարտականությունը․ «Թղթի վրա ունեմ անվտանգություն գրած, բայց ոչ մի ձեւ պաշտպանված չեմ եղել Հայաստանում։ Պաշտոնապես ինձ տրամադրել են, ինձ եւ ընտանիքիս վերցնել պաշտպանության տակ, բայց ոչ մի բան չեն արել։ Ես էս վերջերս գնացել էի Ռուսաստան, դիմեցի, խնդրեցի, որ իրենք իրենց ռուս կոլեգաներին դիմեն, որպեսզի այդ պաշտպանությունը նաեւ այնտեղ կիրառեն, բայց նրանք մերժեցին՝ չգիտեմ ինչ պատճառներով։ Նորից եկել եմ Հայաստան, էդ եղել ա օգոստոսի 9-ին»։ Նա նշում է՝ ոստիկանությունից իրեն ասել են, թե չունեն աշխատակից, որը կապահովի իր անվտանգությունը․ «Ես ոնց ֆռռում եմ, որ կարող ա իմ հետ մի բան լինի, բայց ոնց որ Աստված մեզ պահապան ա։ Ոստիկանությունից ինձ ասացին՝ իրենք մարդ չունեն, որ ինձ պաշտպանի, նաեւ իրենք ծառայություն ունեն, որը վճարովի է, ես նաեւ դրան համաձայնվեցի, նա էլ ասաց, որ մենք քվոտա չունենք, մեր սաղ միլիցիաները օլիգարխներին են պաշտպանում։ Մի խոսքով՝ ինձ ոչ մեկ չի պաշտպանում»։

Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի՝ «28-ամյա երիտասարդը (Նարեկ Կարապետյան), շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու (Վահե Պարազյան) նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի  սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ եւ պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար: Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը զանգահարել է տուժողին եւ հանդիպման կանչել Երեւան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաեւ այլ անձինք, երիտասարդը, տուժողի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու եւ վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ»: