Հրաչյա Զաքոյանը չպետք է ընտրվի ռեկտոր

Հրաչյա Զաքոյանը չպետք է ընտրվի ռեկտոր

Բաց նամակ ՀՀ վարչապետին եւ Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներին

Մարտի 19-ին Ագրարային համալսարանում կայանալու է ռեկտորի ընտրություն: Թեկնածուները չորսն են` Հայկ Ղազարյան, Արեւիկ Ազիզյան, Սոնա Ծառուկյան եւ Հրաչյա Զաքոյան: Ես բազմաթիվ հարցերով եւ նաեւ մեկ այլ բաց նամակով («Հրապարակ», 13 դեկտեմբեր 2024թ․) դիմել եմ Ձեզ, ցավոք սրտի՝ չեմ ստացել որեւէ պատասխան: Նամակներս գնացել են ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից` Գիտության կոմիտե, որտեղից ստացել եմ անհեթեթ պատասխաններ:

Գուցե այժմ շրջվեք դեպի Ագրարային համալսարանը եւ ծանոթանաք, թե ինչ է տեղի ունեցել Ձեր կառավարման օրոք այս կարեւոր բուհի հետ` Ձեր ենթակաների անտարբերության, ոչ գրագետ եւ, հավանաբար, նաեւ կոռուպցիոն գործունեության արդյունքում: Դուք շփվում եք մարդկանց հետ, հասարակական տրանսպորտ եք նստում, հեծանիվ եք վարում, պատասխանում եք մարդկանց: Եթե դա իրականում այդպես է, ինչո՞ւ իմ նամակներին եւ ելույթներին չեղավ որեւէ արձագանք: Չէ՞ որ ես անձնական հարցով չեմ դիմել, այլ դուրս եմ եկել ի պաշտպանություն պետական կարեւորագույն բուհի, որը պետության կողմից մատնված է անտարբերության: 

Այս մարդիկ սրանից ավել ի՞նչ անեն, որ կանխեք նրանց հետագա գործունեությունը բուհում: Եթե մարտի 19-ին պարոն Զաքոյանն ընտրվի ռեկտոր, ապա ամբողջ պատասխանատվությունը Ձերն է:
2019 թ. դեկտեմբերին ռեկտոր է ընտրվել Վարդան Ուռուտյանը եւ կառավարել է մինչեւ 2023 թ. դեկտեմբեր: Ի սկզբանե Հրաչյա Զաքոյանը նշանակվել էր տնտեսական գծով, այնուհետեւ՝ ուսումնական գծով պրոռեկտոր: 2023-ի դեկտեմբերից մինչ այժմ ռեկտորի պարտականությունները կատարում է Զաքոյանը: Ի՞նչ է տեղի ունեցել այս տարիներին Ագրարային համալսարանի հետ: Անմիջապես փոխվել է ընդունելության կարգը, եւ համալսարանը գրեթե զրկվել է առկա եւ հեռակա ուսանողներից, որտեղ մինչեւ 2019-ը ընդունվում էր 450-500 ուսանող, հետո յուրաքանչյուրում ընդունվել է միջինը 50 ուսանող, մեծ մասը՝ տնտեսագիտական մասնագիտություններում: Այդ պատճառով համալսարանից կրճատվել եւ հեռացել են հարյուրավոր դասախոսներ, օժանդակ անձնակազմի անդամներ: Սա ամենամեծ եւ անդառնալի կորուստն է համալսարանի համար: Ամբողջովին խեղաթյուրվել է ուսումնական պրոցեսը: Դասավանդումից հանվել են շատ առարկաներ: 50 տոկոսով կրճատվել են դասաժամերը: Գրեթե բոլոր` երկու կիսամյակ դասավանդվող առարկաները դասավանդվում են մեկ կիսամյակում: Զույգ դասաժամի տեւողությունը կրճատվել, դարձել է 70-ից 50 րոպե: Բուհն իջեցվել է քոլեջի մակարդակի: Օրինակ, «ֆիզիկա» առարկան հանվել է անասնաբուժական եւ անասնաբուծական ֆակուլտետից, «Ջերմոտեխնիկա» առարկան` տեխնոլոգիական մասնագիտություններից: «Ֆիզիկա» առարկան գյուղմեքենայացում եւ տրանսպորտի ֆակուլտետում դասավանդվում է մեկ կիսամյակ՝ երկուսի փոխարեն: 2019-ին ֆիզիկայի ամբիոնն ուներ 12 հաստիք: 2023-ին առկա եւ հեռակա բաժիններում միասին մնացել է կես հաստիք: Ամբիոնում մնացած 3 դասախոսները դասավանդում են բուհի քոլեջում: Նման պատկեր է բոլոր ամբիոններում: Բուհը, ըստ էության, վերածվել է քոլեջի:

Վ․ Ուռուտյանի եւ Հ․ Զաքոյանի կառավարման տարիներին գրեթե ամբողջովին կանգնեցվել է բուհի օժանդակ տնտեսությունների գործունեությունը, որը փաստում է նաեւ ռեկտորի թեկնածու Հայկ Ղազարյանը` այդ տնտեսություններ այցելությունից հետո: 2019-2020թթ. վաճառվել են Բալահովիտի ուսումնական տնտեսության խոշոր եւ մանր եղջերավոր անասունները սխալ խոտանման ակտերով` 1 կգ-ն ծիծաղելի 450 դրամով: Մարդիկ վկայում են, որ հատուկ ընտրվել եւ վաճառվել են լավերը: Հիմա աճուրդ է հայտարարված, եւ այն ժամանակվանից մնացած վատ կովերը վաճառվում են 1կգ-ն 950 դրամով, իսկ ցլիկները` 1600 դրամով` կենդանի քաշը: Այս գործով եւ բազմաթիվ այլ դրվագներով 2024թ. սեպտեմբերի 11-ին քրեական վարույթ է սկսվել Հակակոռուպցիոն կոմիտեում` նախկին ռեկտոր պարոն Ուռուտյանի 2019-2023թթ. կառավարման ժամանակ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի վստահված գույքի հափշտակություն կատարելու կասկածանքով` Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ամբողջովին կանգնած է ժամանակակից տեխնիկայով հագեցած կաթի վերամշակման գործարանը, որը մեկ օրում կարող է արտադրել 50 կգ-ից ավելի պանիր: 1077 հա խոտհարքի խոտը, որը կերակրում էր 300-ից ավելի խոշոր ու 400-ից ավելի մանր եղջերավոր անասուն եւ համալսարանին բերում էր 70 միլիոն դրամի օգուտ, այժմ տրվում է հնձելու` վարձակալությամբ: Եղած քիչ թվով կովերի կաթը վաճառվում է այլ գործարանների: Վաճառվել են հրաշալի վիճակում գտնվող կոմբայնը եւ մնացած տեխնիկան: Եկամտաբեր տնտեսությունը այս մարդկանց կառավարման արդյունքում ամբողջովին պարալիզացվել է: Ամբողջովին պարալիզացվել է նաեւ Ոսկեհատ համայնքի 2019-ին ստեղծված եւ ժամանակակից տեխնիկայով հագեցած գինու գործարանը:

Իմանալով, որ մարտի 6-ին ռեկտորի թեկնածու Հայկ Ղազարյանն այցելելու է Ոսկեհատի գինու գործարան, խնդրեցի, որ ես էլ միանամ իրեն: Ես ունեի տեղեկություն, որ գործարանը չի աշխատում, սարքավորումները հափշտակվել են: Տարօրինակ է՝ մարդիկ հափշտակում են իրենց բուհի գործարանը: Նախօրոք ունենալով կարգադրություն, տնօրենը թույլ չտվեց մտնել ներս: Շատ դժվարությամբ ընկրկեցին եւ միայն պարոն Ղազարյանին թույլ տվեցին ներս մտնել եւ տեսնել գործարանը: Հստակ էր, որ թաքցնելու բան ունեին: Պարզվեց, որ բացակայում է գործարանի սարքավորումների մի մասը, որոնց ցանկը մենք չենք կարող ճշտել: Կաղնու փայտից պատրաստված 30-ից ավելի տակառները չկան, որը պարզ երեւում է 2019թ. եւ 2025թ. կատարված նկարները համեմատելուց: Գործարանն անցյալ տարի չի մթերել ոչ մի կգ խաղող: Ոսկեհատի այգու 12 հա եւ Նալբանդյան համայնքի այգու մոտ 300 տոննա բերքը գնացել է այլ գործարաններ: Երբ Հայկ Ղազարյանը հարցրեց, թե ինչու չի աշխատում գործարանը, տնօրենի պաշտոնակատար Ղուկասյանը հիմնավորեց, որ տարաները լիքն էին թթված գինենյութով, եւ հնարավոր չէր մթերել: Ասաց, որ դա տեխնոլոգի սխալ աշխատանքի պատճառով է եղել: Ես պարզել եմ, որ դա սուտ պատրվակ է, եւ բերքը գնացել է այլ ուղղություններով: Պարզվեց, որ 2024թ. սեպտեմբերին ICARE հիմնադրամը բացել է սեփական գինու գործարանը: 

Մարտի 10-ին ես նորից դիմել եմ Քննչական կոմիտեի նախագահ Պողոսյանին՝ այս գործն օպերատիվ կարգով քննելու համար: Հայկ Ղազարյանը, լինելով նաեւ փաստաբան, ուսումնասիրել եւ փաստել է, որ Ագրարային համալսարանի կառավարման համակարգի եւ հոգաբարձուների խորհրդի կազմի վերաբերյալ առկա են բազմաթիվ խախտումներ, որոնք սեղմ ներկայացնում եմ Ձեզ.

1. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 45-րդ կետով սահմանվում է, որ գիտխորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ամբիոնների վարիչները, իսկ 26-րդ կետի 6-րդ ենթակետը սահմանում է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք եւ չեն կարող լինել համալսարանի այլ մարմինների անդամներ: 2018-ից մինչ օրս հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են համալսարանի 3 ամբիոնների վարիչներ՝ Գուրգեն Եղիազարյանը, Նունե Սիմոնյանը եւ Աղավարդ Խաչատրյանը: Նրանք, համալսարանի կանոնադրության համաձայն, պետք է ընդգրկված լինեն գիտական խորհրդի կազմում եւ չէին կարող գտնվել հոգաբարձուների խորհրդում: Ու այս անձինք մարտի 19-ին ընտրելու են ռեկտոր, ինչն արդեն իսկ մրցույթի լեգիտիմության եւ իրավաչափության խնդիր է առաջացնում:

2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գիտխորհուրդն ապօրինի է, քանի որ ձեւավորված չէ հոգաբարձուների խորհրդի կողմից (ՀԱԱՀ կանոնադրության 29-րդ կետի 9-րդ ենթակետ): Գիտխորհուրդը պետք է կազմված լինի մոտ 140 անդամից, այնինչ մոտ 80-85 անդամ ունի (ՀԱԱՀ կանոնադրության 45-րդ կետ): Այսինքն, գիտական խորհրդի կազմը հաստատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, այնինչ հաստատվել է ռեկտորի կողմից, ինչն ակնհայտ կանոնադրության խախտում է, հետեւաբար՝ գիտական խորհուրդը ոչ իրավաչափորեն ձեւավորված կառույց է:

3. Համալսարանի կանոնադրության 43-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորատի քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները: Սակայն այսօր ռեկտորատի կազմում ընգրկված են անձինք, ովքեր իրավունք չունեն այնտեղ գտնվելու: 

4. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, բուհի կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ուսանողական խորհուրդը: Ուսխորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի կողմից ստացվել է գրություն այն մասին, որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի կանոնադրությունը ԿԳՄՍՆ-ի կողմից չի հաստատվել: Այսինքն` ստացվում է, որ Ագրարային համալսարանի ուսխորհուրդը ոչ լեգիտիմ կառույց է, եւ նրա անդամները չեն կարող լինել համալսարանի որեւէ մարմնում: Այնինչ այդ ուսանողների 25 տոկոսը ներգրավված է համալսարանի հոգաբարձուների խորհրդում, 25 տոկոսը` գիտխորհրդում, ռեկտորատում, հետեւաբար, Ագրարային համալսարանի կառավարման բոլոր մարմինները փաստացի ձեւավորված են ապօրինի կերպով, եւ նրանց կայացրած որոշումները կրում են ակնհայտ ապօրինի բնույթ:

5. Համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարողը 2023 թ. դեկտեմբերի 26-ից ոչ իրավաչափորեն է զբաղեցնում պաշտոնը, քանի որ առկա չէ հոգաբարձուների խորհրդի որոշումը` նրան ռեկտորի պարտականությունները կատարող նշանակելու վերաբերյալ, փոխարենը առկա է հրաման` Զաքոյանը Զաքոյանին ռեկտորի պարտականություններ կատարող նշանակելու վերաբերյալ: 

6. Համալսարանի ընտրովի պաշտոնների մոտ 80 տոկոսը պաշտոնակատարներ են` մրցույթ չի հայտարարվում անհայտ պատճառներով: 5 դեկաններից 4-ը պաշտոնակատարներ են: Բուհի Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերի տնօրենները, ամբիոնների վարիչների մեծ մասը, օժանդակ տնտեսությունների ղեկավարների մի մասը նույնպես պաշտոնակատարներ են: Սա կառավարման համակարգի լրիվ ձախողում է: Չէ՞ որ պաշտոնակատարը պաշտպանված չէ որպես ընտրված ղեկավար եւ կախման մեջ է ռեկտորից: 

Վերոհիշյալ եւ այլ խնդիրներով դիմել եմ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին եւ սպասում եմ պատասխանի: 

Հարգելի հոգաբարձուների խորհրդի անդամներ, Ձեզնից 15-ին չեմ ճանաչում, բայց դիմում եմ Ձեզ` խնդրանքով, հանուն բուհի փրկության: Ժամ առաջ կանգնեցնել է պետք վերջին 6 տարիներին բուհը ղեկավարած մարդկանց գործունեությունը: 6 ամսից ավելի է՝ ես սպասում եւ հավատում եմ, որ օրինապահ մարմինները կանեն դա: Ցավոք սրտի, նրանց ծանրաբեռնվածության, թե այլ կասկածելի պատճառներով պրոցեսը ձգձգվել է: Մյուս թեկնածուներին չճանաչելով` փաստում եմ, որ Հայկ Ղազարյանը պատրաստ է բուհը ղեկավարել եւ հստակ ծրագրեր ունեցող թեկնածու է: Նա կազմել է հրաշալի ծրագիր: Խնդրում եմ ծանոթանալ եւ ճիշտ կողմնորոշվել այս կարեւոր պահին:
Ես համոզված եմ, որ նախկին ղեկավարների կառավարման արդյունքում բուհի հետ կատարվածը կունենա լուրջ իրավական հետեւանք, եւ չէի ցանկանա, որ հոգաբարձուների խորհուրդը հայտնվեր ամոթալի վիճակում` մարտի 19-ին Ձեր սխալ քվեարկության արդյունքում:

Գվիդոն Մատինյան
Ագրարային համալսարանի ֆիզիկայի դասախոս