Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Հոկտեմբերի 27-ին եթե գնդակը միայն քեզ դիպչեր, կմտածեինք, որ դա արել է քեզնից նեղացած որեւէ մեկը: Բայց Կարեն Սերոբիչին ուղղված կրկնակի ու ստուգողական կրակոցը միանգամայն հաստատում է, որ այն ուղղված էր ոչ թե ձեզնից յուրաքանչյուրի դեմ՝ առանձին-առանձին, այլ նպատակ ուներ ոչնչացնելու հենց ձեր միջոցով ձեւավորված «Միասնություն» դաշինքը, որը հայոց պետականության նորահայտ գլուխն էր եւ ուժածին բռունցքը: Ակնհայտ է երեւույթի քաղաքական բնույթը: Առավել եւս, որ դա տեղի ունեցավ այն պահին, երբ դաշինքը վայելում էր համաժողովրդական համակրանք: Ռոբինհուդական քայլերը, սովորաբար, ժողովրդական ցանկություններին համահունչ են լինում: Հետեւաբար, իսպառ բացառվում է հերոստրատյան խմբի ինքնաբուխ վրեժխնդրության վարկածը:

Դասական իմաստով նման գործողություններն ունենում են կատարողներ, կազմակերպիչներ եւ պատվիրատուներ: Առաջինները վերջիններիս մասին, որպես կանոն, չեն էլ իմանում: Քենեդու սպանությունը՝ օրինակ: Երբեմն կազմակերպիչներն այնքան նուրբ են աշխատում, որ կատարողը գլխի էլ չի ընկնում իր օգտագործված լինելը: Այդուհանդերձ, արյունակիցներին՝ սեփական եղբորն ու մորեղբորը, հավանական մահվան վտանգի մեջ ներքաշելու փաստը հուշում է, որ գլխավոր հերոստրատն ինչ-որ մեկից նախապես երաշխիք է ունեցել, որ առնվազն ապահովված կլինի նրանց ֆիզիկական անվտանգությունը: Դա արդեն իսկ ենթադրում է կազմակերպիչների գոյություն: Եվ արդյո՞ք հեռուստաեթեր պահանջելը հենց պատվիրատուին հավաստի ու անմիջական տեղեկություն տալու նպատակ չի ունեցել, որից հետո, ենթադրաբար, պիտի ձեռնարկվեին հանցագործների կյանքի փրկությանն ուղղված քայլեր:

Ցավոք, հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունը բացահայտեց «ուչաստկովիի» մասը միայն, այսինքն՝ ի լուր աշխարհի սպանդը կատարողներին: Մինչդեռ մինչեւ վերջ չպարզված հանգամանքների պատճառով այստեղ էլ ամբողջ ծավալով չճշտված մնացին նրանց օժանդակողների թիվն ու կազմը: Կազմակերպիչներին Հայաստանում փնտրելն անհավանական է թվում հանցագործության նախապատրաստման տեղեկատվական արտահոսքի անչափ մեծ հավանականության պատճառով: Փոքրիկ Հայաստանում նման ակտի նախապատրաստումը հղի կլիներ դեռ նախնական փուլում բացահայտման վտանգով: Կազմակերպչին Հայաստանում փնտրելը նաեւ նշանակում է հավատալ, որ որեւէ մեկն այն օրերին, նախկին կամ նոր իշխանության ներկայացուցիչներից, ուներ մոգական հատկանիշ մի խումբ մարդկանց ֆանատիկ գործողության դրդելու, կամ լաբորատոր գործիքակազմ՝ հոգեմետ միջոցներով նույնն անելու համար: Հետեւաբար, այդպիսի գործողություն իրականացնելու համար առավել տրամաբանական կլիներ դիմել արտերկրում գործող մասնագիտացված կառույցի: Կարո՞ղ էին պատվիրատուները լինել Հայաստանից: Չի բացառվում: Բայց այդ դեպքում վտանգ կարող էր լինել այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից դրա բացահայտման, քանի որ նման կառույցները վերահսկվում կամ գործում են հենց հատուկ ծառայությունների կողմից: Վերջիններս էլ լռություն կպահպանեին միայն այն դեպքում, եթե այդ ակցիան համընկներ սեփական երկրի շահերին: Բոլոր դեպքերում, տրամաբանությունը հուշում է, որ այս ամենի մեջ կարող էր խառնված լինել որեւէ պետություն: Այդպիսիք կարող էին լինել Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն, Անգլիան եւ այլն: Հաշվի առնելով, որ ազգային տականքների ղեկավարը գործել է Ռուսաստանում, այցելել Թուրքիա, հավանաբար, այս օղակում էլ պետք է փնտրել պատվիրատու պետությանը կամ պետություններին:

Չի բացառվում նրանց համագործակցությունը: Առաջին հայացքից անհավանական է թվում այս «դուետի» միասնական կատարումը: Բայց պատմության մեջ մեկ անգամ չէ, որ նրանք առաջնորդվել են շահերի համադրմամբ: Ամենաթարմ օրինակը դրսեւորվեց վերջին տարիներին: Թուրքիան խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը, որից հետո ռուսական ողջ քարոզչամեքենան անարգանքի ենթարկեց Թուրքիային այն աստիճան, որ թվում էր՝ ուր որ է ռազմական բախում է սկսվելու նրանց միջեւ: Բայց հանկարծ այդ երկիրը վերածվում է Ռուսաստանի առեւտրական գործընկերոջ: Ավելին, գնելով ռուսական Ս-400 հրթիռները՝ Թուրքիան անսպասելիորեն խառնում է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական խաղաթղթերը:

Այնպես, որ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերի համընկնման պարագայում նրանց միջեւ ամենաանհավանական համագործակցությունն էլ չպետք է բացառել: Մանավանդ, որ Թուրքիայի պարագան լավ ծխածածկույթ կլիներ ռուսական հետքը կորցնելու համար: Նույնպիսի հանգամանք կարող էր լինել խմբի ղեկավարի նախկինում ունեցած կապը Դաշնակցության հետ: Հնարավոր է, որ այս դատողություններով ես շարժում եմ հայ ռուսասերների զայրույթը: Բայց դրանով ռուս ժողովրդին վարկաբեկելու միտում չունեմ: Ավելին, ռուս ժողովրդի հետ մենք ունենք համատեղ կորուստների ու հաղթանակների հիշողություն եւ դեռ անցնելիք ճանապարհ: Բայց որեւէ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու համակրանքը ստրկամտության է վերածվում, եթե անկեղծորեն չես ուզում վեր հանել նրա ղեկավարների կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը: Ճշմարտության բացահայտումը կբերի նրան, որ հենց այդ ժողովրդի ամենալայն շրջանակներում ի հայտ կգան ողջախոհ բարեկամներ, որոնք կարող են էական դերակատարություն ունենալ ռուս-հայկական հարաբերություններում: Իհարկե, դա պետք է անել՝ պահպանելով միջպետական հարաբերությունների քաղաքակիրթ նորմերը, այլապես այն կարող է հղի լինել անկանխատեսելի աղետով: Հիշենք հարեւան երկրների օրինակը: Ադրբեջանում 1992-1993թթ․ երկրի նախագահն էր հակառուսական տրամադրություններ ունեցող Էլչիբեյը, որի օրոք Ադրբեջանում խորացավ ճգնաժամը, եւ երկիրն ունեցավ ռազմական անհաջողություններ՝ ոչ առանց Ռուսաստանի «գիտության»:

Նույնը՝ Վրաստանում, նախագահ Գամսախուրդիայի ժամանակ: Իսկ ավելի ուշ՝ Սահակաշվիլու ժամանակներում, երկիրն ունեցավ տարածքային կորուստներ: Այնպես որ, սա այն դեպքն է, երբ գործը պահանջում է բացառիկ զգուշություն: Եվ այսպես, եթե հոկտեմբերի 27-ի պատվիրատուների մեջ չի եղել Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչպես նրանք կարող էին չիմանալ բարեկամ երկրում կազմակերպվող ոճիրի մասին: Եթե որեւէ մեկը կժխտի, որ առայսօր էլ ռուսական գաղտնի ծառայության կառուցվածքն ու գործակալական ցանցը պահպանվել է Հայաստանում, ապա նույնը չի կարող ասել 1999-ի մասին: Ավելին, այն օրերին Ռուսաստանն ավելի աչալրջորեն էր հետեւում հայաստանյան իրադարձություններին: Ուստի համապատասխան ծառայությունները շատ բան պետք է նկատած լինեին: Չէ՞ որ ոճրագործները երկար ժամանակ են ունեցել հանցանքի վայր այցելելու, դահլիճն ուսումնասիրելու, տարբերակներ մշակելու, ուժերի տեղաբաշխում կատարելու, զենք հայթայթելու, այն փորձարկելու, մարզվելու ուղղությամբ: Այս ամենը հաստատ աննկատ մնալ չէր կարող: Հակառակ դեպքում Ռուսաստանը պիտի վիրավորված զգար, որ իր ռազմավարական դաշնակից երկրում տեղի է ունեցել նման հանցագործություն, եւ տրամաբանական է, որ նրա հեղինակության հարցն էր դառնում՝ օգնելու Հայաստանին՝ օր առաջ բացահայտելու հանցագործության պատվիրատուներին ու կազմակերպիչներին: Մինչդեռ մենք դա չտեսանք: 
 

 Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ