Այդպես չի լինում

Այդպես չի լինում

ԱԱԾ-ն հայտարարեց, թե որ ընկերությունն է ներկրել 250 միլիոն եվրո գումարի 1 տոննա «կոկաին» տեսակի թմրամիջոցը: Դա «Մրգենի» ՍՊԸ-ն է, որի ներմուծումների եւ գնման բաժնի պետ Մ. Ղ-ն․ էլ ձերբակալվել է: Այդ ՍՊԸ-ի գրանցման իրավաբանական հասցեն նույնն է, ինչ հանրահայտ «Քեթրին գրուպ»-ինը: Վերջինս հիմնադրվել է ոչ պակաս հանրահայտ Միհրան Պողոսյանի կողմից, ով ժամանակին ղեկավարում էր Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը, այնուհետեւ դարձավ հանրապետական պատգամավոր: Պողոսյանը հայտնի է նաեւ օֆշորային սկանդալներում ներգրավվածությամբ: Իսկ 2018 թվականի իշխանափոխությունից հետո լքել է Հայաստանը եւ գտնվում է հետախուզման մեջ` ապաստանել է Ռուսաստանում, որտեղ զբաղվում է գործարարությամբ:

Նախկինների ներկայացուցիչ նման անձի վրա նարկոթրաֆիքինգի գործ կախելը խիստ շահավետ տարբերակ է՝ հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հայտարարության լույսի ներքո: Իսկ ես, օրինակ, զարմանում էի, թե նիկոլական ԱԱԾ-ն ինչու հանրության համար անմիջապես չի բացահայտել թմրամիջոց ներկրող կազմակերպության անվանումը: Եվ զարմանալիորեն անվրդով ինչ հանգստությամբ էր մի քանի օր առաջ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հայտարարում, թե թմրամիջոցով բեռն անցել է մաքսային ստուգումներ: Դե, իրենք էլ թմրամիջոցը չեն հայտնաբերել. կարծես խոսքը ոչ թե 1 տոննա թմրանյութի մասին էր, այլ մի քանի տասնյակ կիլոգրամ բանանի: Ու ես հիշեցի նախորդ տարի Ղրիմի կամրջի պայթեցման պատմությունը: Երբ Ռուսաստանը մեր մաքսային մարմնին մեղադրեց պայթուցիկով բեռնատարն ընդունելու, մաքսազերծելու ու բաց թողնելու մեջ, մաքսայինը մի քանի տեսանյութ հրապարակեց՝ ցույց տալու համար, որ իր կողմից ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում: Իսկ այս դեպքում նման երեւույթի ականատես չեղանք:

Ներկայացված փաստերի եւ դիտարկումների համադրումը, ցանկանանք դա թե ոչ, բերում է հստակ մի եզրակացության: «Մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանը» նախաձեռնել է եռաքայլ փիառ ակցիա: Առաջին քայլում հայտարարվում է կոկաինի հսկայական խմբաքանակ առգրավելու, երկրորդ քայլում հայտարարվում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, իսկ երրորդ քայլում փորձ է կատարվում երկրորդ քայլի բացասական ազդեցությունը չեզոքացնել՝ կոկաինի միջոցով նախկինների թեման շահարկելով: Ասեմ, որ նիկոլական եռաքայլ կոմբինացիան իսկապես հաջող էր, ու սկզբում այն իր ազդեցությունն ունեցավ «Ֆեյսբուք» սոցցանցում: Սակայն երբ շրջանառվեց Նիկոլի չգիտես որ գիտունիկի կողմից «ծննդաբերված»՝ կադաստրային թղթի պատմությունը, 1 տոննա կոկաինը մոռացվեց: 

Ինձ, օրինակ, մի այսպիսի հարց է հետաքրքրում. 47-ամյա, մասնագիտությամբ տնտեսագետ եւ իրավաբան Միհրան Պողոսյանը, ով պաշտոններ է զբաղեցրել՝ սկսած 24 տարեկանից` ՀՀ եւ ԱՀ ԱԱԾ-ում, այնուհետեւ՝ ԴԱՀԿ-ում, արդյո՞ք այդքան միամիտ էր, որ զբաղվեր նարկոթրաֆիքինգով, այն էլ՝ Հայաստանում, որտեղ իր նկատմամբ քրեական գործ է հարուցված: Եվ այն էլ գտնվելով Ռուսաստանում, որը խնդիրներ ունի ողջ արեւմտյան աշխարհի հետ: Կներեք, բայց ես նման հեքիաթների չեմ հավատում: Եվ մի հարց էլ՝ ինչպե՞ս է ստացվում, որ 1 տոննա թմրամիջոց ներկրող կազմակերպությունից ձերբակալվում է ընդամենը ներմուծումների եւ գնման բաժնի պետը: Մեկ-երկու ամիս առաջ հարկային ինչ-որ խնդրի պատճառով ձերբակալել էին «Նոր Զովք» սուպերմարկետի ողջ ղեկավարությանը, սեփականատիրոջն էլ՝ հետը: Այս դեպքում, որ շատ ավելի ծանր հանցագործություն է եւ միջազգային լուրջ սկանդալի բուն, ձերբակալվում է ՍՊԸ-ի ընդամենը մեկ աշխատակից, այն էլ՝ երկրորդական բնույթի: Եվ վերջին հարցը՝ 2020 թվականի շուրջ 7,4 միլիոն դրամ հարկային պարտավորության պատճառով ՊԵԿ-ի հետ խնդիր ունեցող ՍՊԸ-ին որտեղի՞ց այնքան գումար, որ կարողանար ապահովել 250 միլիոն եվրո արժեքով ապրանքի երաշխիքային մասը: Չէ, այդպես չի լինում: 

ՀԳ. Միհրան Պողոսյանի հայտարարությունը, որտեղ նա նկարագրում է թմրանյութի հայտնաբերման եւ ԱԱԾ դիմելու իրենց գործողությունները, ավելի հիմնավորեց կասկածներս: Աչքիս՝ ժողովրդի հետ «անկեղծ խոսող» Փաշինյան Նիկոլը կրկին փորձում է խաղարկել գեներալ Մանվելի նկատմամբ իրականացված անբարոյական խաղը: Այս անգամ՝ կոկաինի հիման վրա: