«Իյա, իրո՞ք»

«Իյա, իրո՞ք»

Պատկերացնո՞ւմ եք՝ պարզվում է, որ հունիսի 20-ի ընտրությունում ոչ թե պարտություն է կրել մեր պետականությունը, այլ եղել է հաղթող կողմ:  Եվ դա եղել է ոչ թե Փաշինյան Նիկոլը կա՛մ նրա ուսապարկերը և կա՛մ նրա կողմից զոմբիացված կենսազանգվածը, այլ... ժողովրդավարությունը: Այո, այո, ձեր աչքերը ձեզ չեն խաբում, հաղթել է հայաստանյան ժողովրդավարությունը: Իսկ տրամաբանությունը պահանջում է, որպեսզի հաղթեր ինչ-որ բան, այն պետք է գոյություն ունենար մինչ հաղթանակի պահը: Այսպիսիով, արձանագրվում է, որ Հայաստանում նախքան հունիսի 20-ը գոյություն է ունեցել ժողովրդավարություն: Եվ քանի որ հունիսի 21-ին գործող իշխանությունը հայտարարեց հաղթանակի մասին, ապա պետք է ենթադրել, որ ժողովրդավարություն ասելով ոմանք նկատի են ունեցել հենց Փաշինյան Նիկոլին, նրա ուսապարկերին և նրա կողմից զոմբիացված կենսազանգվածին: 

Բայց եթե եղել է հաղթող կողմ, ուրեմն պետք է լիներ նաև պարտված կողմ, որը պայքարի մեջ էր մտել ընդդեմ ժողովրդավարության: Դա, ըստ առողջ բանականության, պետք է լիներ բռնապետական կամ ավտորիտար կառավարմամբ համակարգը: Եվ այն պետք է լիներ ընդդիմադիր դաշտում: Այդտեղ ֆազերս գցում են. Հայաստանում այդպիսի կողմ ես չեմ նկատել, թեև շուրջօրյա ռեժիմով դիտարկել եմ շուրջ 20 լրատվական կայքեր և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը: Բայց եթե դիտարկեի 20-ի փոխարեն նույնիսկ 50-100 լրատվական կայք ու մեկի փոխարեն մնացած ավելի քան երկուուկես տասնյակ սոցիալական ցանցերը, միևնույն է, այդպիսի կողմ գտնել ինձ չէր հաջողվի: Չէր հաջողվի, քանի որ գոնե 21-րդ դարում դժվար է պատկերացնել այնպիսի մի պետություն, որի իշխանությունը լիներ ժողովրդավարական, իսկ ընդդիմությունը՝ բռնապետական կամ ավտորիտար:

Բայց նախկինների իշխանության ժամանակ ընդդիմադիր լրագրողի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հանդիսացող անձի համար մեր իրականությունը հենց այդպիսին է: Ի դեպ, գիտակցորեն անուններ չեմ տալիս, քանի որ տվյալ համատեքստում ում էլ դնես այդ երկուսի դերում՝ կստանասա նույն պատկերը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ իրականություն լրիվ այլ է, և այն ոչ միայն շրջված է 180 աստիճանով, այլև ձևախեղված է: Շրջվածության վկայությունը 2018-ի մայիսից այս կողմ մեկ անձի միանձնյա իշխանության պահն է, ինչն այնքան է ակնհայտ, որ ապացուցման կարիք չունի: Համենայն դեպս, այն մարդկանց համար, ովքեր ապրում կամ ապրել են մեր երկրում և կամ գոնե հետևել են իրադարձությունների ընթացքին: Այդ մեկ անձի միանձնյա կառավարման պատճառով այսօր երկիրը ընկած է անդունդում և շարունակում է գլորվել ցած՝ որքան էլ դա անբնական հնչի:  

Ինչ մնում է իրականության ձևախեղված լինելուն, ապա Հայաստանում ոչ միայն գոյություն չունի ժողովրդավարություն, այլև կասեցվել է նախկինում առկա ժողովրդավարացման գործընթացը: Եվ 2018-ի մայիսից այս կողմ «ժողովրդի իշխանության» անվան ներքո հաստատվել է ոստիկանապետություն: Ինչ մնում է ընդդիմությանը, ապա այն 2020 թվականի խայտառակ պարտությունից հետո ոչ թե փնտրում է այսպես կոչված հակահեղափոխության ուղիներ, այլ բարձրաձայնում է հայոց պետականության սպառնալիքների մասին և որոնում է պետության փրկության ուղիներ: Եվ, ըստ այդմ, հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքում երկրում հաղթեց ոչ թե ժողովրդավարությունը, այլ հակապետական մտածողությունը:

Իսկ ժողովրդավարությունն ինչպես չէր եղել նախքան հունիսի 20-ը, շարունակում է գոյություն չունենալ նաև հունիսի 20-ից հետո: Ուրիշ հարց, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինների օրոք պայքարել են հանուն ժողովրդավարության հաստատման, 2018-ի մայիսից այս կողմ չեն ցանկանում բացել սեփական աչքերը և առերեսվել իրականությանը: Իսկ այն դաժան է, խիստ դաժան և կվկայի, որ հանուն ժողովրդավարության նախկինների դեմ ակտիվ պայքարի արդյունքում իրենք ստացան տիպիկ հակաժողովրդավարական, բռնապետական, ոստիկանական ռեժիմ, այն էլ՝ չափացանց ապաշնորհ կառավարման համակարգով: