Տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթեցին երկու Կարենները

Տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթեցին երկու Կարենները

Երեկ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված մրցույթը, որին ներկայացել է 6 հոգի։ Նրանց թվում են եղել Սարդարապատի թանգարանի ներկայիս տնօրեն Կարեն Արիստակեսյանը, թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արգամ Երանոսյանը, թանգարանի նախկին աշխատակից, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը, ազգագրագետ, ազատամարտիկ Վահան Միքայելյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխնօրեն Կարեն Փահլեւանյանը եւ Կարեն Փոլադյանը։

Բանավոր եւ գրավոր փուլերի արդյունքում քննող հանձնաժողովը հաղթող է ճանաչել Սարդարապատի թանգարանի ներկայիս տնօրեն Կարեն Արիստակեսյանին եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխտնօրեն Կարեն Փահլեւանյանին։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր հավաքած միավորներն ավելի շատ էին։ Փահլեւանյանի դիտարկմամբ, մրցույթն անցել է բաց եւ մատչելի՝ «թե՛ տեսաձայնագրության, թե՛ մասնագետների դիտողական ընկալման առումով»։ Ինչ վերաբերում է թանգարանի զարգացման իր հայեցակարգին, ապա կարծում է, որ թանգարանն ունի բավականին մեծ ներուժ, որն այսօր օգտագործվում է ոչ բավարար։ Ըստ նրա, կա նաեւ ցուցադրությունների բարելավման խնդիր, եւ թանգարանը նախեւառաջ պետք է կարողանա պատասխանել այն հարցին, թե զբոսաշրջիկն ինչու պետք է գա-հասնի Սարդարապատի թանգարան։ Այդ առումով կարեւորում է նաեւ աուդիոգիդերի կիրառումը։ Փահլեւանյանը նկատում է՝ այդ գաղափարը դուր է եկել նաեւ գործող տնօրեն Կարեն Արիստակեսյանին։ «Ով էլ լինի տնօրեն, որոշեցինք, որ պետք է անպայման կիրառի այդ աուդիոգիդի տարբերակը»,- ասում է նա, ով թեպետ չի հիշում Կարեն Արիստակեսյանի հավաքած միավորները, բայց ընդգծում է, որ իր հավաքած միավորները գերազանցում էին Կ․ Արիստակեսյանի միավորներին։ Թե այդ դեպքում ինչու իրեն միանգամից չեն ճանաչել հաղթող, Փահլեւանյանը նկատեց, որ, կարգի համաձայն, բոլոր նրանք, ովքեր անցնում են սահմանված շեմը, արդեն համարվում են հաղթող․ «Հայտարարեցին, որ հաղթող են ճանաչվել երկու Կարենները՝ Փահլեւանյան եւ Արիստակեսյան»։

Թե ի վերջո ով կլինի թանգարանի տնօրեն, ՊՆ-ից մեզ տեղեկացրին, որ նոր տնօրենը կնշանակվի 3 օրվա ընթացքում՝ Պնախարարի կողմից, քանի որ Սարդարապատի թանգարանը գտնվում է ՊՆ հաշվեկշռում: Մնում է սպասել եւ տեսնել, թե ՊՆ-ն 2 հաղթողներից ում նախապատվություն կտա՝ Կարեն Փահլեւանյանի՞ն, թե՞ Կարեն Արիստակեսյանին, ում հանդեպ դժգոհությունները վերջին տարիներին շատ էին։