Ո՞ւմ օրոք և ինչպե՞ս են կարող լինել արդար ընտրություններ․ մեկնաբանում են գործիչները

Ո՞ւմ օրոք և ինչպե՞ս են կարող լինել արդար ընտրություններ․ մեկնաբանում են գործիչները

2020 թվականին պատերազմի և նոյեմբերի 9/10-ի կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում առկա է խորացված քաղաքական ճգնաժամ։

Ընդդիմադիր տարբեր թևեր պահանջում են իմքայլական վարչապետի հրաժարականը, իսկ ընդդիմադիր դաշտի մի հատվածից ձևավորված «Հայրենիքի փրկության ճակատ» շարժումը ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։ Իսկ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նույնպես պահանջում է Փաշինյանի հրաժարականը, սակայն վարչապետի թեկնածու է առաջադրել կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

Գործող իշխանություններն արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքներ տանել արտահերթ ընտրությունների համար, սակայն Փաշինյանի վարչապետության ներքո։

ՀՓՃ շարժումը ներկայացնող կուսակցություններից՝ «Հանրապետական» կուսակցության ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իշխանություններն ընտրական օրենսգիրք են ուզում փոփոխել՝ խորհրդարան մտնելու անցողիկ շեմը 5 տոկոսից իջեցնելով 3 կամ 2 տոկոս։ «Բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից ոչ մի օրակարգ չենք քննարկում ու չենք դիտարկում։ Այսինքն՝ ուզում է, թող շեմը 60 տոկոս սարքեն, ուզում են, թող կես տոկոս սարքեն, մեր առաջին պահանջն իր հրաժարականն է։ Ինքն արտահերթ ընտրություններ կազմակերպելու իրավունք չունի»,- նշեց Մամիջանյանը։

Հարցին՝ եթե խորհրդարանը լուծարվի այդ պարագայում ի՞նչ են անելու, պատասխանեց, որ այս Սահմանդրությամբ նախատեսված չէ խորհրդարանի ինքնալուծարման ինստիտուտ, և իրավական ճանապարհներից որևէ մեկը չի ենթադրում, որ Փաշինյանն է կազմակերելու այդ ընտրությունները։ ««Հանրապետականն» ասել է, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները չի համարում ընդունելի։ Մենք հայտարարել ենք, որ ժամանակավոր կառավարություն պետք է լինի»,- նշեց նա։

- Եթե իշխանությունները Սահմանադրական դատարանի դատավորներին պաշտոնանկ անելու օրինակով օրինագիծ բերեն Ազգային ժողով, ա՞յդ դեպքում։

Այլ հարցերի ՀՀԿ ԵԿ նախագահը չպատասխանեց։

Հայ կառուցողական կուսակցության նախագահ, 2012-ին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն դրական է համարում, եթե խորհրդարան անցնելու անցողիկ շեմը ցածր լինի, որով խորհրդարանը լինի ավելի ներկայացուցչական, ավելի բազմազան կլինի։

«Մեր կուսակցությունը հիմա ռազմավարություն է մշակում ընտրություններին մասնակցելու համար։ Եվ քաղաքական քննարկումների մեջ ենք ձևաչափի վերաբերյալ։ «Ազգային առաջընթաց», «Ազգային ինքնորոշում», «Ժողովրդավարական հայրենիք», «Հայրենիք և պատիվ», «Հայք» (Հայկազուններ), Պահպանողական կուսակցությունների հետ կոնսուլտացիաների մեջ ենք։ Եվ հնարավոր է, որ դրանց արդյունքում նախընտրական դաշինքի ձևավորվի։ Այլ կուսակցություներ նույնպես մասնակցում են այդ քննարկումներին։ Հնարավոր է, որ «Ժառանգությունը» նույնպես այդ ձևաչափի շրջանակում կոնսուլտացիաների մասնակցի»,- հավելեց Ղուկասյանը։

Ընդդիմադիր մի հատված էլ ներկայացնում է նախաձեռնությունը, որը կազմում են «Սանա ծռեր» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, Արկադի Վարդանյանը և այլ գործիչներ։ ՀԿԿ ղեկավարն ասաց, որ այս նախաձեռնության հետ նույնպես եղել է հանդիպում, և համագործակցության եզրեր կարող են լինել նոր Սահմանադրություն մշակելու հարցի շուրջ, քանի որ կարծում են, որ ընտրություններից առաջ պետք է սահմանդրական փոփոխություններ կատարել, Ընտրական օրենսգիրք փոփոխել և այլն։

Դիտարկմանը՝ եթե օրինագիծ կազմվի, որով հնարավոր կլինի խորհրդարանի ինքնալուծարում առանց վարչապետի հրաժարականի, և ընտրություններն անցկացվեն Փաշինյանի օրոք, և հարցին՝ «այս իրավիճակում ինչպիսի՞ն կլինեն ձեր գործողությունները», պատասխանեց․

«Հարցը հետևյալն է՝ ինչպիսի՞ն պետք է լինեն պայմաններն ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու համար։ Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանն այդպիսի ընտրություններ կազմակերպել Հայաստանում, մենք կարծում ենք, որ ոչ, չի կարող։ Պետք է գիտակցվի բոլորի կողմից, որ այս ընտրությունների ժամանակ տեղի է ունենալու Հայաստանի համար աշխարհաքաղաքական ընտրություն, պահպանե՞լ ռուսական կողմնորոշումը, թե՞ գնալ դեպի Արևմուտք։ Այսպիսի քաղաքական նշանակություն ունեցող ընտրությունները, եթե չիրականացվեն ազատ արդար պայմաններում, բերելու են լուրջ բախման։ Եվ մենք ունենալու ենք Ուկրաինայի սցենարը՝ 2014 թվականի ներքին անկայունության և այսպես ասած հեղափոխական դրսևորումներով քաղաքական գործընթաց։ Այդ ընկալումը բոլորին պետք է հուշի, որ ազատ, արդար պայմանները պարզապես անհրաժեշտ են։ Բնականաբար Վազգեն Մանուկյանը նույնպես այդ մարդը չէ, որը կարող է նման պայմաններ ապահովել»։

Հարցին՝ ո՞ր դեպքում այդպիսի պայմաններ կլինեն, Ղուկասյանը պատասխանեց, որ երբ վարչական ռեսուրսը կլինի չեզոք։ «Որովհետև մեր կարծիքով՝ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Վազգեն Մանուկյանը, իրականում, ուզում են այդ անցումային շրջանում ղեկավարել կառավարությունը զուտ վարչական ռեսուրսին տիրապետելու և իրենց քաղաքական ուժերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով»

Կարո՞ղ է որևէ չեզոք գործչի անուն նշել։ «Եթե «Իմ քայլը» դաշինքն իսկապես հետաքրքրված է մեր երկրում կայունությունը պահպանելու համար, դա իրենք պետք է մտածեն ու հանրությանն այդպիսի թեկնածու առաջադրեն։ Ես հիմա չեմ կարող այդպիսի թեկնածու մատնաշել։ Եթե իրենք չկարողանան դա անել, մեզ հարցնեն, մենք այդ ժամանակ կասենք՝ ում ենք տեսնում անցումային շրջանում կառավարության ղեկավար»։

Ղուկասյանը նաև նշեց, որ ՀԿԿ-ն կարևոր է համարում մինչև ընտրությունները լինի իշխանության մաքրում, լուստրացիա և սրա հետ կապված օրինագիծ են մշակում, ու շոուտով ներկայացվելու են հանրային քննարկման։ Իսկ օրինագիծը վերաբերելու է Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանից մինչև 2018 թվականը աշխատած գործիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հետ կոալցիա կազմած ուժերին։

«Օրինակ՝ հայտնի է, որ Տիգրան Մուկուչյանը բազմիցս մասնակցություն է ունեցել ընտրությունների կեղծման հարցերում, սակայն շարունակում է պաշտոնավարել։ Այդպիսի օրինակներ կան իրավապահ, դատական, անվտանգության ծառայության, օրենսիր և գործադիր իշխանություններում և այլն։ Այդ մարդկանց գործունեությունը հարկավոր է սահմանափակել որոշակի ժամանակով պաշտոն զբաղեցնելու հարցում, միջազգային փորձը սահմանում է 10 տարի։ Գտնում ենք, որ քաղաքացիական նախաձեռնությամբ 5 հազար ստորագրությունով այդ օրինագիծը խորհրդարան առաջ բերելն այսօր կարևոր քաղաքական գործընթաց է, և դասական հարցը՝ «Դի՞ն, թե՞ սայլը», սկզբից պետք է լինի դին, հետո՝ սայլը։ Մեզ համար կարևոր է կոնկրետ հասարակության հետ ունենալ հանրային մի պրոցես, որտեղ քաղաքացին է անմիջական մասնակիցը դառնում։ Ցավոք, մեր քաղաքացիները քվեարկում են մեծամասնության հետ միասին։ Մեծամասնությունը, որպես կանոն, ձևավորվում է վարչական միջոցների կամ օլիգարխիկ միջոցների ներգրավման միջոցով։ Մենք կարևոր ենք համարում այդ վիճակը կոտրել»,- եզրափակեց Հայ կառուցողական կուսակցության ղեկավարը։