Ռուսաստանը փորձում է խուսափել պատերազմից․ փորձագետը՝ Դոնբասի մասին

Ռուսաստանը փորձում է խուսափել պատերազմից․ փորձագետը՝ Դոնբասի մասին

Շուրջ 3 օր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Դոնբասի տարածաշրջանում իրավիճակը բավականին սրվել է։ Ուկրաինական զինված ուժերը մեծ ուժեր են կենտրոնացրել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հնարապետությունների սահմաններին: 

Շաբաթ օրն արդեն իսկ ուկրաինական զինված ուժերի 59-րդ բրիգադն անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Ալեքսանդրովսկոյե գյուղի բնակելի տարածքներից մեկը. ռմբակոծման հետեւանքով զոհվել է 2016 թվականին ծնված երեխա, տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 1954 թվականի ծնված տեղի բնակչուհի: Այս մասին հայտնել էր Դոնեցկի Ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչը։

«Հրապարակի» հետ զրույցում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, 1993-2000 թվականներին Պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության բաժնի պետի տեղակալ Հայկ Նահապետյանն ասաց, որ լայնածավալ ռազմական գործողություններ են, բայց չի բացառվում որ դրանք վերաճեն լայնածավալ պատերազմի։ 

«Պատերազմ չէ, բայց ռազմական գործողություններ են կոնկրետ և՛ Դոնեցկի, և՛ Լուգանսկի ինքնապաշտպանական ուժերի կամ ոստիկանության դեմ (ռուս․՝ милиция)։ Ուկրաինան կիրառում է ծանր հրետանի, որը մինչ այդ չի եղել։ Սա Ռուսաստանի նկատմամբ հիմա Եվրամիության կողմից սադրանքների կամ ռազմական գործողությունների նպատակով պատերազմի ներքաշման փորձ է՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ։ Ռուսաստանի հակառարկորդ կողմը Ղրիմի ուղղությամբ ևս ռազմական տեխնիկա և մարդուժ է կուտակել», - նշեց Նահապետյանը։

- Ուկրաինան ներո՞ւժ ունի, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, Արևմտյան պետությունները կաջակցե՞ն Ուկրաինային։ Այս դեպքում նաև Թուրքիան։

- Սկզբունքորեն ես չեմ բացառում, որ թուրքական այսպես կոչված «Բայրաքթար»-ները ևս փորձել են այդտեղ աշխատել, ինչպես եղավ Արցախում։ Ռուսաստանի Դաշնությունն այդ անօդաչու հարվածային թռչող սարքերի դեմ բավականին էֆեկտիվ չեզոքացման գործողութուններ կատարել է Սիրիայում և Լիբիայում։ Եթե Ղրիմի ուղղությամբ լինի, այդ զենքի կիրառումը սկզբունքորեն կչեզոքացվի։ Բայց որքան ես գիտեմ, այդ չեզոքացման զինատեսակները Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները չունեն։ Եթե այնտեղ Ուկրաինայի զինված ուժերը կիրառեն, առավելություն կունենան, առավելևս եթե ավիացիա էլ կիրառվի։ Ինքնահռչակ հանրապետությունները գուցե հակաօդային պաշտպանության միջոցներ ուենն, բայց ոչ չափելի ուկրաինական բանակի հետ, առավելևս որ տարբեր տվյալներով ՆԱՏՕ-ի տարբեր մասնագիտական զորախմբեր Ուկրաինայում են։   Ամենայն  հավանականությամբ կա՛մ կառավարելու ռազմական գործողությունները՝ հույս ունենալով, որ այն կվերաճի պատերազմի, կա՛մ անմիջապես մասնակցություն ունենալով այդ գործողություններին։

- Բայց այս խնդրով ձևաչափ [Նորմանդյան քառյակ] գոյություն ունի, չէ՞, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ։ Այդ մասով իրենք ինչպե՞ս կդրսևորվեն։

- Գիտեք ի՞նչ, ինչը որ հիմա կատարվում է, եկեք փորձենք առավել սթափ գնահատել, քարոզչական դաշտից դուրս գալ։ Նույն Միացյալ Նահանգները և նույն Եվրոպական Միությունը, որոնք 2014 թվականին գունավոր հեղափոխության գործիքակազմով ու մեթոդաբանությամբ փորձեցին Ուկրաինայում իրականացնել իշխանափոխություն, բնականաբար բերեցին այնպիսի ուժեր, որոնք հստակ հակառուսական ուղղվածություն ունեին։ Իրականում Արևմուտքի թիրախը ոչ թե Լուգանսկն ու Դոնեցկն են, այլ այդտեղ իրականացնել լայնածավալ ռազմական գործողություններ, որ զոհերի թիվը բավականին մեծ լինի, և դրանով ստիպել, որպեսզի Ռուսաստանը ներքաշվի օգնելու, օժանդակելու այդ ինքնահռչակ հանրապետությունների բնակչությանը և միլիցիային՝ ինքնապաշտպանության ուժերին։ Խնդիրն Արևմուտքը հստակ պատկերացնում է։ Տեսականորեն դիտարկենք Ուկրաինա – Ռուսաստան պատերազմը, որից Ռուսաստանն ամեն կերպ փորձում է խուսափել՝ ամեն հնարավոր և անհնար միջոցներով։ Բայց եթե պատերազմը լինի, Արևմուտքը հստակ գիտի, որ Ուկրաինան պարտվելու է։ Առավելևս, որ Ուկրաինան այս պահին չի կարողանում հաղթել այդ երկու հանրապետությունների ինքնապաշտպանական ուժերին, որտեղ կան ՌԴ-ից կամավորականներ՝ այնտեղ գնում են իրենց ընտանիքներին, իրենց հարազատներին պաշտպանելու։ Իսկ ինչո՞ւ են Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ։ Առաջին հերթին քարոզչական առումով Ռուսաստանի վարկին հարվածելու համար՝ ներկայացնելով որպես ագրեսոր։ Երկրորդ, Եվրոպայի գլխին Արևմուտքի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) կողմից հերթական մահակը կախվելու է՝ ասելով, որ «եթե ես (Պենտագոնը կամ ՆԱՏՕ-ն) չլինեմ, ապա Եվրոպան շատ շուտով Ռուսաստանի կողմից կարող է գրավվել»։ Այսինքն՝ Ամերիկան և Մեծ Բրիտանիան «Ռուսական արջի» հերթական իմիտացիոն ուրվականը կախելու հստակ խնդիր ունեն, որի դեպքում ևս մեկ անգամ Եվրոպան Արևմուտքին ասելու է․ «Փրկի՛ր ինձ ռուսներից»։ Այս գործողությունների առաջին թիրախը Ռուսաստանը ներքաղաքական մեծ լարումների դաշտ բերելն է, երկրորդ թիրախը՝ Եվրոպայի գլխին զսպաշապիկ հագցնելն է կոնկրետ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից «ռուսական հնարավոր ագրեսիային դիմագրավելու համար»։

Այսինքն, Եվրոպան հստակ պետք է իմանա, որ ինքը չի կարող դուրս գալ, ենթադրենք, Միացյալ Նահանգների գերիշխանությունից, իսկ այդ գերիշխանության լավագույն դրսևորումը եվրոպական երկրների վրա առաջին հերթին Պենտագոնի և ՆԱՏՕ-ի զորակազմն է, օրինակ՝ մասնավորապես Գերմանիայում․ մի քանի 100 փոքր կամ մեծ ռազմաբազաներ կան։ Այդ երկիրը ռազմական առումով Արևմուտքի կողմից գրավված է։ Եվ երկրորդ՝ դոլարի գերիշխանությունը։ Եվ ամեն ինչ անելու է, որ Չինաստանից մինչև Լիսաբոն «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» հայտնի ստրատեգիան, որը կիրառում է Չինաստանը (չինական ապրանքները մինչև Եվրոպա, եվրոպական արտադրանքը մինչև Չինաստան և Ճապոնիա բերելու համար), այդ ճանապարհին Արևմուտքը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի տարբեր ուղղություններով լինեն ռազմական կոնֆլիկտներ։ Եթե Ռուսաստանի կենտրոնական և արևելյան մասերում այս մահակն Արևմուտքի ձեռքում խաղում է Թուրքիան, որը մասնավորապես ներգրավված է չորս կոնֆլիկտի մեջ՝ Իրաք, Սիրիա, Լիբիա և Հարավային Կովկաս, ապա ՌԴ եվրոպական մասի ուղղությամբ փորձ է արվում այդ կոնֆլիկտների որպես մահակ կամ որպես միջոց օգտագործել Ուկրաինային։   

- Իսկ Թուրքիան կշարունակի՞ «Բայրաքթար»-ներ տրամադրել Ուկրաինային Դոնբասի կոնֆլիկտում։

- Ես չեմ ուզում գուշակություններ անել։ Ես հայտարարել էի, որ դա թուրքական «Բայրաքթար» չէ։ Դրա համար ես իմ խոսքում ասացի՝ «այսպես կոչված»։  Եթե արտադրամասերը, որտեղ հստակ մտնում են այդ անօդաչու գրոհային թռչող սարքերի մասերը, և Թուրքիան ընդամենը հավաքում է, միացնում է, այստեղ ամեն ինչ արևմտյան է։ Շարժիչն արտադրում է մի երկիր, հրթիռներն՝ այլ երկիր, մասերն՝ այլ երկիր։ Ես ավելի շուտ հակված եմ, որ Թուրքիայում ոչինչ էլ չի հավաքվում։ Իրականում այսպես կոչված «Բայրաքթարների» արտադրամասներ մտնում է պատրաստի «Բայրաքթարը» և մյուս դռնից դուրս է գալիս։ Ընդամենն այդ հրթիռների վրա նշվում է, որ թուրքական արտադրության է։ Իրականում դա արևմտյան զինատեսակ է՝ տրված Թուրքիային ռազմական կոնֆլիկտներում օգտագործելու համար։

Վաղը չէ մյուս օրը եթե Ուկրաինան ասի․ «Ես ունեմ սեփական արտադրության գրոհային ԱԹՍ-ներ, որն այս կամ այն ձևով պարամետրերով մոտ էր, ենթադրենք, թուրքական «Բայրաքթարներին», կասկած չունենաք, որ Արևմուտքը ևս տրամադրել է այդ զինատեսակը Ուկրաինային։ Բայց որպեսզի ինքը որևիցե պատասխանատվություն չկրի պատերազմից կամ լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստների համար, ինքն ասելու, որ «Ուկրաինան է արտադրում, իր զինված ուժերի ռազմարդյունաբերական համալիրն է»։ Այնպես, ինչպես Թուրքիան էր ասում։ Ես առավել քան համոզված եմ, գոյություն չունի թուրքական «Բայրաքթար»։ Գոյություն ունեն արևմտյան անօդաչու թռչող սարքեր, որոնց վրա գրվում է «Made in Turkey», ու գնում ռազմական գործողությունների թատերաբեմ։ 

Այդ դետալները ՆԱՏՕ տարբեր անդամներ երկրներ են արտադրում։ Ընդորում հիշո՞ւմ եք, որ տեսախցիկների պահով աղմուկ եղավ, Կանադան ասեց․ «Ես էլ չեմ տա, ես արգելք եմ դնում» և այլն։ Որտեղ որ ՆԱՏՕ-ն փորձում է պատերազմ կամ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծել, այս կամ այն երկրին դա տրամադրում է՝ տվյալ երկրի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք ներկայացնելով։ Թուրքական «Բայրաքթար» գոյություն չունի։ Դա ՆԱՏՕ-ական զենք է, այժմ ես չեմ բացառում, որ նման զինատեսակ, բայց գրած լինի «Ուկրաինա»։ Եթե 1-2 հատ խփվի կամ հետո ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով իջեցվի գետնին, կպարզվի, որ բոլոր դետալները, անխտիր, չկասկածեք, բոլորը ՆԱՏՕ անդամ երկրների արտադրանք են։