Ո՞վ է ասում՝ սխալ ենք արել, լեւոնական թափթփուկնե՞րը

Ո՞վ է ասում՝ սխալ ենք արել, լեւոնական թափթփուկնե՞րը

Թեեւ այսօր Սահմանադրական դատարանում նախագահի ընտրություն է նշանակված, սակայն իշխող խմբակցությունում դատարանակազմության ընթացքի հետ կապված խմորումները, ավելի ճիշտ՝ դժգոհությունները, նոր թափ են ստացել։ Չի բացառվում, որ որոշ պատգամավորներ, մասնավորապես, այսպես կոչված՝ տերպետրոսյանական թեւի ներկայացուցիչները, վայր դնեն մանդատները։ Բանն այն է, որ օրերս կայացած իշխանության ընդլայնված նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի վերաբերյալ քննարկման ընթացքում չի կարողացել զսպել էմոցիաները եւ լեւոնականներին անվանել է «թափթփուկ»։ Մենք անդրադարձել էինք այդ նիստին եւ գրել, որ Փաշինյանը բավական հավասարակշիռ պահվածք է դրսեւորել, բայց մեզ պատմեցին, որ ՍԴ-ի հարցի քննարկման ժամանակ, այնուամենայնիվ, նա հունից դուրս է եկել, ճիշտ է՝ դա տեւել է կարճ, բայց, ինչպես ասում են՝ մահացու։

Երբ պատգամավորներից նրան փոխանցել են հասարակության շրջանում առկա դժգոհությունները ՍԴ նոր դատավորներ Էդգար Շաթիրյանի, Արթուր Վաղարշյանի եւ հատկապես Երվանդ Խունդկարյանի հարցում, Փաշինյանը սկզբում փորձել է համոզել, որ չպետք է վախենալ սխալներից, որ ցանկացած իդեալական  որոշում ինչ-որ խմբի կողմից կարող է չընդունվել, սակայն երբ պատգամավորները փորձել են բովանդակային քննարկում սկսել, Փաշինյանը տեղում կանխել է երկխոսությունը եւ գրեթե բառացիորեն ասել․ «Էդ ո՞վ է ասում՝ ՍԴ-ի հարցում սխալ ենք արել, ո՞վ ա ասում՝ Վահե Գրիգորյա՞նը, լեւոնական թափթփուկնե՞րը, որ պատերի տակ բամբասում են աբիժնիկի պես: Լավ ենք անում, ճիշտ ենք արել, ու լեւոնականները չպետք է նախկին հիշողություններով մեզ բաներ փորձեն պարտադրել, ճիշտ ենք արել՝ ՍԴ-ի էջը փակված ա»։ Մեզ պատմեցին, որ պատգամավորներից ոչ մեկը ծպտուն չի հանել, նույնիսկ հասցեատերերը գլխիկոր լսել են Փաշինյանի փրփրած ելույթը։ Հենց այս թեմայից է ծագել «ճշտի ու սխալի» մասին հայտնի ստատուսն ու պատմական էքսկուրսը՝ «Քաղպայմանագրի» հերոսական ուղու մասին։ Վարչապետը հիշեցրել է, որ ժամանակին այդ քայլերի համար ինքը քննադատության է արժանացել, բայց 2018 թվականի թավշյա իրադարձություններն ապացուցել են իր գործողությունների ճշմարտացիությունը։

Ինչեւէ, մեզ ասացին, որ այդ գրառումը չի հանդարտեցրել իմքայլական կրքերը, եւ որոշ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու հարցը դեռ օրակարգային է։ Տեղեկացանք, որ ՍԴ դատավորների ընտրության օրը՝ վաղ առավոտյան, «Իմ քայլի» նիստում խմբակցության որոշ պատգամավորներ, այդ թվում՝  Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Գոռ Գեւորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը եւ այլք, քննարկել են մանդատը վայր դնելու հարցը։ Իհարկե, նրանք բոլորն էլ խելոք կատարել են վերեւից իջած հրահանգը եւ կողմ են քվեարկել երեք թեկնածուներին էլ, բայց հույս են ունեցել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակն այլ հուն կմտնի։ Սակայն Փաշինյանը, ինչպես ասում են, հանդիպմանը հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ է հանել եւ բոլոր ըմբոստ, դատարանակազմությունից դժգոհողներին նույնացրել լեւոնականների հետ ու նրանց անվանել «թափթփուկ»։ Իհարկե, դեռ պարզ չէ՝ իշխանական պատգամավորները կկարողանա՞ն իրենց մեջ ուժ գտնել եւ ընտրություն կատարել մանդատի ու արժանապատվության միջեւ։ Հնարավոր է՝ մանդատը հաղթի։

ՀԳ․ Երեկ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով որոշ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մենք բռնապետական համակարգում չենք, ես որեւէ կերպ որեւէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված չեմ կարող որոշում կայացնել, կարծիք հայտնել: Ամեն պատգամավոր ինքն է որոշում կայացնում ու հիմնավորումներ ներկայացնում: Հետեւաբար, ես անտեղի ու անհարկի եմ համարում այդ հարցերը: Իսկ ասեկոսեների մասով, որոնք լսել եք ու մի մասի մասով հերքում ստացել, պետք է լսենք հենց այդ պատգամավորների մեկնաբանությունները»: