Երգիչների գործունեությունը բացօթյա վայրերում կթույլատրվի, ինչպես նաև՝ դիմակ չկրելը բացօթյա որոշ վայրերում 

Երգիչների գործունեությունը բացօթյա վայրերում կթույլատրվի, ինչպես նաև՝ դիմակ չկրելը բացօթյա որոշ վայրերում 

Արտակարգ դրությունը ևս մեկ անգամ երկարաձգելու կառավարության որոշումից հետո ԱԺ հատուկ նիստին պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ առաջիկայում կվերանայվեն որոշ վայրերում դիմակի կրման պարտադիր պայմանները, և, առհասարակ, տեղի են ունեցել մի շարք սահմանափակումների մեղմացումներ։

«Հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել։ Միաժամանակ, օտարերկրյա քաղաքացիների համար հանվել է ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, և նրանք ՀՀ կարող են ժամանել միայն արտերկրում մեր ներկայացուցչություններում տրված վիզայի կամ էլեկտրոնային վիզայի հիման վրա», - ասաց նա։ Սրանով նպատակ է դրված ՀՀ մուտքի կանխատեսելիությունը։ Արտերկրից ժամանող անձանց ինքամեկուսացման կարգի մեջ փոփոխություններ են կատարվել, և ՀՀ ժամանող անձը, եթե առկա չեն ախտանշաններ, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ ինքնամեկուսանալ կամ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական թեստից հետո դուրս գալ ինքնամեկուսացումից։
 
Ինչ վերաբերում է ընտանեկան միջոցառումներին, հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին, թույլատրվելու է երաժիշտների և երգիչների մասնակցությունը նմանատիպ բացօթյա միջոցառումներին: Այսինքն՝ փակ տարածքներում դեռ գործելու են սահմանափակումները։ Սահմանափակվում է ոչ ավել, քան 40 հոգու մասնակցությունը նախկինում գործող 5 հոգու փոխարեն։ Ընտանեկան արարողություններ են համարվում տոնական և հիշատակի արարողությունները, ներառյալ՝ տարեդարձերը, հարսանյաց, նշանադրության ու սգո արարողությունները։

Այսուհետ թույլատրվում են նաև հավաքների ու գործադուլների կազմակերպումը, անցկացումն ու մասնակցությունը` դիմակ կրելու ու միմյանցից 1․54 մետր հեռավորություն պահպանելու պայմանով։ Որևէ քանակային և ժամանակային սահմանափակումներ նախատեսված չեն։

Բուհերի մասով պարետատունը որոշումներ կկայացնի հաջորդ շաբաթվա ընթացքում։

Ավինյանը հույս հայտնեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ։ Բայց նա ասաց, որ պետք է սովորել ապրել կորոնավիրուսի համավարակի հետ՝ պահպանելով հակահամաճարակային վարքագծի կանոնները։ Սա նաև պարետատան մշակած կառավարման պլանի հիմնադրույթն է։ Կառավարման պլանները վերաբերում են առանձին ոլորտների համար սցենարային պլաններին։