Սերոբ Գասպարյանը չէր կարող մասնակից լինել իրեն մեղսագրվող գործողություններին
Ազատամարտիկ, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Սերոբ Գասպարյանին դատարանը կալանավորելու որոշում է կայացրել: Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել «Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք» հայտնաբերելու եւ 7 անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին, որից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
«Հրապարակը» կապ հաստատեց Գասպարյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հետ, ով մեզ ասաց, որ իր պաշտպանյալը հոգով ամուր է, սակայն վիրավորված է` իրեն նման մեղադրանք ներկայացնելու հետ կապված։
«Պրն Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչում, նման բանում իր ներգրավվածությունը չէր կարող լինել»։ Փաստաբանն ասաց, որ Սերոբ Գասպարյանն իրեն մեղսագրվող արարքները չի կատարել, ոչ էլ կարող էր կատարել` դա ուղղակի բացառվում է, անհնարին է ու իրականության հետ կապ չունի:
Գասպարյանին այս պահին պահում են Կենտրոն քրեակատարողականի մեկուսարանում՝ ԱԱԾ-ին կից, տեսակցություններն արգելված են, միայն փաստաբանն է կարողանում տեսակցել պաշտպանյալին:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ անդրադարձել էր Ռուսաստանում գործունեություն ծավալող «ԱրԲատ» գումարտակին, որ հենց նրանց մոտ են պատրաստություն անցել կալանավորված անձինք ու դրա դիմաց գումար են ստացել։ Այդ գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը «Սպուտնիկի» հետ զրույցում հայտարարել է, որ Քննչական կոմիտեի՝ Հայաստանում հեղաշրջման փորձի մասին հաղորդագրությունը Ռուսաստանի դեմ քարոզչություն է։
Նա մասնավորապես ասել է, որ իրենց Հայաստանի քաղաքական կյանքը չի հետաքրքրում, իրենք պայքարում են այն երկրի համար, որտեղ ապրում են, և իրենք ընդհանրապես քաղաքականությամբ չեն զբաղվում՝ զինվորականներ են:
««Մենք առհասարակ երբեք չեն մեկնաբանել ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ոչ ՀՀ վարչապետին, ո՛չ էլ որևէ այլ մեկին, ով կապ ունի հայկական քաղաքականության հետ։ Մենք զինվորականներ ենք, քաղաքական գործիչներ չենք։ Մենք պայքարում ենք այն պետության հետաքրքրություններից ելնելով, որտեղ մենք ապրում ենք»,-ասել է «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարել, 3 կալանավորվածներից մեկը Արցախյան պատերազմների մասնակից, հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանն է:
Հիշեցնենք նաև, որ Սերոբ Գասպարյանի եղբայրն ու եղբոր որդին զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ:
Կարծիքներ