Եղունգներից հետո անցնելու է ներքնաշորերը ստուգելուն․․․

Եղունգներից հետո անցնելու է ներքնաշորերը ստուգելուն․․․

Գորիսի սովխոզի մի շատ լավ ղեկավար ունեինք՝ Բակունց Սուրենը։ Կրթություն չուներ, բայց անսահման նվիրված, աշխատասեր ու օրինակելի ղեկավար էր։ Գերագույն սովետի դեպուտատ էր։ Շատ ազնիվ, գյուղացու մասին մտածող, գյուղի հոգսերով ապրող ղեկավար էր։ Գորիսեցիները նրա հետ կապված շատ բաներ կհիշեն, բայց ես մեկը հիշեցնեմ։ 

Կոմունիստների ժամանակ էր։ «Զանգեզուր» թերթի խմբագրությունից տեղեկացնում ենք   Բակունց Սուրենին, որ վաղը գալու ենք աշխատողներից «ինտերվյու» վերցնենք։ Էս խեղջ մարդը չի իմանում, թե «ինտերվյուն» ինչ է։ Աշխատողներին հավաքում ու ասում է․

-Էգուց թերթան մարդա կյալու, ,,ինտերվյու,, պիտի տաք։ 

Գյուղացիները չեն իմանում, թե ,,ինտերվյուն,, ինչ է, վախեցած հարցնում են․

-Բա մենք հի՞նչ պիտի անենք, ինտերվյուն հի՞նչա։ 

Բակունց Սուրենը բարկացած ասում է․

-«Ինտերվյու- մինտերվյու» գյուդում չեմ, սաղդ ծեր տակի շորերը կփոխեք, մաքուր կըկյաք։ 

Շարունակությունը չեմ պատմում, որին ականատես եղանք։ Կով կթողները  ոչ միայն «տակի շորերն էին փոխել», այլ նոր, նեղ  շորեր էին հագել, եղունգներին «մանիկյուր գցել», մյուս բաներն էլ չասեմ։ Ոնց որ եկել էին օպերա ու իրենց կովերը լրագրողներս պիտի կթեինք։ 

Ինչևէ, նման մի անախորժ պատմության մեջ է ընկել առողջապահության ոչ մասնագետ նախարարը։ Եթե մասնագետ լիներ, մասնագիտական բաներից կխոսեր, չէր ընկնի բուժաշխատողների եղունգների հետևից։ Նա հրաման է ստորագրել, որ բուժաշխատողների ձեռքերի եղունգները պետք է կարճ կտրված լինեն, եղունգները մատի թմբիկից բարձր չպետք է լինեն, արգելվում են արհեստական եղունգները, եղունգների վրա լաքի առկայությունը, ձեռքերին զարդերի առկայությունը:

Նման ծանոթացման թերթիկ ուղարկվել է բոլոր բուժհաստատությունների բուժաշխատողներին՝ բաժանմունքների վարիչներին, բժիշկներին, ավագ բուժքույրերին, քույր տնտեսուհիներին, մայրապետներին։ 

Այսօր, երբ լրագրողները հարցրին նախարարին, թե առողջապահության բնագավառում ամեն ինչ փայլուն է, եղունգնե՞րն է մնացել, նա կատակերգության ժանրին մոտիկ մի պատասխան տվեց․ «ՀՀ-ում առողջապահական համակարգը դինամիկ, արագ և նկատելիորեն զարգանում է և բժշկության ու առողջապահական համակարգի զարգացման մեջ շատ կարևոր են նաև հիգիենիկ պայմանները»։

Այսինքն ասաց այն, ինչ կես դար առաջ երկրորդ դասարանի կրթություն ունեցող Բակունց Սուրենն էր ասել՝ ««Ինտերվյու- մինտերվյու» գյուդում չեմ, սաղդ ծեր տակի շորերը կփոխեք, մաքուր կըկյաք»։

Հիգիենան միայն եղունգների մե՞ջ է։ Եղունգներից հետո անցնելու է ներքնաշորերը ստուգելուն․․․