QR-կոդերի թաքնված գաղտնիքը՝ ՀՀ դասագրքերում, որոնք պատմում են Ադրբեջանի մասին
Hraparak.am-ին ահազանգել են հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների ծնողներ՝ ասելով, թե «Աշխարհագրություն» առարկայի 3-րդ էջում ուղղորդվող նշաններ բաժնում լրացուցիչ նյութեր որոնելիս, որոնք QR-կոդերի տեսքով են, բերում է Ադրբեջանի մասին տեղեկատվություն։
Hraparak.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Վանո Կարապետյանն այնքան էլ հակված չէ եղածը հաքերային հարձակում որակելուն, քանի որ, ըստ մասնագետի՝ երբ բացում ես Ադրբեջանի մասին պատմող տեղեկությունը ինչ-որ առումով հայանպաստ է։
«Դա կարող էր, պարզապես, ակտիվ չլինել, բայց պատահականություն է, թե ինչ, երբ բացում ես, Ադրբեջանի մասին տեղեկություն է բերում։ Բայց հետաքրքիրն այն է, որ այդտեղ նշված է Ադրբեջանի տարածքն՝ առանց Արցախի, եւ Արցախի հարցը վիճարկելի է, ինչը հաստատ իրենք չէին անի, ադրբեջանցիները հայտարարել են, թե 9 մլն ազգաբնակչություն ունեն, մինչդեռ այդ տեղեկությունում նշված է 5 մլն, որն ի դեպ, ավելի իրական է։ Դրանցից ելնելով՝ չեմ կարծում, թե հակերական ինչ-որ քայլ է, ուղղակի, եթե բացատրական նպատակով է, ապա գոնե չպետք է նույնականացվեր, կամ այլ նյութ կարող էին տեղադրել, օրինակ՝ հայերը Ֆրանսիայում։ Հիմա սխալմունք է, թե դիտավորություն, ես այդքան էլ չեմ ուզում ծայրահեղացնել։ Մասնագետներն անգամ երկու մասի են բաժանվել ։Մի մասն ասում է՝ տեղեկատվություն են ստանում աշակերտները, որն ինչ-որ տեղ պետք է, ոմանք էլ գտնում են, որ հոգեբանական ճնշում է»,- Hraparak.am-ին ասաց կրթության փորձագետը՝ միևնույն ժամանակ փոքր-ինչ տարօրինակ համարելով այն, որ Մայրենիի 6-րդ դասարանի դասագրքում ևս նույն խնդիրը կա։ Քանի որ, եթե աշխարհագրություն առարկայի հետ կապված ինչ-որ տեղ հասկանալի է․ առարկան ռեգիոնալ է, ապա մայրենիի դասագրքում նման վրիպակն անընդունելի է։
Անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկան Հայաստանի պատմություն վերանվանելու ԿԳՄՍ նախարարության որոշմանը՝ որպես պատմաբան՝ Վանո Կարապետյանը վստահեցրեց․ «Անվանումը էականորեն շաղկապակցված է դասագրքի բովանդակության եւ հիմքի հետ, թեպետ մեծ հույս ունեմ, որ այդ անվանումով՝ Հայաստանի պատմություն առարկան չի դասավանդվի, պատմագիտության մեջ 5-րդ դարից սկսած մեր պատմիչները հիշատակել են «հայոց պատմություն» անունը, այսինքն, այս կերպ փորձ է արվելու խախտել մեր ժառանգականության, պատմագիտական ավանդույթները ։Ես հարցումներ եմ արել ԿԳՄՍ նախարարություն, խնդրել ինձ տրամադրել այն մասնագետների անունները, ովքեր ներգրավված են այդ պրոցեսում, իսկ նախարարության պատասխանը եղավ, թե իրավունք չունեն հրապարակել նրանց անունները։ 2023թ-ից փոխվել է դասագրքերի փորձաքննության կարգը, եւ ըստ օրենսդրության՝ հանձնաժողվի անդամների անունները գաղտնի են պահվում ։ Սկզբնական շրջանում ես էլ եմ համաձայն, որ նրանց անունները գաղտնի մնան, որպեսզի օբյեկտիվությունը չտուժի, բայց պրոցեսներից հետո պետք է հրապարակվի, որպեսզի մասնագետները կարողանան նրանց հարցեր ուղղել։ Հիմա անկեղծ, ես ԿԳՄՍ նախարարությանն այնքան էլ չեմ վստահում։ 2019թ-ին վստահեցրեցին, որ Հայոց եկեղեցու պատմությունն անպայման ներառվելու է Հայոց պատմություն առարկայի մեջ, մինչդեռ անցած տարի լույս տեսավ Սմբատ Հովհաննիսյանի դասագիրքը, որտեղ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայոց եկեղեցին, անգամ քրիստոնեության պատմությունն այնքան աղոտ է ներկայացված, որ սերունդների դաստիարակության համար չափազանց աղքատիկ է»,-ասաց մեր զրուցակիցը։
Կարծիքներ