Ոչ միայն իշխանությունների ցանկությունները, այլեւ ընդդիմադիրների հնարավորությունները

Ոչ միայն իշխանությունների ցանկությունները, այլեւ ընդդիմադիրների հնարավորությունները

Երեւի թե հենց այն պատճառով, որ մեր պատկերացրած «ապագա Հայաստանում» պարտադիրը ոչ թե ժողովրդավարական լինելու հանգամանքն է, այլ երկրի հզորությունը, մենք չենք կարողանում հասկանալ սահմանադրական փոփոխություններ կատարելու համար իշխանությունների նախաձեռնած հանրաքվեի նկատմամբ ընդդիմության, մեղմ ասած, վերապահ վերաբերմունքը:
Այնինչ, եթե հեռուստաէկրանների առջեւ եւ ֆեյսբուքյան հարթակներում ամեն օր «սուր ճոճող» ընդդիմությունը, որպես «հանրաքվեի արդյունք», կարողանա տեսնել ոչ միայն «դիկտատուրա հաստատելու» իշխանությունների ցանկությունը, այլ նաեւ երկրում «ինչ-որ կարեւոր բան փոխելու» իր հնարավորությունը, ապա այդ հանրաքվեն նրա համար պետք է ընկալվի որպես «Աստծո կողմից ուղարկված պարգեւի պես» մի բան։ Քանի որ այն ճիշտ կազմակերպվելու եւ տրամաբանված աշխատելու դեպքում հանրաքվեն կարող է նաեւ «Նիկոլ Փաշինյանի կառավարության վստահության հանրաքվեի» նշանակություն ստանալ:

Իսկ այդ ժամանակ ժողովուրդն ինքը թող որոշի, թե ում, որքան եւ ինչպես է վստահում, մանավանդ որ այդ որոշումը, իրոք որ, գոնե այսօր շատ է պետք այս երկրին: Այն պետք է, որպեսզի երկիրը դուրս գա ներքաղաքական պայքարի անվերջանալի թվացող այս տեղապտույտից եւ, վերջապես, սկսի աշխատել:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության գործելակերպին, ապա շատ ավելի լավ կլիներ, որ նա չվախենար իրականությունը տեսնել այնպես, ինչպես որ այն կա, եւ հեռուստաէկրաններից «սուր ճոճելու» փոխարեն գնար ժողովրդի մոտ եւ խոսեր հենց ժողովրդի հետ: Բայց խոսեր ոչ թե այն մասին, թե ինչ վտանգավոր բան է ուզում անել Նիկոլ Փաշինյանը սահմանադրական այդ փոփոխություններով, այլ այն մասին, թե ինչ կարեւոր ձեռքբերումներ կարող է ունենալ այս երկիրը, եթե չլինեն այդ փոփոխությունները: 

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ