Մի ծառի չափ խելք էլ չունենք՝ կառչենք հողին, որ հողը չփախչի․․․

Մի ծառի չափ խելք էլ չունենք՝ կառչենք հողին, որ հողը չփախչի․․․

Ինչքան Հայաստանի շուրջը օղակը սեղմվում է, ինչքան երկրի վիճակը օրհասական է դառնում, դրան զուգահեռ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը  ամենաբարձ ռիթմով երաժշտություն է միացնում։ Գիտե՞ք սա ինչի եմ նմանեցնում։ Սերիալի, երբ դերերի կատարմանը զուգահեռ հնչում են համապատասխան ռիթմի երաժշտություն։ Երբ մարդ են մորթում ու դրան համընթաց մի այնպիսի երաժշտություն հարմարեցնում, որ տասը մարդ մորթելու հնչեղություն ունենա ու մորթվողի ձայնը չլսվի։ Երբ երաժշտությունը այնքան են բարձրացնում, որ ձայն չլսվի, թե ինչ է կատարվում։ Երբ հնչող երաժշտությունից ենք իմանում, թե երկրում ինչ վիճակ է տիրում։ Երբ երկիրդ ոտերիդ տակից տանում են, դու լսում ես ինչ որ մեկի շարժական կամ անշարժ գույքը բռնագանձելու մասին։ Երկրի իրական վիճակը նրա տերերից գաղտնի է պահվում։ Աղմուկի մեջ խեղդում են մի ողջ ժողովրդի ողբ ու կական։  Ականների վրա նստած՝ չգիտենք, որ վաղը կարող է այդ երկիրը,  հողն էլ չունենանք։

Ու մեր ոտքերի տակի սահող հողը պահելու փոխարեն, հողը մեր արմատներով ու զորությամբ ամրացնելու փոխարեն ամեն օր մխրճվում ենք մեզ մատուցած ծանր երաժշտության թանձրուկի մեջ․․․ Սրանից բռնագանձեցին, նրանից բռնագանձեցին․․․ Մի ծառի չափ խելք էլ չունենք՝ կառչենք հողին, որ հողը չփախչի․․․Հակակոռուպցիոն դատարանի հրապարակած թվերին որ նայենք, Հայաստանը ռազմական հզորությամբ պիտի  առաջին  տասնյակում լինի։ Ամեն ժամ, ամեն օր այնպիսի թվեր են հրապարակվում, որ բռնագանձում են, որ պիտի բռնագանձեն, մարդու սիրտ է կանգնում։ Լավ, այդ փողերն ի՞նչ եք անում, ու՞ր են, երբ մուրացկանի նման ընկած ենք աշխարհի ոտքերը։

Այսօր էլ կարդում եմ, որ դատախազությունը պահանջում է բռնագանձել Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի 7 անդամներին պատկանող գույքը. արգելանք է կիրառվել։  Ինձ ներկայացված թվերը չեն սարսափեցնում, այլ այն, թե ու՜ր են գնում, գնալու բռնագանձված գումարները․․․ Գուցե դրանք միֆ են, ծանր երաժշտություն, որի աղմուկի ներքո մեր ոտքերի տակից մեր  հողը տանում են․․․ Գորիսի Մեծն Ակսել Բակունցի բզեզի նմա՞ն չենք, որ ամեն ինչից անտեղյակ արբած մրափ է մտել․   «Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ... »։