Լիլիա Շուշանյանի առեղծվածային ազատումը

Լիլիա Շուշանյանի առեղծվածային ազատումը

Գնել Սանոսյանի՝ տարածքային կառավարման նախարար նշանակվելուց հետո նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը սեպտեմբերի 2-ին անակնկալ ազատվեց, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։ Նախարարությունը չի պարզաբանում ազատման պատճառը։

Շուշանյանը, հիշեցնենք, կառավարություն է եկել Հովիկ Աբրահամյանի ժամանակ, ապա աշխատել է Կարեն Կարապետյանի օրոք, համարվում էր Դավիթ Հարությունյանի «կադրը»։ Գնահատելով նրա փորձը՝ Սուրեն Պապիկյանը նրան հրավիրել էր տարածքային կառավարման նախարարություն։ Պապիկյանի՝ փոխվարչապետ նշանակվելուց հետո Շուշանյանն ազատվեց աշխատանքից։

Ընդ որում, տեղակալներից միայն նա է ազատվել։ Կա՛մ նորանշանակ նախարար Սանոսյանը չի ցանկացել աշխատել Շուշանյանի հետ եւ իր թեկնածուն ունի այս պաշտոնում, կա՛մ Շուշանյանն է ինքնակամ ազատվել։ Ի դեպ, Պապիկյանը նոր պաշտոնին անցնելով՝ տարածքայինից որոշ կադրերի տարել է իր հետ, հիմնականում՝ հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին․ խորհրդական, օգնական, գլխավոր քարտուղար։ Բայց Լիլիային չի հրավիրել։

Լիլիա Շուշանյանի աշխատանքի մասին մարդիկ դրական են արտահայտվում՝ ոլորտից հասկանում է, կարողանում է աշխատել հանքարդյունաբերողների հետ։ Վերջին նախագիծը, որով հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիից 2 տոկոս պետք է մասհանում իրականացվի ազդակիր համայնքներին, նրա նախաձեռնությունն է։

Կիրակի օրը նա իր էջում մի երկարաշունչ գրառում էր արել։

«Առաջնորդվել եմ այն գործելաոճով, որ ամեն օր ի հայտ եկող խնդիրներին պրակտիկ լուծումներ տալուց բացի զուգահեռ ինքներս մեզ պետք է ստիպեինք դառնալ դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ որպես քաղաքականություն մշակող մարմին։ Որքան էլ այսօրեական հարցերի կարգավորումն էական էր երկրի եւ տնտեսության բնականոն կյանքի համար, այդուհանդերձ, միայն ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով է հնարավոր ստեղծել արդյունավետ աշխատող համակարգեր, որոնք կախվածության մեջ չեն լինի անձերից»,- գրել է Շուշանյանը՝ ակնարկելով, որ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների խիստ սղության պայմաններում է ամենն իրականացվել։

Հետո ակնարկ է արել․ «Բացերի, գերատեսչական, միջազգային, նեղ խմբային ու այլ՝ միմյանց հակասող բազում շահերի, մասնագիտական եւ այլ ճնշումների այս դաշտում արդեն վարչարարության մեջ խիզախորեն առաջնորդվել ենք օրենքի առջեւ բոլորի հավասարության կիրառման սկզբունքով, ինչի արդյունքում ձեռք ենք բերել ամենակարեւոր արդյունքը՝ բոլորը զգացել, գիտակցել եւ իրենց  գործողություններում աստիճանաբար հաշվի են նստել ոլորտում պետական մարմնի առկայության եւ բացառապես պետական շահի առաջնահերթության հետ։ Լիահույս եմ, որ այս գործելաոճը կշարունակվի հետայսու եւս»։

Վերջում նա շնորհակալություն է հայտնել հանքարդյունահանող ընկերություններին եւ ակադեմիայի ներկայացուցիչներին, ոլորտի անկախ մասնագետներին, քաղհասարակության կառուցողական հատվածին՝ համատեղ աշխատանքի համար։ Եվ ոչ մի խոսք Սուրեն Պապիկյանի կամ կառավարության ու իշխող թիմի մասին։

Շուշանյանը մեզ հետ զրույցում հարցին, թե, ի վերջո, որն էր իր ազատման պատճառը, դիվանագիտական-խուսափողական մեկնաբանություն տվեց՝ հստակ չձեւակերպելով․ «Ընդհանուր կոնյունկտուրան բերել-հանգեցրել է այս որոշմանը այս պահին։ Էդպես եմ ճիշտ համարել»։

- Ձեր գրառման տակ տողատակեր նկատեցինք, որ դիմադրության եք հանդիպել, կամ գուցե չեն գնահատել Ձեր աշխատանքը։

- Չէ, խնդիրն այն էր, որ ամբողջ պետական համակարգում ընդամենը 20 հոգանոց վարչություն է աշխատում, եւ ես ուզում էի այդ մարդկանց իմ անձնակազմի գործը նույնպես բոլորին մատուցել։ Նրանք չափազանց մեծ գործ են անում, իրականում։ Եվ գնացել ենք, այո, ինստիտուցիոնալ լուծումների, որ այն խնդիրներին, որ այսօր բախվում էինք, վաղը նման խնդիրներ չլինեն։

- Չէի՞ն գնահատում Ձեր աշխատանքը։

- Իհարկե, գնահատում էին, եթե գնահատանքը չլիներ, այդ օրենքները չէին անցնի։

- Իսկ նոր նախարարն այդ ամենը չի՞ տեսել, չի՞ գնահատել։

- Իհարկե, տեսել է։

 - Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը, որ չմնացիք՝ ի՞նքը չցանկացավ աշխատել Ձեզ հետ, թե՞ Դուք չցանկացաք մնալ։

- Խնդիր ընդհանրապես չկար իմ եւ նախարարի միջեւ։ Էլի եմ ասում՝ ընդհանուր կոնյունկտուրան է նպաստել, որ ես գամ-հանգեմ էս որոշմանն էս պահին։ Ու ես չեմ պատրաստվում շատ հեռանալ ոլորտից, որովհետեւ էս ոլորտն ինձ շատ հոգեհարազատ է, եւ կարծում եմ՝ ես դեռ իմ նպաստը կարող եմ ունենալ։

- Այլ աշխատանքի անցնելու առաջարկ եղե՞լ է Ձեզ։

- Այո, այս ընթացքում շատ է եղել, բայց ես, որպես պետական պաշտոնյա, էթիկապես ճիշտ չեմ համարել որեւէ առաջարկ քննարկել այդ կարգավիճակում։

- Ասում էին, թե հնարավոր է՝ Սուրեն Պապիկյանի հետ գնաք փոխվարչապետի գրասենյակ։

- Չէ, չեմ գնալու։