Կապանում վարչապետի ասուլիսի օրերը ակցիաներ են նախատեսվում

Կապանում վարչապետի ասուլիսի օրերը ակցիաներ են նախատեսվում

Մենք հունվարի 20-ին հոդված ունեինք՝ «Կապանում վարչապետի ասուլիսին «հատուկ» են պատրաստվում» վերտառությամբ, որի տեղեկատվությունը ստացել էինք հենց Կապանից։ Հոդվածում գրված էր, որ հունվարի 25-ին Կապանում տրվելիք մամուլի ասուլիսին պատրաստվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ պատրաստվում են կապանցիները, որոնք որոշել են այդ օրը ճանապարհ փակել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված որոշ հարցեր բարձրացնել՝ «կապանյան շրջանակներում քննարկվում է, որ այդ նախաձեռնությունը համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը: Փաստ է, որ Աղաջանյանն առանց վարչապետի իմացության քայլ չէր անի և ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ նպատակով է ընտրել ասուլիսի վայրը: Մինչև ասուլիսի օրը հավանաբար հայտնի կդառնա, թե կոնկրետ ինչ են պահանջելու ցուցարարները, որը լույս կսփռի նաև տևական ժամանակ ծավալվող այն խոսակցությունները, համաձայն որի՝ Փաշինյանն ուզում է կոմբինատի ղեկավարներին ստիպել այն վաճառել իրենց ուզած մարդուն: Կապանում նաև տեղացիների անուններ են շրջանառվում, ովքեր այս օրերին մարդկանց հետ աշխատանք են տանում՝ ճանապարհ փակելու գործում , կազմակերպիչների անուններում շրջանառվում են Արմեն Փարամազյան և Չեչեն Սամո մականվամբ մարդկանց անունները»:

Այս հոդվածի տակ քոմենթներ կային, որտեղ հերքում էին նշված տեղեկատվությունը՝ ոչ մի ակցիա չի լինելու, ոչ ոք նման բան չի կազմակերպում։ 

Այսօր մենք ստացանք մեր հրապարակման «իրեղեն» ապացույցները։ Կապանում արդեն կոչեր են հնչում՝ ասուլիսի օրը փողոց դուրս գալու եւ կոմբինատի հետ կապված պահանջներ հնչեցնելու։
Տեղադրում ենք այդ տեսանյութերը, որոնցից մեկն, ի դեպ, Արմեն Փարեմուզյան օգտատիրոջ էջից է։

Ուշագրավ է, որ այս ակցիաներին մասնակցում է հազիվ 5-ից 10 մարդ։ Ընդամենը մի մեքենա բերել կանգնեցրել են ճանապարհի մեջտեղում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի հատվածում։ Մեզ Կապանից ասացին, որ հազիվ են այդքան մարդ հավաքել՝ ակցիային մասնակցելու համար, նրանք հիմնականում Քաղպայմանագիր կուսակցության տեղի ակտիվիստներն են, ինչը եւս վկայում է, որ բողոքի իմիտացիա ստեղծելու նախաձեռնողը իշխանությունն է, որը որոշել է կոմբինատում սեփականության վերաբաշխում իրականացնել։