ԱԹՍ- ները գրոհել են «Թուրքական հոսքը». Կրեմլի պարզաբանումը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գայ-Կոձոր բնակավայրում գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա Կիևի ռեժիմի հարձակման փորձը, ըստ էության, էներգետիկ ահաբեկչության գծի շարունակությունն է: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիևը հունվարի 11-ին փորձ է արել 9 ԱԹՍ-ի օգնությամբ հարձակվել Կրասնոդարի երկրամասում, Անապայի մոտակայքում գտնվող «Թուրքական հոսքի» կոմպրեսորային կայանի վրա՝ եվրոպական երկրներ գազի մատակարարումը դադարեցնելու նպատակով, բոլոր ԱԹՍ-ները խոցվել են:
«Կրասնոդարի երկրամասի Գայ-Կոձորում «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա հարձակվելու Կիևի ռեժիմի շաբաթ օրվա փորձը, ըստ էության, էներգետիկ ահաբեկչության գծի շարունակությունն է, որին Կիևը վաղուց է հետևում՝ անդրօվկիանոսյան բարեկամների հսկողության ներքո»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «սա նոր, եվրոպական սպառողների համար շատ վտանգավոր օղակ է «Հյուսիսային հոսք»-ում պայթյունների հետ կապված քայլերի, դիվերսիաների կազմակերպման գործողությունների շղթայում։ Դրանք են՝ գազի տարանցման կանգնեցումը, Սուջայում կոմպրեսորային կայանների կանգնեցումը և այլն և այլն»։
«Այս ամենի շահառուն ԱՄՆ-ն է, որը զգալիորեն մեծացնում, հետևողականորեն ավելացնում է հեղուկ գազի մատակարարումը եվրոպական շուկաներ։ Ընդ որում՝ այդ գազը վաճառվում է շատ, շատ բարձր գներով»,-ասել է Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ այդ մասին հունվարի 12-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, ինչպես նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն իր գործընկերոջ՝ թուրքական Botas ընկերության հետ:
Կարծիքներ