Մեկը պե՞տք է ականջից քաշի, թե՞ ոչ

Մեկը պե՞տք է ականջից քաշի, թե՞ ոչ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը նոր է վերադարձել Լիտվայում եւ Գերմանիայում Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայությունից։ Երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը որքան ոգեւորված է պատմում «Փոքրիկ երգիչների» մեծ հաջողություններից, նույնքան էլ դառնանում է, երբ  հարցեր են հնչում Արամի 23 հուշարձան-շենքի ճակատագրի մասին։    

Նա նկատում է՝ Արամի 23-ն իշխանությունների համար լակմուսի թուղթ է։ Նոր կառավարությունը կկարողանա՞ լուծել այս խնդիրը, թե ոչ՝ դժվարանում է ասել, որովհետեւ կան հզոր ուժեր, որոնք այդ տարածքում ունեն մեծ շահեր։ «Իշխանության ներկայացուցիչները պետք է բարձր լինեն այդ շահերից, պետք է հասկանան, որ կա նախ պատմական հուշարձան, որի պատասխանատուն պետությունն է, կա երգչախումբ, որը վաղուց դարձել է ազգային արժեք, կան երեխաներ, որոնք ունեն ստեղծագործելու իրավունքներ։ Կա քրեական գործ, որը մեկ տարի ձգվում է եւ համարյա տեղից չի շարժվում։ Ես մտահոգ եմ ոչ միայն Արամի 23-ի, այլեւ «Փոքրիկ երգիչների» համար։ Շատ ցավալի կլինի, եթե կորցնենք որեւէ պատմական հուշարձան, բայց առավել ցավալի կլինի, եթե կորցնենք երգչախումբ»,- ասում է նա ու հավելում, որ նման վտանգ արդեն առկա է, քանի որ տարածք չունեն աշխատելու համար։

«Այդպես հեշտ չէ, դա մեխանիզմ է։ Հիմա մենք ցրել ենք բոլորին, հիմնարկը մի տեղ է գործում, երեխաները մեկ այլ տեղում են։ Պատկերացրեք՝ ունենաք 5-6 երեխա, ու ամեն մեկը՝ մի տեղ, բայց նրանց բոլորին կազմակերպել է պետք։ Թե՛ ես, թե՛ երեխաները շատ ընկճված ենք, որովհետեւ պետությունը սարի նման պետք է կանգներ մեր մեջքին, բայց չենք տեսնում որեւէ մեկին։ Մենք գրում ենք բաց նամակներ, ամենահետաքրքիրն այն է, որ պատասխանում են՝ այո, դա խնդիր է, բայց որեւէ մեկը չի ասում՝ ինչո՞վ կարող ենք երգչախմբին օգնել։ Մենք լուրջ խնդիրներ ունենք երգչախումբը համալրելու հետ կապված, երեխաներ կան, որ գալիս են Գառնիից, Գեղարդից, Մասիսից, Սեւանից։ Այդ երեխաների գալն ու գնալն արդեն խնդիր է, եւ դրա պատճառով նրանք երկար չեն մնում երգչախմբում»,- ասում է Հեքեքյանն ու հարցին ի պատասխան, թե որտեղ են փորձեր անում, պատասխանում է՝ «որտեղ կարողանում ենք»։ Երգչախմբին թեեւ խոստացել են, որ կվճարեն տարածքի համար, բայց դա էլ չի արվել․ «Մեկը պե՞տք է ականջից քաշի, թե՞ ոչ․․․ ընդհանրապես՝ սուտ խոսելը, խոսք տալը եւ խոսքը չպահելը մեր երկրում դարձել են ավանդույթ։ Դա շատ վտանգավոր ձեւով կանդրադառնա նաեւ հաջորդ սերունդների վրա եւ կդառնա մշակույթ։ Ես, իհարկե, շարունակում եմ նամակներ գրել պատկան մարմիններին, ինձ այլ բան չի մնում անել։ Մենք չենք ուզում նաեւ դուրս գալ փողոց կամ փողոց փակել, սա այն կառույցը չէ, որ իրեն թույլ տա նման վարքագիծ, եթե մենք չենք ներկայացնում կարեւորություն, փողոց փակելով ի՞նչ կլինի։ Մենք չենք կարող ե՛ւ աշխատել, ե՛ւ պայքարել։ Կա՛մ պետք է պայքարենք, եւ քանդվի երգչախումբը, կա՛մ պետք է երգենք, որի համար նույնիսկ տարածք չունենք»։

Տիգրան Հեքեքյանն ընդգծում է՝ կատարվել է հանցագործություն Երեւանի կենտրոնում, եւ եթե բոլորը լռում են, ուրեմն կան շահագրգիռ մարդիկ, բարձր պաշտոնյաներ, որոնք ներգրավված են այս գործում։ «Թող մեկը հարցնի՝ ինչո՞ւ է այսքան ձգձգվում քրեական գործը, արդեն 3-րդ քննիչն է փոխվում, ամեն նոր քննիչ գալիս եւ զրոյից ծանոթանում է գործին, փորձագետները ոչ ճիշտ փորձաքննություն են իրականացրել, դիմել ենք դատախազություն եւ կրկնակի փորձաքննություն ենք պահանջել, հիմա նոր քննիչն է ծանոթանում գործին, ու այդպես ձգձգվում է: Շենքի հետ կապված՝ իտալացիները սպասում են, որ նոր պայմանագիր կնքվի, որովհետեւ 2-րդ ձմեռն է գալիս, բայց գոնե, ի նշան հարգանքի, գրեին, որ այսինչ հանգամանքներից ելնելով՝ մենք չենք կարողանում ձեր պայմանագիրը ստորագրել, դեռ ուսումնասիրում ենք, չնայած ուսումնասիրելու բան էլ չկա, նույն պայմանագիրն է, ուղղակի ժամկետներն են փոխվել։ Ես այստեղ միտում եմ տեսնում, որովհետեւ, երբ պատը քանդվեց, երկուշաբթի օրը նիստ արեցին կառավարությունում, եւ կես ժամում որոշվեց, թե հարցն ինչպես պետք է լուծվի, ուրիշ բան, որ ընթացք չստացավ, ձգձգեցին։ Որոշ հզոր մարդիկ կարողանում են պաշտոնյաներին բռնեն եւ ինչ-որ խորամանկ ձեւերով ձգձգեն այս հարցը։ Սա ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր շահագրգիռ են այս տարածքում շինարարություն անել։

Խոսքը ոչ միայն Սրմաքեշի մասին է, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր այդ հողը վաճառել են նրան ու խոստացել տարածքը մաքուր հանձնել նրան։ Այստեղ լուրջ գումարներ են պտտվում։ Ում հետ խոսում ես, բոլորն անհանգիստ են, նեղված, ասում են՝ այս հարցը պետք է լուծվի, բայց երեւի մեկը, այդուհանդերձ, գտնում է, որ պետք է չլուծվի»,- ասում է նա ու հավելում, որ վերջերս Երեւան ժամանած շվեյցարացի դոկումենտալիստը ֆիլմ է նկարում Արամի 23-ի մասին։

«Երբ նոր էր պատը քանդվել, մեզ համար ոչ հաճելի եւ ոչ հրապուրիչ տեղում առաջարկեցին մի հողատարածք, որտեղ պիտի կառուցեին շենք եւ մեզ նվիրեին, բայց իմ ընկերները եւ ես եկանք այն կարծիքին, որ իրավունք չունենք լքելու շենքը, որովհետեւ ինձ ասացին՝ եթե դուք լքեք շենքը, այն կքանդեն»,- ասում է Հեքեքյանն ու նշում, որ անգամ կառավարությունից գումար են առաջարկել Արամի 23-ի համար, որպեսզի թողնեն հեռանան․

«Պատկերացնո՞ւմ եք, կառավարությունից մեզ առաջարկում էին՝ ինչքա՞ն փող տանք ձեզ, որ այդտեղից դուրս գաք, բայց ես ուզում եմ աշխատել, ստեղծագործել, ինչպե՞ս ես նայելու այդ երեխաների աչքերին, եթե թողնես ու գնաս, ինչների՞ս է պետք ձեր փողը, այդ փողի վրա հո չե՞նք պարապելու, մեզ տարածք է պետք պարապելու համար»։

Այս պահին Արամի 23 շենքում հերթապահում են պահակներ, որոնց զգուշացրել են դուռը միշտ բաց պահել, որ եթե հանկարծ փլուզման ձայն լսվի, կարողանան դուրս թռչել շենքից․ «Մենք չենք կարող շենքն անտեր թողնել, հենց շենքն անտեր թողեցինք, չգիտենք հետը ինչ կկատարվի՝ կայրեն, կքանդեն։ Պահակ պետք է ունենալ»։

Տ․ Հեքեքյանը նկատում է՝ արժեքային հեղափոխությունն ուշանում է, որովհետեւ պետք է լինի նաեւ մտքերի հեղափոխություն, մարդիկ պետք է փոխեն մտածողությունը։ «Խորհրդային երկիրն իր ձեւով դեռ այս երկրից չի հեռացել, մենք դեռ խորհրդային մտածողության մեջ ենք։ Մենք դարձել ենք նյութապաշտ ժողովուրդ, իսկ դրանից սարսափելի բան չկա։ Ազգը հոգեւոր արժեքներով չի առաջնորդվում, մարդկանց համար չափանիշը նյութն է»։

2 տարվա ընդմիջումից հետո՝ հոկտեմբերի 19-ին, «Հայաստանի փոքրիկ երգիչները» վերջապես մենահամերգով հանդես կգան նաեւ Երեւանում։ Հեքեքյանն ասում է՝ հնարավորություն չունեն մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող դահլիճներում անվճար ելույթ ունենալ, որովհետեւ պետք է վճարեն։ Դրա համար համերգը տեղի կունենա Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում եւ նվիրված կլինի Կոմիտասի 150-ամյակին։