Հաջողության տարբեր պատմություններ. Չինաստան և Հարավային Կորեա

Հաջողության տարբեր պատմություններ. Չինաստան և Հարավային Կորեա

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանությունները հայտնեցին 2019 թվականի վերջին օրը, երբ աշխարհը չէր էլ կասկածում, որ շամպայնով լի գավաթներով ու հրավառությամբ դիմավորում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր մարդկության համար հավանաբար ամենադժվար տարին:

Վիրուսը տարածվեց հսկայական մեգապոլիսի շուկաներից մեկում, իսկ հետո՝ աշխարհի խոշարագույն շուկայից՝ Չինաստանից, ներթափանցեց մոլորակի բոլոր անկյունները: Մեր ժամանակների ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ տեղաշարժման արագությունը, դարձավ մարդկության նոր մեծագույն թշնամու՝ ասեղի ծայրից հազարավոր անգամ փոքր վիրուսի գլխավոր զենքը:

Երբ աշխարհում օրական միջինում հարյուր հազար ինքնաթիռ է օդ բարձրանում, սահմանները դառնում են պայմանական, համենայն դեպս՝ վիրուսի համար, որի միակ կենսաբանական գործառույթը մի կենդանի օրգանիզմից մյուսին փոխանցվելն ու բազմանալն է: Ինքնաթիռի արագությամբ վիրուսը Չինաստանից հասավ Հարավային Կորեա և հաշված շաբաթների ընթացքում վարակեց հազարավոր մարդկանց:

Այս երկու երկրներն էլ վերջերս հայտարարեցին համաճարակը հաղթահարելու մասին: Բոլոր բառերից ավելի պատկերավոր այդ հաղթանակն արձանագրում են այս գծապատկերները, որոնցից մեկը համարյա նույնությամբ կրկնում է մյուսին՝ երկու շաբաթ տարբերությամբ, բայց, դրանից բացի, այլ նմանություններ գրեթե չկան:

Երկու ծայրահեղ միլիտարիզացված երկրները՝ մեկը՝ ժողովրդավարական, մյուսն՝ ավտորիտար, վարակի տարածումը կասեցնելու տարբեր ռազմավարություններ որդեգրեցին:

Չինաստանը հայտարարեց կարանտին մի ամբողջ նահանգի համար: Կիրառվեցին քաղաքացիների տեղաշարժման ու տնտեսական գործունեության տոտալ սահմանափակումներ: Արգելվեց առանց շնչադիմակների փողոց դուրս գալը։ Կարճ ժամանակահատվածում կառուցվեցին նոր հիվանդանոցներ, հները վերազինվեցին: Որպես արդյունք, ընդամենը մեկ շաբաթում համաճարակի պիկը հաղթահարվեց:

Հարավային Կորեայում նման սահմանափակումների կիրառումն անհնար էր: Իշխանությունները կենտրոնացան թեստավորման միջոցով վարակման դեպքերը հայտնաբերելու և նրանց կոնտակտներին մեկուսացնելու վրա: Երկիրը որդեգրեց բացարձակ թափանցիկության քաղաքականություն, երբ բոլոր վարակակիրների մասին ոչ անձնավորված տեղեկություններ էին հրապարակվում։ Բոլորը հատուկ հավելվածի միջոցով ստուգում էին՝ արդյոք իրենց ճանապարհը վերջին օրերի ընթացքում խաչվել է որևէ վարակակրի ճանապարհի հետ և վտանգի դեպքում դիմում էին թեստավորման համար:

Մյուս երկրներում հետևեցին և՛ Չինաստանի, և՛ Հարավային Կորեայի օրինակին, բայց քանի որ միջոցառումներն իրականացվում էին ոչ լրիվ թափով, հաջողության այլ պատմություններ դեռևս չեն արձանագրվել:

Հայաստանում վարակի տարածումը համընթաց է. էքսպոնենցիալ աճ դեռևս չի նկատվել։  Երկրում տեղաշարժման սահմանափակումն, իհարկե, արդյունքներ տվել է, ինչի մասին վկայում է նաև Yandex-ի ինքնամեկուսացման ինդեքսը, որով ԵԱՏՄ մայրաքաղաքներից Երևանն առաջատարն է, սակայն դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլոր միջոցառումները թույլ չեն տալիս կանխել վարակի տարածումը։

Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կորոնավիրուսի պատմությունը կներկայացնենք թվերի լեզվով: Բաժանորդագրվեք և հետևեք կորոնավիրուսի վերաբերյալ մեր թիմի վերլուծություններին:

Նյութի աղբյուր՝ https://coronavirus.breavis.com/