Սպան շահագրգռված է ցուցմունք տալ, դա բխում է նրա շահերից. փաստաբան

Սպան շահագրգռված է ցուցմունք տալ, դա բխում է նրա շահերից. փաստաբան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական վարկածով, վառարանը փորձել է վառել ավտոբենզինով եւ ողբերգության պատճառ դարձել, դեռեւս բուժում է ստանում, նրա վիճակը թեև կայուն է, սակայն վերջինս խոսել չի կարողանում: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում պատմում է վերջինիս փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ողբերգական հրդեհի հետևանքով մահացել է 16 ժամկետային զինծառայող: Վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստի հունվարի 19-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ հրդեհը տեղի է ունեցել բենզինով վառարան վառելու արդյունքում: Փաշինյանը տեղեկացրեց՝ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է ԳՇ 14 կարգադրությունը հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին և հստակ հրահանգավորել է՝ ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։

«7-րդ կետով նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան՝ ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ասել էր Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հայտնեց՝ պարզվել է, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել հինգ լիտրանոց տարայով այն լցնել վառարանի մեջ։ Նիկոլ Փաշինյանի այս խոսքը, կարծես, ուղղորդում լիներ առանց այդ էլ ուղղորդված Արգիշտի Քյարամյանին ու Աննա Վարդապետյանին: Վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ ինքն անձամբ ներկա է եղել դեպքի վայրում, հակառակ դեպքում հասկանալի չէ, թե ինչպե՞ս էր այդքան վստահ խոսում մի դեպքի մասին, որով գործի քննությունը դեռևս սկսված չէր: 

Եղիշե Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Վերջինս որևէ դիրքորոշում չի հայտնել, սակայն փաստաբանի հետ անձնական զրույցներ է ունեցել, ինչից փաստաբան Հովսեփ Սարգսյանը տպավորություն է ստացել, թե սպան շահագրգռված է խոսել, սակայն առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ: 

- Ձեր պաշտպանյալի առողջական վիճակն ինչպե՞ս է:

- Առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ, թե չէ իր շահերից է բխում ցուցմունք տալը:

- Այդ աստիճան վա՞տ է նրա առողջական վիճակը:

- Ծայրահեղ չէ, սակայն ամբողջ դեմքը, ձեռքերն այրված են` ամբողջությամբ վիրակապերի մեջ, խոսում է, սակայն վերքերն իրեն խանգարում են: Պետք է մի փոքր ապաքինվի, որ կարողանա առանց լարվածության ցուցմունք տալ:

- Քննչականից մեզ ասացին, որ դատաբժշկական փորձաքննություն է տեղի ունեցել, սակայն արդյունքների մասով, Քննչականում տեղյակ չէին: Մենք տեղեկացել էինք, որ Եղիշե Հակոբյանի արյան մեջ թմրանյութի տարրեր են հայտնաբերվել, վերջինս հրդեհի օրը եղել է ոչ սթափ վիճակում:

- Ես տեղյակ չեմ: Փորձաքննության մասին առաջին անգամ եմ լսում:

- Դատախազությունից հաստատել էին, որ փորձաքննության եզրակացությունն արդեն կա։ Մասնավոր զրույցներ ունենո՞ւմ եք Եղիշեի հետ: Դեպքի մասին ոչինչ չի՞ խոսում:

- Շատ դժվարությամբ է խոսում, մաշկը ձգվում է: Ես նրա հետ կոնֆիդենցիալ զրույց ունեցել եմ, իրազեկված եմ, սակայն փաստաբանական գաղտնիք է, չեմ կարող խոսել այդ մասին: Չեմ կարող ասել, թե ցուցմունք տալիս ինչ դիրքորոշում կհայտնի: Նա բավականին ծանր հոգեբանական վիճակում է, ազդված է: Երբ ես զրույց ունեցա նրա հետ, հասկացա, որ դեպքի հանգամանքների բացահայտման հարցում վերջինս շահագրգռված է: Դա բխում է նրա շահերից:

- Ձեր այս խոսքից կարելի՞ է ենթադրել, որ նա չի ընդունում իր մեղքը: Եթե շահագրգռված է հանգամանքների բացահայտմամբ, ապա իր մեղավորությունը չի ընդունում:

- Ենթադրություններ եկեք չանենք: Շատ վաղ է մեղավորության մասին խոսել: Պետք է որոշակի քննչական գործողություններ կատարվեն, մեղքի մասին խոսելու համար: Ի՞նչ մեղք ընդունի՝ որ իր պատճառով 16 զինծառայո՞ղ է մահացել: Նախնական է մեղադրանքը:

- Վարչապետը հունվարի 19-ի Կառավարության նիստի ժամանակ համոզված կերպով խոսեց դեպքի հանգամանքներից, ըստ էության ուղղորդելով առանց այդ էլ ուղղորդված Արգիշտի Քյարամյանին:

- Ես չեմ կարող վարչապետին մեկնաբանել: Ինքը կարող է միայն մեկնաբանել: Այնքան փորձաքննություններ են նշանակված, որ դեռ շատ վաղ է այդ մասին խոսել: Երեկ «Հանրային հեռուստաընկերությունը» հարցազրույց էր վերցրել դատախազական հսկողություն իրականացնող դատախազից, ինչը պարզապես անթույլատրելի է: Վաղաժամ դատողություններ պետք չէ անել: