Իմ դեսպան որդին այս քայլը գնահատել է որպես հարված մեջքից

Իմ դեսպան որդին այս քայլը գնահատել է որպես հարված մեջքից

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը, ում երեք որդիներն էլ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք բավականին լավ պաշտոններ են զբաղեցրել, հացադուլ է հայտարարել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ իրավապահները քրեական պատասխանատվության ենթարկեն Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար։ Բալայանի մի որդին՝ Դավիթ Բալայանը, դատավոր է, մյուսը՝ Տիգրան Բալայանը, նախկինում ԱԳ նախարարի խոսնակն էր, այժմ Նիդերլանդներում ՀՀ դեսպանն է, իսկ երրորդ որդին՝ Գաբրիել Բալայանը, նախօրեին ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։ Կիմ Բալայանի խոսքով՝ որդիները չեն ողջունել իր այս քայլը եւ մամուլից են իմացել իր՝ հացադուլ հայտարարելու մասին։ Նրա հետ զրուցեցինք կառավարության շենքի դիմաց։ Նախ հետաքրքրվեցինք առողջական վիճակով։ Ասաց՝ փառք Աստծո, դեռ կարող եմ շարունակել։

Ապա նշեց, թե որ հոդվածով է Փաշինյանը սահմանադրական կարգ տապալել․ Արցախի հողերն Ադրբեջանին հանձնելու այդ հայտարարությունը, որ ստորագրել է Փաշինյանը, դրա բոլոր դրույթները, բացի հրադադարից, պարտավոր էին ներկայացնել որպես միջազգային պայմանագիր եւ ուղարկել կառավարություն՝ քննարկման, ապա՝ Սահմանադրական դատարան, վերջում՝ խորհրդարան, որը պետք է քննարկեր եւ վավերացներ, ինչը չի արվել։

- Պարո՛ն Բալայան, Ձեր երեք որդիներն էլ թե՛ նախորդ իշխանությունների օրոք, թե՛ հիմա բարձր պաշտոններ են զբաղեցրել, այս վերջին երկու տարում Դուք որեւէ խնդիր չէի՞ք տեսնում, քննարկե՞լ եք Ձեր որդիների հետ այս հարցերը, իրենք ի՞նչ են ասում։

- Ուրեմն, իմ որդիներից երեքն էլ կատեգորիկ են եղել։ Նախ իրենք այս մասին իմացել են իմ՝ հացադուլ հայտարարելուց հետո, որովհետեւ ես իմ որդիներին ճանաչում եմ, իրենք պիտի մտահոգված լինեին իմ առողջական խնդիրներով։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա շփոթության մեջ եք։ Նախեւառաջ ես, լինելով նույն իշխանության մեջ, 1990-95 թթ․ եղել եմ Գերագույն խորհրդի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահը, այն ժամանակ էլ եմ անօրինական քայլերի դեմ հանդես եկել, ՍԴ-ում լինելու ժամանակ ես միշտ ազգային շահն եմ պաշտպանել, եւ դրա մասին կարող են վկայել իմ բազմաթիվ հատուկ կարծիքները, որ գրել եմ՝ համաձայն չլինելով ընդհանուր որոշման հետ, եւ երբ որ իմ տղան պաշտպանության փոխնախարար էր, բազմաթիվ հարցազրույցներում միանշանակ դատապարտել եմ հակաօրինական, հակասահմանադրական գործունեությունը՝ ինչպես սահմանադրական փոփոխություններ կատարելու մասով, այնպես էլ դատավորներին վաղաժամկետ թոշակի ուղարկելու հարցով։

- Իսկ երբ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդդիմությունը Սահմանադրական դատարան էր դիմում՝ ընտրությունների կեղծման հարցով, այն ժամանակ ի՞նչ դիրքորոշում եք հայտնել, հատուկ կարծիք գրե՞լ եք, ՍԴ-ն հիմնականում իշխանության կողմն էր բռնում։

- Ամբողջությամբ ճիշտ եք ասում, նման հարցերով որեւիցե հատուկ կարծիք ես չեմ գրել եւ կողմ եմ եղել այն որոշմանը, որը կայացրել է Սահմանադրական դատարանը։

- Այսինքն՝ համարել եք, որ ընտրությունները չե՞ն կեղծվել։

- Ներողություն, դրա համար պետք է ճիշտ իմանալ ՍԴ գործառույթը։ ՍԴ-ն երբեք չի քննարկում՝ ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ չեն կեղծվել։ ՍԴ-ն քննում է մի հարց՝ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած վերջնական որոշումը՝ այն իրավակա՞ն է, թե՞ ոչ։ Մինչ այդ եղած կեղծիքների վերաբերյալ կողմերը պարտավոր էին դիմել ընդհանուր իրավասության, նաեւ՝ վարչական դատարան եւ այդ փաստերը հաստատվելուց հետո նոր պետք է մտնեին ՍԴ։

- Ձեր որդիներից Գաբրիել Բալայանն օրերս ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, Դուք այս թեմայով զրուցե՞լ եք նրա հետ, ո՞րն է նրա ազատման պատճառը, եւ ինքը՝ որպես փոխնախարար, այս պարտության մեջ իր մեղքի կամ պատասխանատվության բաժինն ունի՞։

- Նախեւառաջ՝ իմ որդին ազատման դիմումը ներկայացրել է ազատումից մեկ շաբաթ առաջ։ Այստեղ որոշ մարդիկ փորձում են կապել իմ՝ հացադուլ հայտարարելը  տղայիս՝ փոխնախարարի պաշտոնից ազատվելու հետ, ինչը սխալ է։

- Իսկ ինչո՞ւ է որոշել ազատվել պաշտոնից, այն էլ՝ մեկ շաբաթ առաջ։

- Այդ հարցը կարող եք իրեն ուղղել, բայց որքան ես տեղյակ եմ, ինքը հրապարակել է պատճառը, ասում է՝ լուրջ սխալներ են եղել։ Իմ տղան պատասխանատու չի եղել ռազմական գործողությունների կամ ռազմամթերք ձեռք բերելու հարցերով։

- Սխալներ՝ ի՞ր կողմից, թե՞ ընդհանուր համակարգի։

- Չէ, պաշտպանության նախարարության կողմից։ Կարող եք իրենից հարցնել, բայց ինքը չի ցանկացել այդ համակարգում շարունակել իր աշխատանքը։

- Զրուցե՞լ եք Ձեր մյուս որդու հետ, որ Նիդերլանդներում դեսպան է, նա ցանկություն ունի՞ մնալ դեսպանի պաշտոնում։

- Խոսել եմ որդուս հետ, եւ ինքն իմ կատարած քայլը գնահատել է որպես հարված մեջքից, քանի որ, իր ներկայացմամբ, ինքն ամեն ինչ անում է պետական շահը պաշտպանելու համար, եւ պատահական չէ, որ ինքը որ երկրում որ դեսպան է, այդ երկրի խորհրդարանը համենայնդեպս առաջին երկիրն էր, որ Ալիեւի, Ադրբեջանի գործողությունները դատապարտեց եւ սանկցիաներ կիրառեց Ալիեւի եւ նրա շրջապատի նկատմամբ, ինչպես նաեւ այդ նույնը՝ Էրդողանի, Թուրքիայի հարցով, եւ Ղարաբաղի ճանաչման հարցն էլ այսօր քննարկման առարկա է Հոլանդիայում։ Եվ, իմ խորին համոզմամբ, ինքը պետականամետ գործունեություն է իրականացնում, ոչ թե իշխանամետ։ Երբ որ ինձ ասել է, որ դու ինձ մեջքից հարվածում ես, ես իրեն պատասխանել եմ մի բան, որ նախ չեմ հարվածում, իսկ եթե գտնում ես, որ հարվածում եմ, ու գտնում ես, որ պետական շահ չես պաշտպանում, իշխանության շահ ես պաշտպանում, հանգիստ կարող ես հրաժարականդ տալ։ Հասկացեք, ի վերջո, սա չի վերաբերում անձի, անհատի շահերին, սա վերաբերում է մեր հայ ժողովրդի շահերին։ Մի օր առաջ ազատվել այս իշխանությունից՝ նշանակում է մեկ օր առաջ, մեկ ժամ առաջ հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր ժողովուրդն իր խոհեմությամբ ընտրի մեկին, որը կարող է ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին բնագավառում ճիշտ քաղաքականություն իրականացնել։

- Ի՞նչ եք կարծում, Ձեր այս քայլով որեւէ արդյունքի կհասնե՞ք։

- Գիտե՞ք ինչ, ես կարծում եմ, որ հիմա մենք այն վիճակում ենք, որ յուրաքանչյուր ոք իրենից կախված ամեն ինչ պետք է անի այս վիճակից դուրս գալու համար։ Ես՝ որպես իրավաբան, չէի կարող այլ քայլի դիմել, քան այս ծայրահեղ քայլն է։ Ինչո՞ւ դիմեցի, կարելի էր, չէ՞, նստացույց հայտարարել, ոչ թե հացադուլ։ Բայց ես այդ հացադուլին դիմում եմ, ասում եմ՝ գնալու եմ մինչեւ վերջ, սա պետք է խթան հանդիսանա, որ իրավապահ մարմինների ղեկավարները գոնե մտածեն, թե էս ինչ ծայրահեղ անօրինականություններ են անում, որ այս մարդը դիմում է այս ծայրահեղ միջոցին։ Եվ հանրապետության գլխավոր դատախազը պետք է մտածի՝ եթե ինքն այսօր քրեական գործ չի հարուցում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, վաղը քրեական գործ է հարուցվելու իր նկատմամբ՝ որպես անգործություն ցուցաբերած դատախազի։