Փաշինյանի «սրտի» ղեկավարները պարտվեցին. ե՞րբ է գալու նրա պարտության օրը

Փաշինյանի «սրտի» ղեկավարները պարտվեցին. ե՞րբ է գալու նրա պարտության օրը

Հունիսի 6-9-ը կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում ուշագրավ պատկեր ստացվեց։ ԵՄ մի շարք երկրներում ջախջախիչ պարտություններ կրեցին իշխող կուսակցությունների ներկայացուցիչները: Ֆրանսիայում, օրինակ, Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը շոշափելի տարբերությամբ պարտվեց քաղաքական վաղեմի մրցակից «Ազգային միավորում» կուսակցությանը, ինչից հետո նախագահը հայտարարեց Ազգային ժողովն արձակելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին:

«Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լը Պենն արդեն հայտնել է վարչապետ դառնալու ցանկության մասին՝ հայտարարելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստ է ստանձնել երկրի իշխանությունը: Ավելին, տեղեկություններ կան, որ Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու հնարավորությունը, եթե աջերը հաղթեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որոնք նախանշված են հունիսի 30-ին։ Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

«Նախագահի հրաժարականը տաբու չէ, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները»,- ռադիոկայանը մեջբերում է Մակրոնի մերձավորներից մեկի խոսքերը: Europe 1-ը պնդում է, որ ինքը՝ Մակրոնը, վերջին շաբաթներին քննարկել է այս «ծայրահեղ սցենարը»՝ իր զրուցակիցներից մեկի հետ։ Միաժամանակ ռադիոկայանն ընդգծում է, որ հրաժարականը նախագահի նախընտրած տարբերակը չէ, «թեեւ դրա հեռանկարը պետք է ծառայի այս քարոզարշավում առաջիկա ընտրությունները դրամատիկացնելուն»։ Մեկ այլ ռազմավարությունը, որը նախագահը կարող է ընտրել, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության հետ իշխանության համագործակցությունն է, այլ կերպ ասած՝ կոալիցիան, խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի դեպքում, որպեսզի «չխոչընդոտի այս կուսակցության քաղաքականության ձախողմանը մինչեւ 2027 թվականը», երբ Ֆրանսիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

Նույն Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով՝ Գերմանիայում առաջին տեղում է ընդդիմադիր պահպանողական Քրիստոնեադեմոկրատական միությունը (Քրիստոնեասոցիալական միությունը)։ Կանցլերի՝ Գերմանիայի կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցի կուսակցությունը երրորդ տեղն է զբաղեցրել «Այլընտրանք Գերմանիայի համար» ռուսամետ կուսակցությունից հետո։ Գերմանիայի պահպանողական «Քրիստոնեասոցիալական միություն» կուսակցության առաջնորդ եւ Բավարիայի կառավարության ղեկավար Մարկուս Զյոդերը Եվրախորհրդարանի ընտրություններում կանցլեր Օլաֆ Շոլցի ձախակենտրոն կոալիցիայի տապալված արդյունքներից հետո կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ հայտնում է DPA գործակալությունը։ ՔՍՄ-ն քաղաքական դաշինքի մաս է կազմում «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության հետ՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ։

Պահպանողական ՔՍՄ/ՔԴՄ դաշինքը հաղթել է Գերմանիայում Եվրախորհրդարանի ընտրություններում՝ Շոլցի սոցիալ-դեմոկրատների համեմատությամբ երկու անգամ ավելի բարձր արդյունք գրանցելով։ «Ըստ էության, եկել է այս կառավարության վերջը: Եվ հիմա պետք է լինի այնպես, ինչպես Ֆրանսիայում. կա նոր ընտրությունների պահանջ, Մակրոնի համար նոր ընտրություններ են... Մեր երկրին նոր սկիզբ է պետք: Այդ իսկ պատճառով նոր ընտրությունները պետք է տեղի ունենան որքան հնարավոր է շուտ»,- հավելել է Զյոդերը։

Հանգստյան օրերին կայացած ընտրություններից հետո հրաժարական է տվել նաեւ Բելգիայի վարչապետը, որն ընդունել է թագավոր Ֆիլիպը: Եվրոպական մյուս երկրներում եւս իշխող կուսակցությունները ֆիասկո են ապրել, ուստի հետագա պաշտոնանկությունները միայն ժամանակի խնդիր են:

Ակնհայտ է, որ Մակրոնն ու Շոլցը՝ Փաշինյանի «սրտի նախագահն ու կանցլերը», չեն տառապում այնպիսի իշխանատենչությամբ, որպիսին ունի ՀՀ վարչապետը: Ավելին, եվրոպական համայնքի այդ հզոր խաղացողներն ընդունել են իրենց ձախողումն ու մտածում են հրաժարական տալու մասին: Մինչդեռ Հայաստանում, որտեղ վերջին օրերին ահագնանում է կառավարության ու նրա ղեկավարի հրաժարականի պահանջով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Փաշինյանն ու իր իշխանական խումբը ոչ միայն քաղաքական երկխոսության հայտ չեն ներկայացնում, այլեւ գործադրում են ճնշման բոլոր հնարավոր ու անհնար գործիքները, այդ թվում՝ իրավապահ համակարգի բիրտ ուժն ու քաղաքական հետապնդումները, որ դժգոհությունը խեղդեն: Նրա ու նրա համախոհների հակափաստարկն ընտրությունների արդյունքներով ժողովրդից 2021 թվականին ստացած գերակա մանդատի վկայակոչումն է:
Եվ, ի դեպ, Փաշինյանի ընդդիմախոսներն էլ չեն ժխտում իրավական ճանապարհով, այդ թվում՝ նաեւ ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորությունը: Բայց, ի տարբերություն հարափոփոխ Եվրոպայի, Հայաստանում վիճակն օրհասական է, եւ, ինչպես ասում են, «դանակը հասել է ոսկորին», իսկ ընտրությունները կարող են միայն օրինականացնել, ամրագրել Փաշինյանի հրաժարականը, որը նույնպես, հուսանք, սարերի ետեւում չէ: