ԲՈԿ-ի լուծարումից հետո կեղծ թեկնածուականները, ատենախոսություններն ավելի կշատանան

ԲՈԿ-ի լուծարումից հետո կեղծ թեկնածուականները, ատենախոսություններն ավելի կշատանան

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մի շարք վիճահարույց կետեր միաժամանակ առնչվում են թե՛ ԳԱԱ-ին, թե՛ ԲՈԿ-ին, մասնավորապես այդ կառույցների կարգավիճակին, որը հստակ ձեւակերպված չէ օրինագծում։

«Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով, ԲՈԿ-ը վերջին շրջանում սկսել էր լավ աշխատել եւ որակ ապահովել, ուստի դրա լուծարումն անթույլատրելի է։ «ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն իր վերջին հարցազրույցում ասաց, որ հնարավոր է ԲՈԿ-ի լիազորությունների մի մասը տրվի գիտպետկոմիտեին, մի մասն էլ բաշխվի համալսարանի մեջ, բայց խնդիրն այն է, որ մինչեւ այսօր այդ կոմիտեն իր պարտականությունները նորմալ չի կատարել, մինչդեռ բնագավառի ռազմավարությունն ինքը պետք է մշակի, եւ հիմա ԲՈԿ-ի գործառույթների մի մասը դնել գիտպետկոմի վրա՝ ճիշտ մոտեցում չէ։ Մյուս կողմից էլ, եթե գործառույթների մի մասը պետք է համալսարանների մեջ բաշխվի, պետք չէ մոռանալ, որ այսօրվա խայտառակ վիճակի մեջ նույն այդ համալսարաններն են մեղավոր։ Հիմա այդ քաոսի, կոռուպցիոն ռիսկերի ու կաշառակերության մեջ ԲՈԿ-ի գործառույթների մի մասը համալսարանների վրա դնելը կառաջացնի անկառավարելի վիճակ։ Իսկ ոլորտում առկա արատավոր երեւույթները՝ կեղծումներ, կոծկումներ, կշարունակվեն համալսարանների մակարդակում, իրենք գրելու են՝ իրենք հաստատեն, եւ, ի տարբերություն առաջվա, այդ վերահսկողությունը չի լինելու, քանի որ չի գնալու ԲՈԿ»,- ասում է Խաչատրյանն ու հավելում, որ ժամանակին պաշտպանում էին, հետո նոր գնում էր Բարձրագույն որակավորման կոմիտե, որպեսզի ստուգեն՝ համապատասխա՞ն է, թե՞ ոչ, մինչդեռ այդ պրոցեսը պետք է հակառակը լինի՝ մինչեւ պաշտպանությունը ստուգվի․ «Եթե չի համապատասխանում, ուղարկում են վերամշակման, եթե որակն ավելի վատ է, ասում են՝ կներես, դու գիտնական չես, ցտեսություն»։

Մ․ Խաչատրյանը կարծում է, որ ԲՈԿ-ի լուծարումից հետո կեղծ ատենախոսությունները, թեկնածուականներն ավելի կշատանան․ «Հին ռեժիմում միգուցե եղել են խարդախություններ, բայց նոր իշխանությունների դեպքում, ինչքան առնչվել եմ, զգացել եմ, որ մաքսիմում ուզում են որակն ապահովել։ Իսկ դրսում մի քիչ այլ է, դեռ 2 ամիս առաջ տալիս ես քո ատենախոսությունը, իրենք նայում են բոլոր կետերով՝ գրագողության դրսեւորումներից սկսած մինչեւ՝ գիտական աստիճանին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե համապատասխանում է, համալսարանից թուղթ է գալիս, որ ենթակա է պաշտպանության, որն արդեն ֆորմալ բնույթ է կրում։ Բայց մեզ մոտ հակառակն է՝ նախ պաշտպանում ես, ընդ որում կապ չունի՝ լա՞վն է, թե՞ վատը, համալսարանն անցկացնում է, որից հետո գնում է ԲՈԿ, որտեղ հանկարծ պարզվում է, որ ատենախոսությունը մի շարք պարամետրերով համապատասխան չէ, ու այդտեղ արդեն սկսվում են խնդիրները։ ԲՈԿ-ը պետք է պահվի, հատկապես, որ այսօրվա դրությամբ ընդամենը 14 աշխատող ունի»։

Ինչ վերաբերում է ԳԱԱ կազմում գտնվող գիտահետազոտական ինստիտուտներին, որոնք, ըստ օրինագծի, պետք է դուրս գան ակադեմիայի կազմից եւ կամ միացվեն համալսարաններին կամ որպես առանձին միավոր գործեն, ապա Խաչատրյանի համար դա դրական միտում է․ «Վերադասն ինչքան քիչ լինի, այնքան՝ լավ, որովհետեւ այսօրվա դրությամբ ակադեմիան ֆինանսական, թեմատիկ բաշխումներ է անում, որը կարող է եւ այդ կոմիտեն անել առանց որեւէ խնդրի, իսկ երկու մարմին պահելն ուղղակի արդյունավետ չէ։ Հետո՝ ակադեմիային կից այդ ինստիտուտներն ինչքան ապակենտրոնացվեն եւ ակադեմիայից դուրս գան, ավելի լավ, որովհետեւ կոռուպցիոն ռիսկերը կպակասեն եւ ավելի շնչող օրգանիզմ կդառնան։ Եթե մի մասն ուզում են նորից տանել, համալսարանին միացնել, որովհետեւ համալսարանը պոտենցիալ ունի՝ թող տանեն, դրա մեջ վատ բան չկա»։

Խաչատրյանը համաձայն չէ, որ կառուցվածքային այդ փոփոխությունից ակադեմիայի ամբողջականությունը կտուժի, ավելին՝ ինստիտուտների միջեւ մրցակցությունը կմեծանա, որպեսզի կարողանան պետական ֆինանսավորումը ստանալ․ «Այսինքն ակադեմիայի գործառույթը, այսպես թե այնպես, դուրս է մղվում։ Հիմա Սովետական Միությունը չէ, որ մեծ ֆինանսավորում լինի, եւ ակադեմիան բաշխիչ ցանցի դեր ստանձնի։ Այսօր թե՛ ֆինանսավորումն է քիչ, թե՛ ինստիտուտների աշխատակիցների քանակը»։

Ինչ վերաբերում է գիտական աստիճաններին, ապա «եթե իրենք ուզում են թեկնածուականը հանեն, եւ բոլորը դառնան դոկտոր, դրանով որոշ չափով համեմատվեն Արեւմուտքի PHD-ների հետ, դա ուղղակի հեքիաթ է, Արեւմուտքը չի ընդունի այստեղի թեկնածուներին՝ դրսի PHD-ների հետ հավասար։ Անգամ եթե այստեղից են պաշտպանում PHD, հետո գնում այնտեղ աշխատում են ու նորից են սկսում PHD անել, եթե ուզում են դրսում որպես գիտնական աշխատել։ Մեզ մոտ այնքան է մակարդակն իջել, որ այսօրվա դրությամբ թեկնածուական ատենախոսությունը համապատասխան է դրսի մագիստրատուրայի դիպլոմի ատենախոսությանը։ Դրա համար այստեղի մագիստրատուրան չի կայանա, մինչեւ թեկնածուականը դուրս չգա, կամ չդժվարացնեն թեկնածուական ստանալը՝ փոխելով չափանիշները»։