Հանրային քննարկման են դրվել 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը 

Հանրային քննարկման են դրվել 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը 

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր չափորոշիչը ներդնելու նպատակով 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը, որոնք Տավուշի մարզում փորձարկվելուց հետո լրամշակվել են: 

Նոր չափորոշչին համապատասխան՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական լրամշակված ծրագրերը 23-ն են՝ «Մայրենի, Հայ գրականություն», «Բնություն», «Արվեստ», «Երգ», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Թվային գրագիտություն», «Կենսաբանություն» եւ այլն։  

Հումանիտար և հասարակագիտական առարկաների մասով փորձարկման ընթացքը համակարգել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը, իսկ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների մասով՝ «Այբ» կրթական հիմնադրամը: Իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, ինչպես նաև տրամադրվել է մենթորական աջակցություն:

Չափորոշիչը հիմնված է ութ կարողունակությունների վրա, որոնք հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում պետք է զարգացնել ուսումնառության ընթացքում, իսկ հետագայում՝ կրթական այլ հաստատություններում և ողջ կյանքի ընթացքում։

Կարողունակությունների զարգացման ուղղությունները նկարագրելու համար չափորոշչում սահմանվել են տարրական, հիմնական և միջնակարգ կրթության վերջնարդյունքները, որոնք վերառարկայական են:

2021-2022 ուսումնական տարվա ավարտին փորձարկման արդյունքների հիման վրա լրամշակվել են ծրագրերը, որոնք ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում պետք է ներդրվեն 2023-2024 ուսումնական տարում: