Հարցազրույց

«Հրապարակ». Փաշինյանի հետ Բրյուսելում նկարվեցին նույն դիրքով ու ժպիտով, ինչ Սանդուի հետ

«Հրապարակ». Փաշինյանի հետ Բրյուսելում նկարվեցին նույն դիրքով ու ժպիտով, ինչ Սանդուի հետ

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:

- Երկուշաբթի օրը Փաշինյանը մեկնեց Բրյուսել, ապա Փարիզ, լուսանկարվեց արեւմտյան գործիչների հետ, որոնք հիմնականում  պրոադրբեջանական կողմնորոշման են, հրապարակեց լուսանկարներ` թերեւս ցույց տալու, որ շարունակում է դեպի Արեւմուտք կուրսը: Մի քանի շաբաթ առաջ էլ Միրզոյանն էր Լավրովին հավատացնում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգ չունի: Ի՞նչ պրոցեսներ են:

- Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, մտադրությունները պետք է կապել մեկ խնդրի հետ` իշխանության վերարտադրում: Խոսել այն մասին, որ Փաշինյանն արեւմտամետ է, ռուսամետ է, ասել, որ նա ցանկանում է ԵՄ անդամության հարց լուծել կամ մնալ ԵԱՏՄ կազմում, դրանք՝ բոլորը, այսրոպեական, օրվա կտրվածքով մտադրություններ ու քայլեր են, որոնք պայմանավորված են բացառապես մեկ խնդրով` ամեն գնով պահել իշխանությունը: Նրան այս պահին իշխանությունը պահելու համար հարկավոր է խաղաղության պայմանագրի մի թղթի կտոր, որպեսզի հանդես գա դրանով եւ հայ ժողովրդին ասի` տեսեք, ես ձեզ բերում եմ խաղաղություն, իսկ այլընտրանքը լինելու է պատերազմ: Նա ամեն ինչի պատաստ է՝ դրան հասնելու համար, անգամ կարող է մահմեդականություն ընդունել, միայն թե պայմանագիրը կյանքի կոչվի: Այդ իմաստով նրա քայլերը բնութագրել-վերլուծելը պարզապես անշնորհակալ գործ է: Նա մեկ շաբաթվա ընթացքում կարող է մի քանի անգամ հակասել ինքն իրեն: Մեկ հայտարարում են, որ գնում են դեպի ԵՄ, հաջորդ օրը Սերգեյ Լավրովը գալիս է Հայաստան, հավաստիացնում են, որ մնում են Ռուսաստանի կողքին: Այս խմբակից պարզապես ամեն ինչ սպասելի է: Նրանք որեւէ ստրատեգիական պատկերացում չունեն, թե Հայաստանը որ ուղղությամբ պետք է շարժվի: Օրվա կուրսով շարժվող մարդկանց պարագայում իրավիճակը հենց այսպիսին է լինում: Այժմ օրվա կուրսը պահանջում է, որ խաղաղության պայմանագիր կնքվի: Երբ այն կյանքի կոչվի, նա այդ թղթի կտորը կվերցնի եւ Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում ելույթներ կունենա ու կհայտարարի, որ ինքը խաղաղություն է բերել: Նրա հույսն այն է, որ գոնե այդ ճանապարհով իր 10 տոկոսանոց վարկանիշը կարող է դառնալ 20 տոկոս, դրան էլ վարչական ռեսուրսները գումարած, նա կարծում է, որ կարող է վերարտադրվել: 

- Բայց ակնհայտ է, չէ՞, որ Փաշինյանին հրավիրում են Եվրոպա՝ գուցե որոշ հարցադրումներ անելու կամ ինչ-որ բան ցույց տալու նպատակով: Ինչո՞ւ, ո՞րն է նպատակը:

- Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում նկարվեցին, նույն դիրքով եւ նույն ժպիտով այնտեղ լուսանկարվեցին նաեւ Մոլդովայի ղեկավար Սանդուի հետ: Այսինքն` Արեւմուտքն այսօր խոր ճգնաժամի մեջ է հայտնվել: Ռուսաստանի հետ ունեցած հակամարտությունը շարունակվում է, տեղի է ունենում Արեւմուտք-Ռուսաստան հիբրիդային պատերազմ, որն ուկրաինական ճակատում տեղի է ունենում ուղիղ պատերազմի տեսքով: Արեւմուտքը Ռուսաստանին պատերազմ է հայտարարել` ուկրաինական բանակի միջոցով: Սա փաստ է: Այս տեսանկյունից Արեւմուտքի համար ցանկացած երկիր, ցանկացած ղեկավար, ում հետ հնարավոր է պայմանավորվել` ՌԴ-ի հետ մաքսիմալ բացասական հարաբերություններ ստեղծելու համար, ողջունելի է եւ ընդունելի: Նույն Բրյուսելում Ֆոն դեր Լայենը Վրաստանի ղեկավար Կոբախիձեի հետ չողջագուրվեց, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանն իր ծրագրերով եւ քաղաքականությամբ շատ ավելի մոտ է Եվրամիությանը, քան Հայաստանը: 2022 թվականին Եվրամիությունն արդեն իսկ հաստատել էր այն մեծ ծրագիրը, ըստ որի՝ Վրաստանը պետք է դառնար ԵՄ անդամ, սակայն, քանի որ Վրաստանի իշխանությունները բացահայտեցին, թե Արեւմուտքն ինչ է ուզում Վրաստանից․ Արեւմուտքն ուզում էր Վրաստանը երկրորդ ճակատ բացի ՌԴ-ի դեմ` ռուս-ուկրաինական պատերազմում: Արեւմուտքին, որպես ԵՄ անդամ, Վրաստանը հետաքրքիր չէ: Վրաստանի իշխանություններն էլ պնդեցին, որ չունեն նման ռեսուրս եւ չեն կարող ներքաշվել այդ պրոցեսների մեջ: Արեւմուտքի համար տարածաշրջանի երկրները հետաքրքիր են որպես մանրադրամ` ՌԴ-ի դեմ, ուրիշ ոչ մի խնդիր: Զարմանալի է, որ նույնիսկ 270 միլիոն եվրոն, բառի բուն իմաստով՝ «քոփի» արած թիվ է: Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, Մոլդովայում նույնպես՝ մոտավորապես այդքան մարդ, նույն ծրագիրն են ներկայացնում: Նպատակը Հայաստանին, Մոլդովային Ռուսաստանից մաքսիմալ հեռու պահելն է: Արեւմուտքը նաեւ որոշակի շողոքորթությունների է դիմում` Փաշինյանին ՌԴ-ից հնարավորինս հեռու պահելու համար: Բայց եթե Մոլդովայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է, ապա Հայաստանն ունի մեծ կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, ուստի Արեւմուտքը եւս ձգտում է հայտնի «Խաղաղության պայմանագրի» հաստատմանը՝ հետագայում առավել կտրուկ գործողությունների մեջ Հայաստանին ներգրավելու համար:

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը շատ մոտ է:

- Հաշվի առնելով այն, որ կա Զանգեզուրի միջանցքի հարց, եւ Հայաստանը չէր կարող բացահայտ այդ միջանցքն Ադրբեջանին կամ Թուրքիային հանձնել: 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով պետք է բացվեին նաեւ կոմունիկացիաները, սակայն Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի այդ համաձայնագրի դրույթները վիժեցվեն: Նոյեմբերի 9-ի համաձայնագրով Լաչինի միջանցքի եւ Արցախի հարցն անորոշ էր: Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Բրյուսելում ստորագրեց մի փաստաթղթի տակ, որը լեգիտիմացրեց ադրբեջանական կողմի զավթողական քաղաքականությունը: Այդ ամենի արդյունքում Ալիեւը, նոր համաձայնագիրը ձեռքին, հայտարարեց, որ ռուսական զորքը պետք է հեռանա Արցախից, քանի որ Փաշինյանն ամբողջ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանն այդ փուլում հայտարարում էր, որ Արցախը զոհաբերել է, որպեսզի Զանգեզուրի միջանցքը չհանձնի: Նա ստում էր, նոյեմբերի 9-ի պայմանագրով ամեն ինչ այլ էր: Նիկոլ Փաշինյանը ստախոս է, նա ժողովրդին խաբել է կանխամտածված: Այժմ էլ ասում են, որ միջանցքը ոչ թե Ադրբեջանին կամ Թուրքիային են տալիս, այլ` մասնավոր ամերիկյան ինչ-որ ընկերության: Մեր հանրության հատկապես քաղքենի զանգվածն ընդունում է այդ մոտեցումը, մինչդեռ հասկանալի է, որ մեր տարածքը սպասարկելու է օտարերկրյա շահեր: ԱՄՆ-ն խոր հակամարտության մեջ է ՌԴ-ի եւ Իրանի հետ, փոխարենը դաշնակից է Թուրքիայի հետ: Ստացվում է, որ այդ՝ մասնավոր ընկերություն կոչվածը նույնպես ներկայացնելու է Թուրքիայի շահերը:

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image