Երկու կարեւոր այց

Երկու կարեւոր այց

Երեկ երկու նշանակալի հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեկը, անշուշտ, մեր հարեւան Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այցն է Հայաստան։ Ներքին գործերի նախկին նախարար Գախարիան ընդամենը սեպտեմբերի 8-ին է ընտրվել վարչապետի պաշտոնում եւ «Վրացական երազանք» կուսակցության՝ իշխանության գալուց ի վեր, այսինքն՝ 2012-ից սկսած, Վրաստանի թվով հինգերորդ վարչապետն է։ Մյուս նշանակալի հանդիպումը, անշուշտ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումն է։ Ինչու եմ այս երկու հանդիպումները դնում մի շարքում։ Որովհետեւ Հայաստանի ու Արցախի հարաբերություններում վերջին ամիսներին այնպիսի լարում է առաջացել, որ մեզ մնում է միայն ուրախանալ երկու հայկական պետությունների ղեկավարների հանդիպման փաստից եւ հուսալ, որ սառույցը գուցե հալվում է։ Կամ՝ վրա է հասնում այն գիտակցությունը, որ մեր պետությունների շահերից բոլորովին չեն բխում «խռով պահելն» ու հարցերը միջնորդների միջոցով կարգավորելը։ Հուսանք, որ ե՛ւ Բակո Սահակյանը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանն այս ամենը հասկանում են։ Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետի այցին, ապա մեր մերձավոր հարեւանի հետ մենք տնտեսական ոչ սերտ կապեր ունենք, չկարգավորված հարցեր, Վրաստանում հայ համայնքի եւ Վրաստան այցելող հայազգիների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարոտ են։ Եվ այս հանդիպումները պետք է նպաստեն դրանց լուծմանը։ Ճիշտ է՝ օտար երկրի վարչապետի այցն ինքնասիրություն շոյող փաստ է։ Եվ վատ չէ, որ մեր վարչապետը շփվում է ու ընկերություն անում այլ երկրների վարչապետերի հետ, բայց նման այցերը, բացի տուրիստական ու ճանաչողական լինելուց, նաեւ պետք է մեր երկրին ու աշխարհասփյուռ հայությանն օգտակար լինեն։ Նրանք պետք է օր օրի զգան, որ ինչ-որ հարցեր կարգավորվում են։