Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ճաշկերույթի հետ կապված կլինեն ստուգումներ, թե ոչ

 Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ճաշկերույթի հետ կապված կլինեն ստուգումներ, թե ոչ

Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստ է ուսումնասիրել ցանկացած դեպք՝ անկախ անձի դիրքից կամ հանրային կարգավիճակից։ Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հավաստմամբ՝ կառույցն ունի լիարժեք ազատություն ստուգումներ անցկացնելու, այդ թվում՝ այն դեպքերի վերաբերյալ, որոնք առնչվում են վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին։

Նա ընդգծել է, որ եթե հասանելի դառնան տվյալներ, որոնք կարող են վկայել հանցագործության մասին, ապա կկիրառվեն ինչպես օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնպես էլ անհրաժեշտության դեպքում կսկսվի վարույթ՝ օրենքով սահմանված կարգով իրականացնելու նախաքննություն։

Լրագրողների հարցին, թե արդյոք Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված և 1 միլիոն ու ավելի դրամ արժեցող ներկայացված ճաշկերույթում կոռուպցիոն բաղադրիչ տեսնում է, Նահապետյանը պատասխանել է, որ հարցը միանշանակ չէ և դժվարանում է հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Միաժամանակ նա շեշտել է, որ թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեն, թե՛ դատախազությունը մշտապես մոնիթորինգի միջոցով հետևում են ինչպես իրենց ստացած հաղորդումներին, այնպես էլ մամուլում հրապարակված տեղեկատվությանը։

Նա վստահեցրել է՝ եթե արձանագրվում են հանցագործության մասին խոսող տվյալներ, ապա անպայման նախաձեռնվում է համապատասխան ընթացակարգ՝ օրենքի տառին համապատասխան։