Հայաստանի 27 հերոսներից առնվազն 17-ը կարող են կոչումազրկվել

Հայաստանի 27 հերոսներից առնվազն 17-ը կարող են կոչումազրկվել

Եթե Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը, այլեւ Հայաստանի դպրոցական դասագրքերը եւս կգրվեն Ադրբեջանի եւ դրա նախագահ Իլհամ Ալիեւի թելադրանքով: «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու փաշինյանական առաջարկն առնվազն թելադրված է բացառապես Ալիեւի կողմից, չնայած Փաշինյանը դրան այլ հիմնավորում է փորձում ներկայացնել: Գավառում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ նա դեմագոգիկ ձեւով ասում է, թե մի խումբ մասնագետներ իրեն դիմել են «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկով, ինքն էլ ցնցվել է այդ առաջարկից, թե ինչու այդ միտքը նախկինում իր մոտ չի առաջացել: «Էս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի»,-  հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ այդ ցնցվածության ազդեցության տակ ավելացրեց. «Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության դրվագներով, այսինքն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով»:

Փաշինյանի այս հայտարարությունից հետո շատ պատմաբաններ, փորձագետներ եւ շարքային մարդիկ փորձում են ռացիոնալ բացատրություն գտնել այն հարցին, թե ինչու է Փաշինյանը որոշել փոխել դպրոցական պատմության դասագրքերի անվանումները, ինչու է որոշել անդրադառնալ թեմաների, որոնցից ինքը չափազանց հեռու է՝ պատմությանը եւ կրթությանը: Շատերը հարց են տալիս, թե հիմա Կիլիկիայի պատմությունը Հայաստանի՞ պատմություն է, թե՞ ոչ, կամ՝ արդյո՞ք Հայաստանի պատմություն են մեր ժողովրդի պատմության այն դրվագները, երբ Հայաստանի պետականություն գոյություն չի ունեցել, իսկ Հայաստանի տարածքը գտնվել է այս կամ այն պետության կազմի մեջ: Թե՞ Հայաստանի պատմությունը վերջին 100-ամյակն է`1918 թվականից սկսած, երբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ դրանից առաջ Հայաստան ընդհանրապես գոյություն չի ունեցել, ինչպես պնդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելը լրիվ այլ նպատակ եւ տրամաբանություն ունի, եւ դա ոչ մի կապ չունի մեր ժողովրդի եւ նրա հազարամյա պատմության հետ, այն կապ ունի Փաշինյանի՝ իշխանության մնալ-չմնալու հետ, քանզի միայն այդ հարցն է մտահոգում նրան: 

Իսկ ի՞նչ կապ ունի Հայոց պատմությունը Փաշինյանի՝ իշխանության մնա-չմնալու հետ: Հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ուսուցանվող Հայոց պատմության դասագրքերում մեր նորագույն պատմությունը ներկայացված է այնպես, որ այն սպառնում է Փաշինյանի իշխանությանը: Պատմության դասագրքերում Արցախյան շարժումը ներկայացվում է որպես ազգային-ազատագրական պայքարի մի դրվագ, երբ հայ ժողովուրդն իր հերոսական պայքարի շնորհիվ ազատագրեց հայրենիքի մի մասը, այնտեղ ձեւավորվեց նոր հայկական պետականություն, այդ ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներն ու նահատակները ներկայացվում են որպես հերոսներ: Մի՞թե Ադրբեջանը կարող է հանդուրժել, որ հայ երեխաները կրթվեն եւ դաստիարակվեն նման պատմությամբ, որպես օրինակ ունենան Ադրբեջանի դեմ կռված եւ հաղթանակած հայ հերոսներին: Ադրբեջանը դա դիտարկում է որպես ռեւանշիզմի դրսեւորում եւ պահանջում, որ Փաշինյանը փոխի պատմությունը, վերաշարադրի այն իր ուզած ձեւով: Երեւի Փաշինյանն Ալիեւին խնդրել է այդ պահանջը չհրապարակայնացնել` խոստանալով, որ ինքն այդ հարցը կլուծի ներքին կարգով, հայտարարելով, որ դա ինչ-որ մասնագետների, կրթության եւ գիտության նախարար Ժաննա Անդրեասյանի նախաձեռնությունն է, ինքն էլ շատ ցնցվել եւ ոգեւորվել է այդ նախաձեռնությունից եւ որոշել է այն կյանքի կոչել:
Իսկ ինչպե՞ս պատմության դասագրքերից հեռացնել Արցախյան շարժման, Արցախի առաջին պատերազմի եւ Արցախի Հանրապետության պատմությունը, ինչպե՞ս հայ երեխաներին ասել, որ հազարավոր հայ մարդիկ, ովքեր մասնակցել են այդ շարժմանը, ովքեր կռվել եւ հերոսացել են այդ պատերազմում, ամենեւին էլ հերոսներ չեն, նրանք «մեռել են հանուն ոչնչի»: Փաշինյանի տրամաբանությամբ՝ դա կարելի կլինի անել պատմության դասագրքերի անվանումները փոխելու աճպարարության շնորհիվ, հնարավոր կլինի ասել, որ Հայաստանի պատմության դասագրքերում չի կարելի գրել Արցախի Հանրապետության մասին, չի կարելի գրել Արցախյան ազատագրական պատերազմի մասին, քանի որ Արցախը Հայաստան չէ, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ քանի որ Արցախը Հայաստան չէ, ինչո՞ւ պետք է դրա մասին գրվի «Հայաստանի պատմություն» կոչվող դասագրքում: Ես չեմ բացառում, որ Ալիեւի պարտադրանքով «Հայաստանի պատմություն» կոչվող դասագրքերում գրվի նաեւ, որ առաջին Արցախյան պատերազմը եղել է ոչ թե ազգային-ազատագրական, այլ նվաճողական, Հայաստանն ագրեսիայի է դիմել Ադրբեջանի դեմ, եւ դրա մասնակիցներն էլ ագրեսորներ են: 

Հայաստանի Հանրապետությունն ունի 27 Ազգային հերոս, նրանցից 17-ն այդ կոչմանն արժանացել են «Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության եւ անմնացորդ նվիրումի» կամ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման եւ կայացման, հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների» համար։ Նրանց մեծ մասը զոհվել է Արցախում, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես, օրինակ, Ազգային հերոսի կոչման արժանացած Վահագն Ասատրյանը, ով հերոսացել է Հադրութի պաշտպանության համար մղված մարտերում: Երբ Փաշինյանը նրան հերոսի կոչման է արժանացրել, այն ժամանակ Հադրութը դեռ հայրենիք էր, հետո միայն պետք է Ալիեւը եւ Արեւմուտքը Փաշինյանին պարտադրեին, որ նա հայրենիք հռչակի բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքը կամ այն, ինչ կմնա այդ տարածքից: Ալիեւը ստիպելու է, որ Փաշինյանը չեղարկի նրանց հերոսի կոչումները, եւ Փաշինյանը դա անելու է՝ մեզ զրկելով մեր հերոսներից ու պատմությունից: Դավաճանները եւ թշնամու գործակատարները չեն կարող հանդուրժել հերոսների գոյությունը:

Ավետիս Բաբաջանյան