Սպերցյանը ՊՍՎ-ում․ Վարդան Մինասյանը կարծիք է հայտնել

Սպերցյանը ՊՍՎ-ում․ Վարդան Մինասյանը կարծիք է հայտնել

Ինչպես գրում են մարզական հեղինակավոր պարբերականները, եվրոպական մի շարք ակումբներ շարունակում են հետաքրքրվել ու ցանկանալ իրականացնել Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» տաղանդավոր կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։ Ինքը՝ ֆուտբոլիստը, սակայն, վերջերս լրագրողների հետ զրույցում հերքել էր իր՝ այլ ակումբ այս պահին տեղափոխման մասին բոլոր տեսակի խոսակցությունները։ Ասում են Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվում են իտալական «Ֆիորենտինան», ՊՍՎ-ն, անգամ խոսվում է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։

«Սպերցյանն արդեն 22 տարեկան է։ Սա հիանալի տարիք է ու արդեն ժամանակն է Եվրոպա տեղափոխվելու համար։ Այս փուլում ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելը միանշանակ ճիշտ կլինի։ Իմ կարծիքով՝ Սպերցյանի համար այս պահին ՊՍՎ-ն լավ տարբերակ է։ Այո, առաջնությունը եվրոպական թոփ 5 առաջնությունների ցանկում չէ, բայց բոլորին է հայտնի, որ այդ առաջնությունից շատ ֆուտբոլիստների է հաջողվել տեղափոխվել շատ ավելի ուժեղ առաջնություններ»,- նման կարծիք  է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
«Էդուարդի ոճը համապատասխանում  է հոլանդական ֆուտբոլի դպրոցին։ Սա, իսկապես, վատ տարբերակ չէ։ Ուր էլ նա տեղափոխվի, պիտի տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ խաղաժամանակ կունենա, պահեստայինների նստարանին նստել պետք չէ»,- հավելել է Մինասյանը։