Չինաստանը կորոնավիրուսային իրադրության մասին իր տվյալները նվազեցված է ցույց տվել․ Bloomberg

Չինաստանը կորոնավիրուսային իրադրության մասին իր տվյալները նվազեցված է ցույց տվել․ Bloomberg

Ամերիկյան հատուկ ծառայությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված գաղտնի զեկույցում հայտարարել են, որ Չինաստանը կորոնավիրուսային իրադրության հետ կապված իր տվյալները կանխամտածված կերպով ներկայացրել է նվազեցված։ Խոսքը վերաբերում է ինչպես ընդհանուր տարածվածությանը, այնպես էլ մահացության դեպքերին։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը, նշելով, որ զեկույցը ներկայացվել է Սպիտակ տուն անցյալ շաբաթ։

Լրատվամիջոցի աղբյուրները չեն ներկայացրել զեկույցի ամբողջ բովանդակությունը եւ նախընտրել են, որպեսզի իրենց անունները գաղտնի պահվեն, քանի որ զեկույցը գաղտնի է, սակայն նշել են, որ Չինաստանի ներկայացրած պաշտոնական պատկերը, կապված այդ երկրում կորոնավիրուսային իրադրության հետ, ամբողջական չէ։ Ամերիկյան կողմը, ըստ հրապարակման, կարծում է, որ Չինաստանը միակ երկիրը չէ, որ կեղծ թվեր է ներկայացնում։ Նման կերպ, ըստ ամերիկացիների, վարվում են նաեւ Ինդոնեզիան, Ռուսաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան, իսկ ահա Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը կարող են փորձել նվազեցված վիճակագրություն ներկայացնել։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ էր արել պետություններին ավելի թափանցիկ լինել համաճարակի մասին տվյալների հարցում, իսկ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ չի հավատում Չինաստանի ներկայացրած թվերի հավաստիությանը։