Եթե ադրբեջանցիներին կապ է պետք իրենց մեծ եղբոր հետ, Ղազախի երկաթգիծն աշխարհագրորեն ավելի նպատակահարմար կարող է լինել

Եթե ադրբեջանցիներին կապ է պետք իրենց մեծ եղբոր հետ, Ղազախի երկաթգիծն աշխարհագրորեն ավելի նպատակահարմար կարող է լինել

Ռուսական «Կոմերսանտ» թերթի հրապարակած քարտեզի համաձայն՝ նախատեսվող երկաթուղային ճանապարհներից մեկը սկսում է մայրաքաղաք Երևանից, գնում է Նախիջևանով դեպի Իրան, իսկ մյուս ճյուղը՝ Երևանից Նախիջևանով, Սյունիքի մարզի Մեղրի համայնքով և Ադրբեջանի Հանրապետությունով դեպի Ռուսաստան Դաշնություն։ Մյուս երթուղին էլ սկսում է Թուրքիայի Հանրապետության Իգդիր քաղաքից, անցնելով Նախիջևանով ու Մեղրիով՝ հասնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։

Քարտեզը տարածվել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված փաստաթղթի հրապարակումից հետո։

«Հրապարակը» Սյունքի մարզի Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հրավիրված եղել է Կառավարությունում հունվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը, որը վերաբերում էր Սյունիքին։ Մխիթարյանն ասաց, որ վարչապետի մոտ հրավերից տեղյակ չէ։

«Նախ, ընտրության հնարավորություն մենք չունենք։ Սա պարտադրված որոշում է, որքանով ես եմ հասկացել։ Նոյեմբերի 9-ի պարտության հետևանքով, կարելի է ասել կապիտուլյացիոն ակտի հետևանքով մեզ ճանապարհ տալը պարտադրված է։ Իհարկե, ցանկալի չէր, ցանկալի կլիներ, որ մեր պետությունն ինքը դիմեր այդ քայլին՝ որպես տնտեսական, կամ թեկուզ աշխարհաքաղաքական շահ հետապնդող։ Տվյալ պարագայում սա պարտադրված քայլ է։ Բայց պարտությունն էլ իր չափը, իր ձևն ունի։ Էս կարգի, էսպես անտեր թողած, առանց հարցնելու, թե ոնց պետք է գնա, ոնց չպետք է գնա։ Կատարման մեխանիզմի մասին ոչ մի տեղեկություն չունենք։ Օրինակ՝ թեկուզ պարտադրված քայլ էլ է, եթե երկրորդ տրանզիտ էլ է անցնելու, մեզ գոնե ինչ-որ ինֆորմացիա տան։ Թեկուզ տրանզիտային ճանապարհ է անցնելու, մեր պետությունը դրանից բան ստանալու է, թե չէ, ինչ-որ դիվիդենտ ստանալու է, թե ոչ։ Ինչ մեխանիզմով է մտնելու, կայարան լինելու է, թե չէ։ Հայաստանը մասնակից լինելու է այդ միջանցքին, ով է լինելու այդ երկաթգծի տերը, կամ ֆինասավորողը, կառուցողը, դրանից հետո սպասարկողը։ Բազմաթիվ հարցեր կան»,- կոմունիկիացիաների վերաբերյալ իր հարցականները հայտնեց Մեղրիի համայնքապետը։

Ըստ նրա՝ այս հարցերը պատասխաններից հետո միայն հնարավոր կլինի գնահատականներ հնչեցնել, իսկ «Կոմերսանտ» թերթն իր տարբերակն է տպագրել։

Հարցին՝ «ի՞նչ անվտանգային խնդիրներ եք տեսնում, եթե քարտեզով նախատեսված երթուղիները լինեն», պատասխանեց, որ կախված է նրանից, թե ինչ է նկատի առնվում։ «Զուտ ֆիզիկապես այդ երկաթգծի առումով եթե նշված է, որ անվտագությունն ապահովում են ռուսական սահմանապահ զորքերը, որոնք հենց հիմա էլ հայ-իրանական սահմանի անվտանգությունն են ապահովում, իմ կարծիքով, խնդիր գրեթե չկա։ Որովհետև տեսնում ենք, թե ինչ մակարդակով են կարողանում իրականացնել հայ-իրանական սահմանի պահպանությունը, հույս ունենք, որ նույն մակարդակով երկաթգծի անվտանգությունը կապահովեն՝ երկու կողմերի համար էլ։ Մի քիչ էլ անհասկանալի է, որ այդ երթակուղու անվտանգության մասին խոսվի մեր կողմից, որովհետև այդ անվտանգությունով ավելի շատ պետք է մտահոգված լինեն տրանզիտով այդտեղով անցնողները, ոչ թե մենք, որ այդտեղ ապրում ենք»,- նշեց Զաքարյանը։

Ըստ նրա՝ տնտեսական անվտագության առումով լուրջ վտանգներ կան, քանի որ Հայաստանը լուսանցքում է մնում, բեռնաշրջանառությունը լուսանցքում է մնում։ «Հայ-իրանական սահմանը դուրս է մնում։ Եթե ադրբեջանցիներին կապ է պետք է իրենց մեծ եղբոր հետ (Թուրքիա - ՀՐԱՊԱՐԱԿ), օրինակ՝ Ղազախի երկաթգիծն աշխարհագրորեն ավելի նպատակահարմար կարող է լինել, ինչո՞ւ դրա մասին չեն խոսում, միայն Մեղրիի միջանցի մասին են խոսում»,- ընդգծեց համայնքապետը։

Հարցին՝ ուստի ի՞նչ միտում է տեսնում ադրբեջանա-թուրքական շրջանակների կողմից, Զաքարյանը պատասխանեց․ «Եզրակացություններն արդեն թողնում եմ Ձեզ»։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը չցանկացավ գնահատականներ հնչեցնել «Կոմերսանտ»-ի հրապարակած քարտեզի վերաբերյալ։ «Որքանով գիտեմ, դեռ որոշում [կոնկրետ երթուղիների վերաբերյալ] էլ չկա վերջնական՝ Մեղրիով է անցնելու, թե մեկ ուրիշ տեղով։ Մենք տրամաբանում, մտածում ենք, որ 90 տոկոսով Մեղրիով է անցնելու, բայց դեռ վերջնական որոշում չկա»,- նշեց նա։

Հարցին՝ «ըստ Ձեզ՝ մյուս հնարավոր ուղին ո՞րն է կարող լինել», Փարսյանը պատասխանեց․ «Ցանկացած տեղով։ Ենթադրենք, դժվար չէ, որ թունելային տարբերակով անցկացնեն երկաթուղին կամ ցանկացած այլ մայրուղի»։

Հարցին՝ Մեղրիով երկաթուղին անցնելու դեպքում՝ ինչ-որ խնդիրներ տեսնո՞ւմ է Սյունիքի համար, պատախանեց, որ պետք է տարբեր գործոններ հաշվի առնել։ «Անվտանգությունն ինչ ձևաչափով է լինելու, կայանատեղի լինելու է, թե չէ։ Ճանապարհն ինչ տեսք է ունենալու, էստակադայի տարբերակ է լինելու, թե ոչ։ Այսպիսի հարցեր շատ կան։ Քանի դեռ վերջնական որոշում չկա, ձևաչափ չկա, ընտրված չէ, թե ինչ տարբերակով է լինելու, չեմ ցանկանում կարծիք հայտնել»,- եզրափակեց Կապանի համայնքապետը։