Կենցաղային բամբասկոտ կնիկ, ով շատ վատ է ազդում իր ամուսնու վրա

Կենցաղային բամբասկոտ կնիկ, ով շատ վատ է ազդում իր ամուսնու վրա

Մեծ գաղտնիք բացած չեմ լինի եթե ասեմ, որ Հայաստանի վարչապետի կնոջը հանրությունը մի քանի անգամ ավելի շատ է ատում, քան հենց վարչապետին, ով կարծես թե մեր երկրում կատարվածի գլխավոր պատասխանատուն է եւ պետք է ամենամեծ ատելության չափաբաժինը իրեն հասներ: Բայց, որպես կանոն, բարձրաստիճան պաշտոնյայի մերձավոր շրջապատն ավելի շատ է թիրախավորվում` ճիշտ այնպես, ինչպես ժամանակին մարդիկ ավելի շատ ատում էին Սերժ Սարգսյանի մերձավորներին, եղբայրներին, թիմին, քան հենց Սերժ Սարգսյանին եւ այդ մերձավորների արարքների պատճառով են նաեւ մարդիկ մերժում առաջին դեմքերին, որովհետեւ` մի տեսակ կարելի է հանդուրժել, որ երկրի բեռն իր ուսերին տանող անձը երբեմն հունից դուրս գա, կամ` ճոխ ծախսեր անի, կամ` ինչ որ սխալներ թույլ տա, բայց երբ որ նրա շրջապատն է հաբրգում, լկտիանում, ճոխ ծախսեր անում եւ մարդկանց վիրավորում, նրանց նման իրավունք տրված չէ: «Թագավորն ու թագավորի շրջապատը» նույն իրավունքները չունեն: Մարդիկ ոչ թե Աննա Հակոբյանին կամ Մարիամ Փաշինյանին են ընտրել, այլ Նիկոլ Փաշինյանին: 

Իսկ պետության ղեկավարի ընտանիքից հանրությունն առաջին հերթին համեստություն, բարություն, բարեգործություն, ստվերում մնալու ունակություն է ակնկալում: Որ ընտանիքի անդամները լրացուցիչ հարվածի տակ չդնեն առանց այն էլ խոցելի վիճակում հայտնված եւ երկրի համար ճակատագրական բազմաթիվ սխալներ կատարած պաշտոնյային: Եթե Աննա Հակոբյանն իրեն համարում է կիրթ, գրագետ, բանիմաց կին, ով այնքան անհամեստություն ունի, որ որոշել է ստանձնել «անկիրթ» հանրությանը կրթելու դժվարին գործը, պետք է գիտակցի, որ ինքն այնքան ակտիվ է, այնքան հրապարակային ու գրեթե պետական գործունեություն է ծավալում, որ կարող է նաեւ քննադատվել: Ինքն է ստիպել հասարակությանը քաղաքականացնել իրեն, իրեն վերաբերվել որպես պետության ղեկավար եւ ըստ այդմ` նրան մեղադրել մեր երկրի գլխին եկած փորձանքների համար: Պարզ չէ, թե ինչո՞ւ է առհասարակ նա կարծում, որ հայ ժողովուրդը կիրթ չէ, գուցե նման կերպ մտածելու պատճառն այն է, որ այդ ժողովուրդը 2 անգամ վստահել է իր ամուսունուն` երբ պետք է վաղուց հեռացրած լիներ իշխանությունից: Այստեղ, իհարկե, կա ճշմարտության հատիկ: Եթե մեր ժողովուրդը բավարար չափով կիրթ ու գրագետ լիներ, Նիկոլ-Աննա զույգը դեռ 2020-ի վերջին, կամ` 2021-ի ամռանը պատմության աղբամանոցը նետված կլիներ: 

Բայց հիմա ես ուզում եմ այլ բանի մասին խոսել: Նիկոլ Փաշինյանի իշխանության յոթ տարիներին, Աննա Հակոբյանի մասին կարծիք կազմելու բազմաթիվ հնարավորություններ են եղել: Նա ամեն ինչ արել է, որ մարդիկ մտածեն, որ ինքն անզուսպ է, ցինիկ, թեթևամիտ, չար, մաղձոտ, ուշադրության պակաս ունի, խառնակիչ է, բայց որ այսքան գռեհիկ ու անհավասարակշիռ է նաեւ, դա նորություն էր մեզ բոլորիս համար, որը պարզեցինք նրա վերջին գրառումներից: 
Ես միշտ կարծել եմ, որ նա, ի տարբերություն իր ամուսնու, ավելի զուսպ ու սառնասիրտ է, ավելի սթափ է նայում իրավիճակին եւ որպես կին, որպես մայր` ավելի բարի պետք է լինի ու բարյացակամ, չէ որ մեր մայրերն ամեն ինչ ներում են, փորձում են սուր անկյունները հարթել, հաշտության եւ համերաշխության խորհրդանիշներ են իրենց ընտանիքներում, իրենց աշխատավայրերում: Սակայն Եռաբլուրում որդեկորույս ծնողներին սպառնացող, ֆեյսբուքում զոհվածի քրոջը «ոջիլ» անվանող, իրեն քննադատողներին՝ «տխմար», «տգետ» անվանող կինը վերջնականապես պատռեց իր դիմակը և ցույց տվեց, որ որ բոլոր ընգդծված թերությունների հետ մեկտեղ նաև կենցաղային բամբասկոտ կնիկ է, ով շատ վատ է ազդում իր ամուսնու վրա: