Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որ Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք

Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որ Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: 

Իր խոսքում վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան օրը՝ 65-ամյակը: Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց  ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այդ ուղերձը: Ուզում եմ շնորհավորել և ասել, որ շատ բարձր եմ գնահատում Ձեր  գործունեությունը նախագահի պաշտոնում և, ընդհանրապես, այն հանրային քաղաքական գործունեությունը, որը Դուք մեր երկրի հիմնադրման առաջին օրից ունեցել եք Հայաստանի Հանրապետությունում: 

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Դուք այս  ընթացքում ցուցաբերել եք և ցուցաբերում եք Կառավարությանը: Մենք դժվար որոշումներ ենք կայացնում, և նաև շատ  կարևոր է, որ Կառավարությունը, ես զգում ենք Ձեր աջակցությունը բոլոր այն դեպքերում, երբ  նաև համատեղ քննարկումների արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ տվյալ որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին: 

Բայց այս տոնական՝ ծննդյան օրվա, տարեդարձի այցը չեմ ուզում քաղաքական տեքստերով համեմել, մանավանդ, որ այսօր մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկելու ընթացող պրոցեսները: Կրկին ուզում եմ շնորհավորել, շնորհակալություն հայտնել, մաղթել առողջություն և շարունակական գործունեություն՝ ի բարօրություն և ի նպաստ Հայաստանի Հանրապետության»: 

Իր հերթին Վահագն Խաչատուրյանը նշել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն: Շնորհակալություն շնորհավորանքի համար: 

Տարիքը միշտ պետք է գնահատել երևի հենց այդ տարվա հետ կապված, կապ չունի 65 կլինես կամ 60: Ամեն մեկն իր դերն ու տեղն ունի: Եվ հիմա՝ այս տարիքում, ես զգացված եմ, որ  հնարավորություն ունեմ Ձեր, Կառավարության, Ազգային ժողովի հետ միասին  մեր պետության համար այսպիսի կարևոր որոշումներ ընդունելու: 

Ուզում եմ նաև իմ հանդիպումների,  տպավորությունների կամ եզրակացությունների արդյունքում Ձեզ վստահեցնել, որ այն նախաձեռնությունը, որ Դուք անձամբ սկսեցիք, հետագայում դա դարձավ նաև  մոտեցում, սկզբունք, հատկապես հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը գտնելու: Իսկ այդ ձևը Դուք գտաք՝ սահմանազատման հենց այդ աշխատանքներն էր: 

Եվ վստահ եղեք, որ այն աշխատանքը, որ կատարում եք Դուք, Կառավարությունը և այն մարդիկ, ովքեր անձամբ այսօր, այս պահին զբաղված են նաև այդ աշխատանքով, գնահատված է, գնահատվում է Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցների, արժանապատիվ քաղաքացիների, այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են ապրել ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում: 

Ես իրավունք ունեմ այսօր, հենց այս ծննդյան օրը մի փոքր շատ շեշտադրումներ անել այդ ուղղությամբ, որովհետև, ի վերջո, այն ինչ մենք սկսել էինք 1988 թվականին, միտումը դա էր: Ճիշտ է, միգուցե մենք չէինք գիտակցում այն ժամանակ, որ ազատ, անկախ Հայաստան ունենալու ճանապարհն այսպես երկար է լինելու, բայց մենք այսօր ունենք հնարավորություն: Խոսքս ուղղում եմ Ձեզ, որպեսզի շարունակեք այդ հնարավորությունն իրականություն դարձնել: Դա իրականություն դարձնելն արդեն կախված է մեզնից, կոնկրետ՝ Ձեզնից, իշխանությունից, ինձնից՝ որպես ՀՀ նախագահ, և մեր քաղաքացիներից: Իսկ մեր քաղաքացիներին ուզում եմ իմ խոսքն ուղղելով ասել՝  հավատացած եղեք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ  որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի և Հայաստանի Հանրապետությունից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի: 

Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի Հանրապետության հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք:  Մեկ անգամ էլ շնորհակալություն եմ հայտնում»: