Հայրենական զրույցներ

Հայրենական զրույցներ

«Այ, որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահական աթոռը վերադարձներ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այսքան բան տեղի չէր ունենա: Ի մասնավորի՝ Մարտի 1 չէր լինի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ չէին լինի, Նիկոլ Փաշինյանն էլ այսպես չէր վարվի Քոչարյանի հետ: Եզրակացություն՝ Ռոբերտ Քոչարյանը երախտամոռ գտնվեց եւ այսօր ճաշակում է դրա պտուղները»: Հայաստանյան լրատվամիջոցներում նաեւ այսպիսի տեսակետ է շրջանառվում, որ, չնայած իր կենցաղային բնույթին, այնուամենայնիվ, ուշադրություն է գրավում եւ ստիպում է խորհել մի երեւույթի մասին, որը կոչվում է ծանծաղամտություն:

Եվ ուրեմն՝ մեզ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախագահ, իսկ այնուհետեւ Հայաստանի վարչապետ եւ երկրորդ նախագահ դառնալու համար պարտական է միայն ու միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այդ բանը հաշվի առնելով՝ 2008-ին պարտավոր էր նախագահի աթոռը վերադարձնել 10 տարով Հայաստանի քաղաքական դաշտից մեկուսացած Տեր-Պետրոսյանին: Համաձայնենք, որ առանձին քաղաքական եւ պետական գործիչներ երբեմն միմյանց կյանքում եւ կարիերայում որոշակի դերակատարություն են ունենում: Դրանից չես խուսափի հատկապես փոքր երկրներում, ինչպիսին Հայաստանն է, եւ մանավանդ այն հարաբերությունների պայմաններում, որ 1988-ից հետո ձեւավորվեցին Հայաստանի եւ Արցախի միջեւ:

Այսուհանդերձ, ցանկացած հաջորդ ղեկավար, որքան էլ տվյալ երկրում ուժեղ լինեն ազգային ադաթները, չի կարող ղեկավարվել իր նախորդի հանդեպ ունեցած համակրանքներով եւ հակակրանքներով, որովհետեւ այդ երկրի ներսում եւ նրա շուրջ մեկ տասնամյակում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, առաջանում են այնպիսի իրավիճակներ, որոնք ոչ միայն թույլ չեն տալիս վերադառնալ անցյալին, այլեւ ստիպում են այդ անցյալը մոռանալ եւ, որքան հնարավոր է՝ հիմնովին: Չմոռանանք նաեւ, որ 2008-ին տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով հաղթել էր ՀՀԿ-ի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, որի պարագայում նույնպես կարելի է «պնդել», որ Հայաստանի քաղաքական դաշտում է հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորչությամբ եւ աջակցությամբ: Բերեմ եւս մեկ փաստարկ այն մասին, որ «երախտագիտությունն» առնվազն քաղաքական կատեգորիա չէ: 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանությունը խլեց Վազգեն Մանուկյանից՝ մի մարդուց, որին պարտական էր թե՛ անկախության շարժման առաջնորդ, թե՛ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ եւ թե՛ ՀՀ առաջին նախագահ դառնալու համար: Կարո՞ղ ենք հարցնել՝ ինչո՞ւ նա նախագահի աթոռը չզիջեց Մանուկյանին:

Ո՞վ Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրեց պաշտոնից: Այս մասին իր գրքում գրել է Ռոբերտ Քոչարյանը: Մարդկանց, որոնք ավելին գիտեն, քան Քոչարյանն է գրել, մենք չենք ճանաչում, իսկ այդպիսի մարդիկ եթե կան էլ, կա՛մ նախընտրում են լռել, կա՛մ էլ մերկապարանոց հայտարարություններ անել այդ դեպքերի վերաբերյալ: Եվ ուրեմն՝ ո՞վ Լեւոն Տեր-Պետրոսյանին ժամկետից շուտ հեռացրեց իշխանությունից: Արցախից եկած վարչապետ Քոչարյա՞նը… Ինչ-որ հավատս չի գալիս: Իսկ ինչո՞վ էին զբաղված Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ական հավատարիմ զինակիցներն այդ ժամանակ: Նրանք Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո սկսված աննախադեպ առնետավազքի ժամանակ լռեցին, իսկ հետո մեծ մասը տաքուկ տեղավորվեց իշխանության մեջ եւ զբաղվում էր նոր իշխանությանը թուլացնելով ու հարվածելով: 

1999թ. հոկտեմբերի 27: Վահան Շիրխանյան եւ Անդրանիկ Քոչարյան՝ այս անունները բավական չե՞ն հասկանալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ նմաններին քաղաքական գնահատական տալու եւ պատմության աղբարկղը նետելու փոխարեն տանում-դնում ես բարձր պաշտոնների: Ահա եւ քաղաքականության մեջ երախտագիտություն խաղալու հետեւանքը: Տարիներ անց, 2008 թ. նախագահական ընտրություններին, ըստ էության, բախվեցին Տեր-Պետրոսյանին հավատարիմ մնացած ՀՀՇ-ական շրջանակի եւ ՀՀՇ-ից պոկված ու սահուն հանրապետականացած զանգվածի շահերը: Մի կողմում 10-ամյա մենությունից վերադարձած Տեր-Պետրոսյանն էր, մյուս կողմում՝ նրա վերադարձից սարսափող ՀՀՇ-ական մանրապճեղները, որոնք հասցրել էին այդ ժամանակամիջոցում ամրապնդվել իշխանության մեջ ու ՀՀԿ-ում: Մեր կարծիքով՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները պարզապես անխուսափելի էին, եւ դեռ դժվար է ասել՝ ինչով էին դրանք ավարտվելու, եթե չլիներ պետության կոշտ միջամտությունը:

Մեզ ասում են՝ Նիկոլ Փաշինյանն այսպես վարվեց Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետեւ Քոչարյանը երախտամոռ գտնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նրա քաղաքական հոր նկատմամբ: Կենցաղում նման բաներ լինում են, իհարկե, բայց քաղաքականության մեջ ամեն ինչ վերագրել համակրանքներին ու հակակրանքներին, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Եվ դա ճիշտ չէ հատկապես Նիկոլի պարագայում: Ինչու: Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ գործիչ է, նա նման չէ աշխարհի եւ ոչ մի վարչապետի: Փաշինյանը հիշողությունների գերի չէ, նա չունի հիշողություն, որ մի հատ էլ համակրի կամ հակակրի ուրիշներին: Բայց Փաշինյանն ունի կյանքի գիծ, որը բռնած գնում է, ունի կայծկլտուն երազներ, որոնք այդ գծի մեջ իրականացնում է՝ առանց հետեւանքների մասին մտածելու: Փաշինյանը շատ նման է աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ վան Գոգին, որը նկարում էր, նկարում ու նկարում՝ առանց մտածելու, որ մի օր իր նկարների համար միլիոններ են առաջարկելու, իսկ դրանք տեսնելու համար մարդիկ տոմսեր են գնելու՝ եռակի անգամ թանկ վճարելով: Վան Գոգը հանճա՞ր է, թե՞ ոչ: Իհարկե՝ հանճար է: Իսկ Փաշինյա՞նը, որ կրկնօրինակում է Վինսենթ վան Գոգի կյանքը՝ չմտածելով, որ վարչապետը մի բան է, նկարիչը՝ մի ուրիշ բան, որ արվեստում ստեղծագործելը մի բան է, վարչապետի աթոռին նստած որոշումներ կայացնելը՝ միանգամայն այլ բան:

Այվազովսկին «9-րդ ալիքը» նկարելիս կարող է եւ չմտածել Թեոդոսիայի վրա դրա հնարավոր հետեւանքների մասին, բայց վարչապետը չի կարող այնպես պայքարել կոռուպցիայի դեմ, որ կոռուպցիան ավելի ծաղկի, այնպես վերացնել անօրինությունները, որ անօրինությունն ավելի ամրապնդվի երկրում: Վարչապետը չի կարող հետեւանքների մասին չմտածելով՝ ոչինչ չբացահայտած, հայտարարել, որ Մարտի 1-ը բացահայտել է: Եվ, որովհետեւ դրա հետեւանքների մասին չի մտածել, սկսում է դատարաններ փակել, դատավորներին քաշքշել, Սահմանադրական դատարանի նախագահի հետեւից ընկնել:

Տնտեսությունը չի զարգանում, արտաքին քաղաքականությունն է տապալվում, նորանոր մարտահրավերներ ենք ստանում՝ Արցախ, գազի գին, շրջափակում… Բայց Նիկոլի տանձին չի, նրա համար կարեւորն արդյունքն է, որը տակավին չկա, մինչդեռ հետեւանքներն արդեն իրենց զգացնել են տալիս: Վերջապես, ի՞նչ երախտագիտություն պահանջես Նիկոլ Փաշինյանից, որ նույնիսկ ժողովրդին երախտապարտ չէ իշխանության գալու համար: Բոլորին, ում պարտք եմ, մեծահոգաբար ներում եմ՝ սա է Փաշինյանի կարգախոսն այս կյանքում: