Ինչքան նստեց հարկատուների վրա չեղարկված հանրաքվեն․ թվեր ԿԸՀ-ից

Ինչքան նստեց հարկատուների վրա չեղարկված հանրաքվեն․ թվեր ԿԸՀ-ից

Ազգային ժողովը առաջին ընթերցմամաբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ նախագիծը, որի համար արդեն իսկ ծախսվել է ահռելի գումար՝ 125 միլիոն 601 հազար 520 դրամ։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից․
«Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի փետրվարի 9-ի ՆՀ-32- Ն Հրամանագրով 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման աշխատանքները սկսվել են 2020 թվականի փետրվարի 11-ից ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հանրաքվեի գործընթացի անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը սահմանելուց անմիջապես հետո։ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 20-ի N 173- Ն որոշմամաբ ԿԸՀ-ին հատկացվել է 2 միլիարդ 553 միլիոն 49 հազար դրամ, որից ծախսվել է 125 մլն 601 հազար 520 դրամ»,- ասված է ԿԸՀ-ի պատասխանում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև կետերով մեզ ներկայացրեց, թե կոնկրետ ինչ ուղղություններով է ծածսվել 125 միլիոնը․
«1, Քվեարկության համար ընտրողներին տրամադրվող ծրարների, ստվարաթղթե քվեախցերի, էլեկտրոնային եղանակով քվեարկողների համար նախատեսված ծրարների, տեղամասերում ընտրական փաստաթղթերի փաթեթավորման ծրարների տպագրում և պատրաստում՝ 41 մլն 430 հազար դրամ։
2, Քվեարկության համարակալած կտրոնների տպագրում՝ 6 մլն դրամ։
3, Տպագրական աշխատանքների իրականացում 14 մլն 603 հազար դրամ( Ձևաթղթեր, ընտրական հանձնաժողովների անդամների և ընտրական գործընթացի այլ մասնակիցնրի վկայականներ ( մոտ 35 հազար հատ ), ձեռնարկներ և ուղեցույցներ՝ մոտ 25 հազար հատ, տեղամասերում փակցվող իրազեկման և այլ պաստառներ, տեսողության խնդիր ունեցողների համար հատուկ շրիֆտով և բրայլյան եղանակով ձեռնարկներ և այլն):
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար անհատական կնիքների ձեռքբերում՝ 29 մլն դրամ։
5․ Հանրաքվեի փաստաթղթերի և հանրաքվեի մասնակիցների ստորագրած ցուցակների փաթեթավորման մեկանգամյա օգտագործման պարկերի և քվեատուփերի համար պլաստիկ դրոշմակնիքների ձեռքբերում՝ 7 մլն դրամ։
6․Տեղամասային, տարածքային ընտրական հանձնաժողովների համար գրասենյակային գրասենյակային ապրանքների ձեռքբերում՝ 11 մլն 260 հազար դրամ։
7․ Տեղամասերում ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների գործարկման համար պարագաների ձեռքբերում՝ 1 մլն 897 հազար 500 դրամ( Էլեկտրական միացման լարեր, ջերմային գլանաթուղթ)։
8․Ինտերնետ ծառայությունների ձեռքբերում՝ 84 հազար 900 դրամ։
9․ Տեղամասային ընտրական և տարածքային ընտրական հանձանժողովների համար բենզինի կտրոնների ձեռքբերում՝ 12 մլն 17 հազար 600 դրամ։
10․Գործուղամն ծախսեր 130 հազար դրամ։
11․Իրազեկման բնույթի անիմացիոն հոլովակների պատրաստում՝ 725 հազար 400 դրամ։
12․Երևան քաղաքաի թվով 10 տարածքային ընտրական հանձանժողովների օպերատորների վարձատրություն՝ 993 հազար 527 դրամ ( Ժամկետային պայմանագիր), երեք օժանդակ բանվորների և էլեկտրիկի վարձատրություն 458 հազար 282 դրամ ( Ժամկետային պայմանագիր)»,- ասված է ԿԸՀ պատասխանում։

Կենտրանական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ առնվազն 1500 ընտրական տեղամասերից ուղիղ միացումը ապահովելու համար 660 հազար դրամի շրջանակներում պայմանագիր է կնքվել «Յուքոմ» ընկերության հետ, սակայն ԿԸՀ-ն նշում է, որ պայմանագրի շրջանակներում վճարումների հետ կապված ինֆորմացի կարող են տրամադրել միայն պայմանագիրի պարտավորությունների դադարեցումից հետո։ Ավելի վաղ ԿԸՀ-ից մեզ տեղեկացրել էին նաև, որ կառավարության որոշմամաբ տրամադրված 2 միլիարդ 553 միլիոն 49 հազարմի չծախսված մասը ենթակա է վերադարձման պետական բյուջե։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ պետք է անեն արդեն իսկ գնված ապրանքները։ Մուկուչյանը վստահեցրեց, որ գնված ապրանքների 80 տոկոսից ավելին հետագայում այլ ընտրությունների ժամանակ օգտագործվելու է․
«Ծրարները, ընտրախցերը, անհատական կնիքները, պարկերը, բենզինը, գրիչները, լարերը, տպագրված  որոշ ուղեցույցեր, ընդհանուր առմամաբ ձեռքբերված գույքի  80 տոկոսից ավելին հնարավոր է օգտագործել նաև հետագայում»,- ասաց Մուկուչյանը