Մեզ տրամադրվել է որոշակի տեղեկատվություն, սպասում ենք հավելյալ հստակեցումներին.սահմանամերձ Տեղի համայնքապետը՝ սպասվող փոփոխությունների մասին

Մեզ տրամադրվել է որոշակի տեղեկատվություն, սպասում ենք հավելյալ հստակեցումներին.սահմանամերձ Տեղի համայնքապետը՝ սպասվող  փոփոխությունների մասին

Հայտնի եռակողմ համաձայնագրից հետո ՀՀ  մի շարք համայնքներ սահմանամերձ են դառնում: Քարվաճառի, Լաչինի  հանձնումից հետո պատկերն ամբողջությամբ փոխվում է: Սյունիքի մարզի Տեղ համայնքը Լաչինին մերձակա համայնքներից է: Hraparak.am-ի զրուցակիցը Տեղի համայնքապետ Ներսես Շադունցն է: 

-Պարոն Շադունց, հայտնի համաձայնագրի համաձայն՝ փաստորեն ՀՀ սահմանամերձ տարածքները նոր քարտեզագրմամբ  փոփոխության են ենթարկվելու: Տեղ համայնքն  արդեն իսկ թիրախային է, իսկ տարածքները հակառակորդին հանձնելու օրերը հաշված են: Որևէ կերպ կմեկնաբանե՞ք կատարվածը: 

- Պատերազմի առաջին իսկ օրից մեր համայնքն ամբողջովին անցավ արտակարգ ռեժիմով աշխատանքի։ Գիտակցելով պահի կարևորությունը՝ սահմանների պաշտպանության համար ոտքի կանգնեցին բոլորը։ Մեծ ծավալի աշխատանքներ իրականացրինք, թե առաջնագծում, թե թիկունքում, բայց դրա մասին ավելորդ եմ համարում խոսել։ Այժմ էլ մենք փորձում ենք այս ծանր բեռի մի մասը վերցնել համայնքի վրա՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն մեր սահմանների պաշտպանության գործին։

-Համայնքային իշխանություններն ինֆորմացվա՞ծ են, դետալների հստակություն, նախանշումներ կա՞ն:

 - Մեզ տրամադրվել է որոշակի տեղեկատվություն։ Սպասում ենք հավելյալ հստակեցումներին և հանձնարարություններին։ Սակայն, անկախ ամեն ինչից, մեր կողմից այս պահին արվում է առավելագույնը՝ համայնքում բնականոն առօրյայի կազմակերպման համար։

-Բնակիչների շրջանում անհանգստություն նկատվո՞ւմ է:

- Բնականաբար, կան մարդիկ, որոնք  անհանգիստ են։ Կարծում եմ, որ իրավիճակի կայունացումից հետո այդ անհանգստությունը կանցնի։ Ավելացնեմ նաև, որ պատերազմի շրջանում ոչ ոք ոչ մի օրով դուրս չեկավ տարածաշրջանից։

-  Նախիջեւան- Զանգելան տրանսպորտային միջանցքի հետ կապված մտահոգություններ չունե՞ք, տարածված կարծիք կա, որ թշնամու առջև բացվեցին Սյունիքի դարպասները:

- Այդ հարցին դժվարանում եմ պատասխանել, քանի որ հստակ պատկերացում չունեմ այդ միջանցքի կարգավիճակի և գործարկման մանրամասների մասին։

-Ի վերջո, չկտրվելով իրականությունից, կատարվածի մեջ որևէ դրական բան տեսնու՞մ եք, եթե այո՝ո՞րն է այն:

- Դրական եմ համարում, որ ռազմական գործողություններն ավարտվել են։ Ռուս խաղաղապահների առկայությունը վստահություն է ներշնչում, որը հնարավորություն կտա համայնքին վերադառնալ իր բնականոն կյանքին։