Լոռու մարզի Սարչապետ համայնքի նախկին ղեկավար Արգամ Պողոսյանի նախընտրական ուղերձը

Լոռու մարզի Սարչապետ համայնքի նախկին ղեկավար Արգամ Պողոսյանի նախընտրական ուղերձը

Հարգելի համագյուղացիներ, համերկրացիներ և ընդհանրապես Հայ մարդիկ, որ հիմա ընթերցում եք այս տեքստը 

Ինձ իրավունք եմ վերապահում դիմելու Ձեզ՝ պարտավորված զգալով անելու դա, քանզի պահն օրհասական է, և յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր հայ պարտավոր է մասնակցել մեր հայրենիքում՝ Հայաստանում տիրող իրավիճակի ազգանպաստ հանգուցալուծմանը: 

Կարճ նախապատմություն. 2018թ. եղել եմ հայտնի իրադարձությունների հորձանուտում՝ ֆիզիկական, բարոյական և նույնիսկ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով համաժողովրդական շարժմանը: Ինձ ճանաչողները գիտեն,որ այսպես ասած «ընդդիմադիր հոսանքի» մեջ տարբեր ինտենսիվությամբ եղել եմ դեռևս 2008-ից, և 2018-ը ընդամենը պայքարի եզրափակիչ ակորդն էր: Մեկ տասնամյակ տևած ընդվզումը հանգամանքների բերումով այդ պահին գլխավորեց և տրամաբանական ավարտի հասցրեց Ն. Փաշինյանը՝ գործիչ, որին հայ հանրությունը իրապես սիրում էր, և որին դյուրահավատորեն, առանց երկմտանքի վստահեց պետության ղեկը՝ ամենևին չկասկածելով նրա մղումների ազնվությանն ու հայրենիքին նրա նվիրվածությանը: Բայց այդ շարժումը մի նրբերանգ ուներ,որի մասին Փաշինյանը երբեք չի խոսել և չի խոսելու: Այդ շարժմանը մասնակցող մարդկանց 90-92 տոկոսը դեմ էր Ս.Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգմանը, և ոչ թե Փաշինյանի կողմնակիցներն էին: Հայ հանրությունը կտրականապես դեմ էր Սարգսյանի 2014թ. նախաձեռնած Մայր օրենքի արմատական փոփոխությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու և իր իշխանավարումը անհայտ ժամկետով երկարաձգելուն, իսկ Փաշինյանը,որպես փորձառու և հմուտ ընդդիմադիր գործիչ, կարողացավ այդ շարժումը վերածել իր իշխանության գալու գործընթացի՝ հընթացս,թեթև ձեռքով հարյուրհազարավոր բողոքավորներին հռչակելով իր կողմնակիցներ:

Ինչևէ, լինելիքըը եղավ, և Փաշինյանի իշխանության գալը հայ հանրությունը ընդունեց որպես հույսի բացված պատուհան, որն ընդլայնվելով պետք է ապահովեր մեր երկրի բարձր անվտանգությունն ու հանրության իրապես իրավահավասար և բարեկեցիկ գոյությունը: Բայց հաջորդող մի քանի օրերի և շաբաթների ընթացքում սկսեցին նշմարվել պետության ղեկավարին հակացուցված նրա բնավորության գծերը, որոնք շատ կարճ՝ 2-3 տարվա ընթացքում պատճառ դարձան ազգային և պետական խոշոր աղետի, որում հիմա գտնվում ենք բոլորս, անխտիր բոլորս: 

Զղջում ե՞մ 2008-18թթ.ընդդիմադիր դիրքորոշմանս համար. Ոչ,և կրկին անգամ ոչ, քանի որ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա համարում եմ, որ այդպես շարունակել այլևս անհնարին էր, և այն ինչ եղավ, օրինաչափ էր: Այդպես չհամարեի, 2008թ.-ին հրաժարական չէի տա և մինչ օրս կլինեի Սարչապետ համայնքի ղեկավար՝ «շառից,փորձանքից հեռու», և «դինջ կվայելեի» այդ պաշտոնի ընձեռնած հնարավորությունների վրա հիմնված «կուշտ ու հոգսազերծ» կյանքը: Վստահ եմ, որևէ մեկը չի կարող առարկել ասածիս: 

Չկամենալով ծավալվել թեմայի շուրջ ավելին,քան ասվեց, ընդամենը կամենում եմ նշել, որ պարզապես Ն. Փաշինյանը այն գործիչը չէր, որը պետք է գլխավորեր այդ համաժողովրդական ընդվզումն ու դառնար երկրի ղեկավար: Ինչպես ցույց տվեց կյանքը, նա «պրոֆեսիոնալ քաղաքական աճպարարի» որակներին հմտորեն տիրապետող և այդ որակները չափազանց խնամքով քողարկած, փառասիրության հիվանդագին մոլուցքով տառապող մի սովորական ավանտյուրիստ էր, որին ամենադիպուկը բնորոշեց առաջին նախագահը՝ անվանելով «ազգակործան պատուհաս»: Անձամբ ես,երկրի ղեկին գտնվելու նրա անհամատեղելիության մասին սկսել եմ բարձրաձայնել դեռևս 2018թ. հունիս-հուլիս ամիսներից՝ արժանանալով «հեղափոխական» ընկերներիս և բարեկամներիս կշտամբանքին և կոշտ հակադարձմանը : Յուրաքանչյուր խելամիտ ոք դեռևս այդ շրջանից սկսած կարող էր տեսնել նրա և նրա «անհայրենիք թիմակիցների» դեպի անդունդ տանող քայլերի նախանշանները, որոնք կանխել,ցավոք հնարավոր չեղավ: 

Հիմա ներկայի մասին: Մի քանի օրից ընտրություններ են, և առանց դույզն իսկ չափազանցնելու կարող եմ ասել, որ դրանք կյանքի և մահվան ընտրություններ են: Յուրաքանչյուր հայ դեռևս ունի հնարավորություն մահվան ճիրաններից փրկելու արնաքամ լինող Հայաստանը, կամ էլ կամա թե ակամա դառնալու նրա գերեզմանափորներից մեկը: Ես անկեղծորեն և համառորեն չեմ կամենում հավատալ, որ մենք մեր ձեռքով գերեզման կդնենք հայ էթնոսի վերջին հազարամյակի հավաքական ամենակարևոր ձեռքբերումը՝ մեր Պետությունը, և այդ պատճառով է, որ դիմում եմ բոլոր ինձ ճանաչողներին Հայրենիքի, Պետության կողքին լինելու կոչով՝ լինեք Հայաստանում թե արտերկրում: 

Ն.Փաշինյանի և իր ապաշնորհ թիմի հետագա իշխանավարումը մի քանի տարվա ընթացքում անխուսափելիորեն կհանգեցնի պետականության կորստի. դա այնքան պարզ ճշմարտություն է, որ բնավ կարիք չունի ապացուցման, և այս պատեհ շրջանում նրանց անցնցում և անարյուն հեռացումը միակ հնարավորությունն է կործանումից փրկելու այն, ինչ մնացել է Հայաստանի և Արցախի պետականությունից: Նրա և իր թիմի հետագա իշխանավարումը այլևս վտանգավոր է ՀՀ տարածքային ամբողջականության համար. դրա ապացույցն է աղետալի վիճակը, որում գտնվում ենք: Նրան կրկին իշխանություն վստահելու պարագայում միգուցե մի օր արթնանանք և տեղեկանանք, որ մենք այլևս բնակվում ենք ոչ թե ՀՀ Լոռու մարզում, այլ Վրաստանի Բորչալուի գավառում: Քավ լիցի, ասածիս մեջ ամենևին սարկազմ չկա ,այլ կա նման իրական սպառնալիք և այդ սպառնալիքն այսօր կախված է ՀՀ բազմաթիվ բնակավայրերի և ամբողջ Հայաստանի գլխին: Թուրք-ադրբեջանական տանդեմն, իր ահռելի ռեսուրսների գործադրմամբ ամեն ինչ անելու է նրան, որպես «հայկական Էլչիբեյի», իշխանության ղեկին պահելու համար, և մեզ՝ հայ հանրության համար այլևս կենսական պահանջ է Ն.Փաշինյանին քաղաքակիրթ ձևով հեռացնելը այդ ղեկից: 

Ես, որպես համայնքի ղեկավարի թեկնածու, երեք անգամ մասնակցել եմ ընտրությունների, որից երկուսում հաղթել եմ: Երեք ընտրությունների ժամանակ երբևէ, որևէ ընտրողից ձայն չեմ խնդրել. Թե՛ անհատական շփումներում, և թե՛ հանրային հանդիպումների ընթացքում բացառապես օգտագործել եմ «հայցում եմ Ձեր աջակցությունը» եզրույթը, ինչը կհաստատի այդ ընտրությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք: Ինձ համար սկզբունքի հարց է եղել երբեք ձայն չխնդրել ընտրողից: Այսօր ես մի կողմ եմ դնում իմ բոլոր տեսակի սկզբունքներն ու համոզմունքները և ԽՆԴՐՈՒՄ ԵՄ բոլորիդ Ձեր ձայնը տալ «Հայաստան» դաշինքին և երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանին: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ արտերկրում բնակվող իմ բոլոր հայրենակիցներին կապվել այստեղ բնակվող հարազատների և մտերիմների հետ և նույն խնդրանք-հորդորը ուղղել նրանց : 
Քարկոծեք ինձ Ռ. Քոչարյան գործչի բացասական և Ձեզ համար անընդունելի որակների համար, քննադատեք նրան ինչքան սրտներդ կամենա, բայց ընտրեք նրան և «Հայաստան» դաշինքին, քանզի այս պահին նա միակ գործիչն է, որն ի զորու է կանգնեցնելու Հայոց Պետականության գահավիժումն ու նվազագույն կորուստներով դուրս բերելու երկիրն ու հանրությանը այս աղետալի վիճակից : Ցավալի է, բայց այսօր չկա այլ ուժ կամ գործիչ, ով հավակնի պետության ղեկավարի պաշտոնին և կրի այն որակները ,որն ունի Ռ. Քոչարյանը՝ բնատուր ուժեղ կամք, սառնասրտություն, հաշվենկատություն, հավասարակշռվածություն, հաղթողի հոգեբանություն: Գումարած այդ ամենին նրա կուտակած ահռելի և խիստ անհրաժեշտ փորձը՝ ճգնաժամային կառավարման, կորպորատիվ կառավարման և իհարկե վարչապետական-նախագահական կառավարման:

Առանց չափազանցության կարող եմ ասել, որ նրա առկայությունն ու գործընթացին մասնակցելու ցանկությունը այս ծանրագույն շրջանում ինքնին բարեբախտություն է մեր երկրի համար: 
Սա այն պահն է, երբ բոլորս պետք է մի կողմ դնենք մեր նախասիրություններն ու առաջնորդվենք բացառապես պետական շահով: Քաղաքական նախասիրությունների և բանավեճերի ժամանակ ու հնարավորություն մենք դեռ կունենանք, միայն թե հիմա ամրագրենք մեր Պետության հետագա գոյության իրավունքը, ու Աստված մի արասցե` չկորցնենք մեր պետականությունը: 
Ավելորդ չհամարեմ նշել, որ չունեմ ոչ մի անձնական շահագրգռվածություն նման խնդրանքով Ձեզ դիմելու: Ընտրությունների հետ կապված որևէ պաշտոնական գործընթացներում ընդգրկված չեմ, որևէ պաշտոն զբաղեցնելու մղում, ցանկություն և ժամանակ չունեմ, և իմ խոսքը՝ ուղղված Ձեզ, ընդամենը Հայ մարդու, հայաստանցու սրտի խոսք է և ոչինչ ավելի: 

Ալամ աշխարհի հարգելի սարչապետցիներ, համերկրացիներ, արժանապատիվ հայեր, հայոց պետականության հետագա գոյությունը իրապես վտանգված է, և ցանկացած բան առ ոչինչ է պետականության կորստի հետ համեմատած։Այսօր պետականության պահպանությունը գլխավոր հարցն է, որը մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է տարբերակել մնացած բոլոր հարցերից, որոնք այս պարագայում երկրորդական են, երկրորդական են անխտիր բոլոր հարցերը: Այս ընտրությունները սովորական քաղաքական ընտրություններ չեն. այստեղ վճռվում է մեր և մեր սերունդների ազատ հայ մնալու, թե թուրքահպատակ, կամ էլ չգիտեմ ինչահպատակ դառնալու հարցը, վճռվում է Հայրենիք ունենալու կամ կորցնելու՝ Հայաստանի լինել-չլինելու հարցը։ 
Մեր կյանքի երեք ամենակարևոր հասկացություններ են Աստված, Հայրենիք և Ընտանիք: Այսօր վտանգված է Հայրենիքի գոյությունը, ինչը ուղիղ կերպով կապակցված է մեր Ընտանիքների գոյության հետ: 

Բարօրություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին՝ անսալով Ձեր ողջախոհությանը: