ՀԱԿ-ականներն առանցքային պաշտոններ են ստանում

ՀԱԿ-ականներն առանցքային պաշտոններ են ստանում

Թեպետ ՀԱԿ-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները փայլուն չես անվանի (ՀԱԿ-ից հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը երկրին աղետի է հասցրել), այդուհանդերձ, մի շարք առանցքային պաշտոններում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ կամ ՀԱԿ-ին հարող ու համակրող անձինք են հայտնվում։ Նրանց ցանկն այսօրվա դրությամբ բավականին մեծ է, եւ կարծում ենք՝ ընդլայնվելու է․ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան, առողջապահության այլեւս նախկին նախարար Արսեն Թորոսյան, որը երեկվանից բարեհաջող ղեկավարելու է վարչապետի աշխատակազմը, նրա նախկին տեղակալ՝ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյան, որը երեկվանից փոխարինում է Արսեն Թորոսյանին, Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյան, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանի դուստր Դիանա Գալոյան՝ ՀՊՏՀ ռեկտոր, Գագիկ Ջհանգիրյան՝ ԲԴԽ անդամի թեկնածու, ապագայում՝ ԲԴԽ նախագահ, Վահե Գրիգորյան՝ ՍԴ դատավոր, ի վերջո, վարչապետի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյան, ով այսօր շարունակում է լրատվական դաշտում աշխատանքը։ 

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է Սուրեն Սահակյանը, որը քաղաքականություն է մտել վաղ 90-ականներին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք․ 1991-1992թթ․, 1993թ. Հայաստանի հարկային պետական տեսչության պետն էր (այդ տարիներին նրա տեղակալը ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանն էր)։ Կրթությամբ ֆիզիկոս Սուրեն Սահակյանին քաղաքականություն, ապա վաղ 90-ականներին իշխող էլիտա էր մտցրել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ում հետ Սուրեն Սահակյանը լավ հարաբերություններ ուներ մինչեւ բոլորովին վերջերս։ Երկար տարիներ նա ճանաչում ու լավ հարաբերություններ ունի նաեւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այսինքն՝ մարդ, ով ՀՀՇ-ի օրոք է սկսել իր կարիերան։
Իհարկե, Սահակյանը ՀՀ դեսպան նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ 1999-2002 թթ․։ Իր ներկայիս վերադասի՝ Վաղարշակ Հարությունյանի հետ Սուրեն Սահակյանն աշխատել է հենց այդ ժամանակ, երբ 1995-1999թթ. ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչն էր, իսկ Վաղարշակ Հարությունյանն աշխատում էր՝ 1994-1999թթ., ԱՊՀ մասնակից երկրների ռազմական համագործակցության համակարգի շտաբում, 1996-1999թթ. այդ շտաբի պետի տեղակալն ու ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչն էր։ 

Վերջին նշանակումների առումով փաստենք, որ ՀՀ պաշտպանական ոլորտում նշանակվել են 2 պրոռուսական պաշտոնյա՝ նախարարը եւ փոխնախարարը։ 2013 թ․ Tert.am կայքին տված հարցազրույցում, երբ Հայաստանը դեռ ԵԱՏՄ-ին չէր միացել ու բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, Սուրեն Սահակյանն ասել էր․ «Վրաստանը տարանցիկ երկիր է, Հայաստանը՝ ոչ, Վրաստանն ունի ծով, Հայաստանը՝ ոչ, Վրաստանն ունի ավելի լավ բնակլիմայական պայմաններ: Այս երկու երկրների բրենդային ապրանքանիշներն են. Վրաստան՝ ցիտրուսազգիներ, թեյ, գինի, «Բորժոմի», Հայաստանինը՝ ծիրան, խեցգետին, հյութեր, կոնյակ: Որտե՞ղ են դրանք ավելի լավ վաճառվում՝ Եվրոպայո՞ւմ, թե՞ Ռուսաստանում: Հայաստանում արձանագրվում է բրենդային ապրանքանիշների աճ, ավելի մեծ, քան Վրաստանում՝ ռուսական շուկայում իրացման հաշվին: Խոստովանում եմ, որ սա մի փոքր պարզունակ մոտեցում է, բայց մինչ այս մենք լսել ենք միմիայն տեսակետ, տնտեսական մտավարժանքներ, բայց կոնկրետ արտադրության մարդուն՝ ծիրան աճեցնողին ու խեցգետին արտադրողին, չեն լսել, որ թվերով իր մոտեցումները ներկայացնի ու ապացուցի, որ եվրոպական շուկան մեզ համար ավելի բարեկամական է, քան ռուսականը: Միայն կողմ կլինեմ, որ ԵՄ տարածքում հայկական բրենդները վաճառվեն այնպես, ինչպես Ռուսաստանում: Բայց վստահ եմ, որ դրանց արտադրության կազմակերպիչներն ի վիճակի չեն եվրոպական շուկայում իրացման հարց լուծել»։ 

Ինչեւէ, նույն այն օրը, երբ Սուրեն Սահակյանը նշանակվեց, համացանցում հայտնվեցին լուրեր, որ Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ստեփան Դեմիրճյանի տուն՝ համոզելու, որ Դեմիրճյանը հանդիպի Նիկոլ Փաշինյանին՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա բեմականացնելու համար։ Դեմիրճյանը մերժել է առաջարկը, չնայած կարող էր նաեւ ընդունել, որովհետեւ ժամանակին Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ուներ, եւ դա իր՝ լուսանցքում հայտնված կուսակցությունը գովազդելու եւ նորից ասպարեզ բերելու լավ շանս կլիներ։ Ի պատիվ Ս․ Դեմիրճյանի, նա չի գայթակղվել եւ մերժել է իշխանական առաջարկը։