Նամազովի զգուշացումը

Նամազովի զգուշացումը

1993-99թվականներին Հեյդար Ալիեւի օգնական աշխատած Էլդար Նամազովը, որ ներկայումս քաղաքագիտական վերլուծությունների կենտրոն է ղեկավարում, հոդված է հեղինակել, որտեղ զուգահեռ է անցկացնում Թուրքիայում գյուլենականության եւ Ադրբեջանում «ստվերային կառավարության» միջեւ: 

Նամազովն ասում է, որ իշխանության ներսում իշխանություն ստեղծվել է Հեյդար Ալիեւի պաշտոնավարման վերջին շրջանում, եւ այն գլխավորել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը: Որ վերջինս ունեցել է «գորշ կարդինալի» համարում՝ գաղտնիք չէ: Բայց Նամազովն այն կարծիքին է, որ Մեհթիեւի պաշտոնանկությամբ սպառնալիքը չեզոքացված չէ եւ առաջիկայում կարող են ձեւավորվել շատ անսպասելի քաղաքական դաշինքներ: Նամազովը փաստացի զգուշացնում է Իլհամ Ալիեւին, որ պետական կառավարման համակարգում սկսված փոփոխությունները մի պահ կարող են դադարել՝ «ստվերային կառավարության» ճնշման տակ:

Ստացվում է, որ Ադրբեջանում նախագահի իշխանությունը տարիներ շարունակ եղել է անվանական: Նրա փոխարեն որոշումներ կայացրել է աշխատակազմի ղեկավարը, որը միաժամանակ սեփական ճամբարն է ստեղծել՝ առանցքային պաշտոններում նշանակելով իրեն հավատարիմ անձանց: Նազամոզը չի բացառում, որ Թուրքիայի օրինակով Ադրբեջանում էլ հնարավոր է պետական հեղաշրջման փորձ: Սա արդեն ուղղակի ակնարկ է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «ստվերային կառավարության» անդամ է: Հասանովի շուրջ վերջին օրերին ինտրիգային իրավիճակ է ստեղծվել: Իլհամ Ալիեւի հրամանագրով բարձրագույն զինվորական՝ գեներալ-գնդապետի կոչում է շնորհվել Նախիջեւանի համազորային բանակի հրամանատարին, ինչին հետեւեց Հասանովի աղմկոտ հարցազրույցը, որտեղ նա խոսեց ապրիլյան քառօրյայի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարից ստացած զանգի եւ մարտական գործողությունների դադարեցման մասին: Փորձագիտական որոշ հրապարակումներում Հասանովի այդ «բացահայտումն» ընկալվեց այնպես, որ նա ՌԴ պաշտպանության նախարարի հետ մտերմությունն ի ցույց է դնում Իլհամ Ալիեւին: Այն իմաստով, որ Ադրբեջանում պաշտպանության նախարարի հարցը որոշվում է Մոսկվայում:

Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւի եւ Զաքիր Հասանովի միջեւ լարվածությունը բացահայտված իրողություն է, եւ իշխող ընտանիքի մերձավոր Նամազովը փաստացի զգուշացնում է, որ Հասանովը կարող է գնալ ռազմական հեղաշրջման փորձի: Ադրբեջանը փակ երկիր է, տեղեկատվական նման արտահոսք կարող է լինել միայն Իլհամ Ալիեւի իմացությամբ: Ուստի պետք  է սպասել, որ կամ նա արագորեն պաշտոնանկ կանի Զաքիր Հասանովին, կամ գործի կանցնի «ստվերային կառավարությունը»: Ի դեպ, վերջինիս անդամ է դիտարկվում նաեւ ԱԳ նախարար Մամեդյարովը, որի ղեկավարած գերատեսչությունում պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել եւ մի քանի ձերբակալություններ իրականացրել: